Հայաստանը պետք է վաղուց ճանաչեր Արցախի անկախությունը․ ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։

– Պարո՛ն Սկակով, երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախը ճանաչելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը։ Ըստ Ձեզ՝ այժմ ճի՞շտ է Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը։

– Իմ կարծիքով, Հայաստանը պետք է վաղուց ճանաչեր Արցախը՝ 8-10, նույնիսկ ավել տարիներ առաջ։ Ծիծաղելի է սպասել, որ Ղարաբաղը կճանաչի մեկ այլ երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, եթե նույնիսկ Հայաստանը դա չի արել։ Սակայն հիմա Հայաստանը կկարողանա՞ դա անել, ես այնքան էլ վստահ չեմ։ Ես կարծում եմ, որ ճանաչման մասին հայտարարություններով փորձ է արվում ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա, որպեսզի վերջիններս ավելի ակտիվ աշխատեն կոնֆլիկտի լուծման ուղղությամբ։ Հիմա այս ամենն ավելի շատ խաղ է, ոչ ավելին։ Ես չեմ կարծում, որ այժմ Հայաստանն ունի այնքան ուժ, որ գնա այդպիսի անկախ քայլի, ինչպիսին Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։

– Եթե ի վերջո նախագիծն ընդունվի,  Ռուսաստանը չի՞ համարի, որ Հայաստանն այդ կերպ դուրս է գալիս բանակցային գործընթացից:

– Բանակցային գործընթաց իրապես չկա, այն գոյություն չունի։ Իհարկե այն, որ կա Մինսկի խումբը, բանակցությունների գոյության  իմիտացիա է, այդ պատճառով խախտել այն, ինչ չկա՝  հնարավոր չէ։ Ճանաչումն ավելի շատ խաչ կքաշի Մինսկի խմբի վրա, սակայն Ադրբեջանը միշտ էլ ցանկանում էր Մինսկի խմբի ավարտը։

– Բայց Հայաստանի այդ քայլին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը։

– Իմ կարծիքով՝ Մոսկվան բանակցություններ կանցկացնի և արդեն անցկացնում է Երևանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ՝ այդ ամենին Մինսկի խմբի հնարավոր ռեակցիայի առումով։ Մոսկվայի՝ ինչ-որ առանձին արձագանք չի լինի։ Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի գործն է։

– Իսկ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում։ Արդյո՞ք նոր համաձայնագրի կարիք կա։

– Իրականում նոր համաձայնագրի կարիք չկա, քանի որ հինն առկա է, ուղղակի պետք է վերադառնալ դրան և վերջ։ Որևէ նոր բան անհրաժեշտ չէ, սակայն բանակցությունների համար ևս նախադրյալներ չեմ տեսնում։ Եթե կարողանանք հասնել Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման, նախադրյալներ կլինեն։ Առաջին հերթին անհրաժեշտ է շփման գծում  հսկող սարքերի տեղադրում, որպեսզի պարզ լինի, թե ով է խախտում հրադադարը, այնուհետև դիտարկումներ, իսկ վերջում՝ խաղաղապահներ։

– Այսի՞նքն՝ դուք էլ եք կարծում, որ շփման գծում անհրաժեշտ է խաղաղապահներ տեղակայել։

– Ոչ մի կոնֆլիկտ երբևէ չի լուծվել առանց խաղաղապահների տեղակայման։ Որպես կանոն, երկու կողմերի զորքերը մի փոքր ետ են տարվում և սահմանին խաղաղապահներ են տեղակայվում։ Եվ դրանք ոչ մի դեպքում չեն կարող լինել հակամարտող կողմեր հանդիսացող երկրների խաղաղապահներ։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս