Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
“Սիրելի հայրենակիցներ,
Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Սա այն կարեւորագույն պետական տոնն է, որը մենք ավանդաբար նշում ենք խորին հպարտության ու պատասխանատվության զգացումով համակված: Հպարտություն` իր ազատությունն ու անկախությունը քաջ զավակների արյամբ նվաճած եւ այժմ էլ ապագան սեփական ձեռքերով կերտող մեր հերոսական ժողովրդի համար: Պատասխանատվություն` մեծագույն զոհողությունների գնով ձեռք բերած պետականությունն օր օրի ամրապնդելու, հայրենի հողը շենացնելու, սերունդներին ուժեղ ու զարգացած հայրենիք թողնելու համար:
Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու այս բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ:
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, զորացում ու բարգավաճում` Արցախի Հանրապետությանը”: