Գյումրու Շահումյան փողոցի «Պինգվին» տոնավաճառում հագուստ եւ կոշիկ վաճառող առեւտրականները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: Օրերս նրանք նաեւ գործադուլ են հայտարարել: Խնդիրն այն է, որ վերջերս առեւտրականների նկատմամբ հարկայինի կողմից խոշոր չափի գումարային տուգանքներ են կիրառվել: Հարկային մարմինները նաեւ սպառնացել են, որ եթե տուգանքները «սուսուփուս» չվճարեն, իրենք ընդհանրապես կդադարեցնեն մանր ձեռնարկատերերի գործունեությունը: Այս սպառնալիքները ոտքի են հանել առեւտրականներին: Նրանք իրենց դժգոհությունները հայտնել են Գյումրու հարկային տեսչության նորանշանակ պետ Թելման Ասատրյանին, սակայն վերջինս ոչ միայն չի պատասխանել ձեռնարկատերերի հարցերին, այլեւ իր աշխատողներին հանձնարարել է բոլորին դուրս հանել շենքից: Ըստ առեւտրականների` Գյումրու հարկային տեսչության աշխատակիցները բյուջեն որեւէ կերպ լցնելու նպատակով պարբերաբար մտնում են հագուստի տոնավաճառ եւ պատրվակներ փնտրում տուգանքներ կիրառելու համար: Արդեն 12 մանր ձեռներեց 150-170 հազար դրամի չափով տուգանվել է: Գյումրեցի առեւտրականները նշում են, որ առանց այն էլ իրենց հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարում են, ամեն ամիս հարկայինին վճարում են առեւտրից ստացված եկամտի 11 տոկոսը: «Հարկայինը զզվեցրել է, հերիք է էլի՛, անօրինական կմտնին բազար ու նալոգը կդնեն մեր վրա, կսեն բերիք՝ լավ, չէ , ուրեմն փակե՛ք գնացե՛ք: Օր փակեցի, Հայաստանից կերտամ: Եթե չպիտի կրնամ տունս ու երեխեքիս պահեմ, մնամ ի՞նչ էնեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց առեւտրական Վահագ Առաքելյանը: Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Գյումրու հարկային տեսչությունից: Պետի տեղակալ Աշոտ Ավագյանի փոխանցմամբ` հարկայինն անցած ամիս հաշվել է առեւտրականների ստացած եկամտի չափը եւ յուրաքանչյուր տաղավարի ընդհանուր ֆինանսական շրջանառությունն ու հանգել այն եզրակացության, որ մանր ձեռներեցները համեմատաբար քիչ են հարկ վճարում: Ուստի հարկերի հավաքագրման բացը որոշել է լրացնել տուգանքների միջոցով. «Հակառակ դեպքում պետական բյուջե քիչ գումար կգնա, հարկայինն էլ իր գործառույթները թերի կատարելու համար նկատողություն կստանա»,-անկեղծանում է Աշոտ Ավագյանը:«Ինչո՞ւ է հարկայինը հաշվում հենց մեր գումարները եւ ինչո՞ւ է մեր ստացած եկամտի հաշվին համալրում պետական բյուջեն: Ուղղակի ուզում են մանր բիզնեսը տապալել, ուրիշ ոչինչ»,-կարծում է ձեռներեց Արեւհատ Պետրոսյանը: Տոնավաճառի աշխատակիցները հարկային մարմիններին հորդորում են խախտումներ չփնտրել իրենց մոտ եւ հիշեցնում, որ այլեւս չեն հանդուրժի կառույցի կամայականությունները:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի
ՏՈՒԳԱՆԵԼՈՎ ԲՅՈՒՋԵ ԵՆ ԼՑՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ