ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մշտական կացության կարգավիճակի տրամադրման համար ի՞նչ է հարկավոր: Ո՞ր դեպքում է տրվում նման կարգավիճակ:
Լարիսա Դանիելյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
▪ ապացուցում է ՀՀ-ում իր մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը, կամ
▪ ՀՀ-ում ապահովված է բնակարանով եւ գոյության միջոցներով, կամ
▪ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում, կամ
▪ ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն,
▪ ազգությամբ հայ է:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: