ՀԷՑ-ը հավելագրո՞ւմներ է արել. հերթական բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին է դիմել Երեւանի բնակչուհի Լիաննա Գենջոյանը, ով բողոքում է, որ կոմունալ վարձավճարը, հատկապես փետրվար, մարտ ամիսների էլեկտրաէներգիայի վարձը, անտրամաբանական թվերի է հասնում: Լ. Գենջոյանի պնդմամբ՝ էներգիայի ծախսը ավելի շատ է, քան իրականում սպառում է:

«Ես տեւական ժամանակ այստեղ՝ Հայաստանում չեմ ապրել: Այս տարվա փետրվարի 13-ին եմ Հայաստան վերադարձել, իսկ մինչ այդ մեր տանը ոչ ոք չի ապրել: Մայրս էր մահացել, եկանք… Փետրվարի վերջին էլեկտրիկն ասաց, որ պետք է սպառած էլէներգիայի վարձը վճարեմ, որը կազմել էր 30 հազար դրամ: Ես վճարեցի, բայց կարծում էի, որ դա փետրվար եւ մարտ ամիսների սպառած էլէներգիայի չափն է»,- ներկայացրեց Լիաննան: Սակայն օրեր անց բնակչուհին պարզել է, որ սպառած էլէներգիայի վճարած 30 հազար դրամը վերաբերում է միայն փետրվար ամսին: Իսկ, ահա, հաջորդ ամսվա վերջին պարզվեց, որ մարտին նույնպես նույն քանակությամբ էլէներգիա է սպառել:

«Այս հարցով ես նույնիսկ զանգ եմ տվել Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ ծառայություն, սակայն օրերով հեռախոսի չեն պատասխանել: Այնուհետեւ գնացի «Հայաստան էլեկտրական ցանցերի» տեղամասային բաժանմունք, բացատրություն պահանջեցի: Բայց վերջինս շատ կոպիտ տոնով գոռաց՝ տիկի՛ն, դո՛ւրս եկեք, մենք Ձեզ հետ խոսելու բան չունենք»,- վրդովված պատմեց մեր զրուցակիցը: Ապա ավելացրեց, որ իր հարեւանները նույնպես պնդում են, որ իրենց սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարների չափը նույնպես անտրամաբանական թվերի է հասնում:

«Ես ձեզ համար մի օրինակ բերեմ. մեր տան հարեւանությամբ մի խանութ է աշխատում, որտեղ կա երեք սառնարան: Դրանք ողջ օրը միացված են էլեկտրականությանը: Բայց տվյալ խանութի տնօրենը յուրաքանչյուր ամսվա վերջին վճարում է 400 ԿՎ, իսկ ես՝ միայնակ բնակիչ եմ, բայց վճարել եմ 640 ԿՎ: Երդվում եմ, որ իմ տանը ո՛չ հեռուստացույց է միացած, ո՛չ լվացքի մեքենա եւ ո՛չ էլ արդուկ: Տանը մի համակարգիչ է միացված եւ մի էլեկտրալամպ: Բայց ով լսում է, զարմանում է, թե ինչպես կարող է այսքան շատ գրվել»,- զայրացած նկատեց Լիաննան: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ էլեկտրական ցանցերի տեղամասային տեսուչի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհանասանելի էր:

Իսկ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժանորդ Լիանա Գենջոյանի բողոքն ուսումնասիրվել է, որևէ թերություն (կապված հաշվիչի աշխատանքի, բնակարանը սնող հաղորդալարերի) հետ չի հայտնաբերվել։ Հաշվառքի սարքը գտնվում է մուտքի առաջին հարկում, ընդհանուր արկղի մեջ, կապարակնքված է, հաշվիչի տեսանելիությունն ապահովված է։ Բաժանորդին առաջարկվել է հաշվիչը ենթարկել լաբորատոր փորձաքննության, սակայն նա հրաժարվել է։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս