ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի պատասխանն ուշագրավ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Ի տարբերություն  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, որը կարողացավ Երեւան կատարած իր վերջին այցի ընթացքում խուսափել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին անհաճո հարցից, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Հաղթանակ զբոսայգում ստիպված էր արձագանքել այդ հարցին: Ի դժբախտություն Վոլինկինի` այդ պահին նրա կողքին չէր ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, որպեսզի տասը րոպե շարունակ պատասխանելով  իրեն ուղղված երկրորդական հարցին` ժամանակ ձգեր եւ թույլ տար Վոլինկինին խուսանավել: Ինչպես հիշում ենք, Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Նալբանդյանը հենց այդ մարտավարությամբ այնքան ձգձգեց իր պատասխանները, որպեսզի ասուլիսի համար հատկացված ժամանակը սպառվեր:

Ինչեւէ, այսօր Հաղթանակ զբոսայգում  Իվան Վոլինկինին «բռնացրած» լրագրողները հետարքրվեցին, թե ինչու է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, որը ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս հարցից ակնհայտորեն նյարդայնացած ՌԴ դեսպանը, սակայն, բավականին ուշագրավ պատասխան տվեց. «Ցո’ւյց տվեք ինձ փաստաթղթեր, ցո’ւյց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»: Լրագրողների հիշեցմանը, որ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` նշելով, որ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք վաճառել,  ՌԴ դեսպանն արձագանքեց. «Կրկին վաճառել՝ չի նշանակում, որ վաճառում է, հասկանո”ւմ եք :

Այդպիսով` ինչ է նշանակում Վոլինկինի այս հայտարարությունը, արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանում կա Ադրբեջանի հետ արդեն իսկ կնքված, սակայն դեռ չմատակարարված զենքի վաճառքի գործարքները վերանայելու միտում, թե դա ընդամենը  Հայաստանում ՌԴ դեսպանի նյարդային արձագանքն է:

Անկախ դրանից` փաստ է մեկ բան. մենք պետք է յուրաքանչյուր առիթով ոչ դաշնակցային վարքագիծ դրսեւորող ՌԴ պաշտոնյաներին հիշեցնենք, որ նրանց այդ պահվածքը խիստ վատ է ընկալվում Հայաստանում: Եվ այո, ապրիլյան քառօրյայի 100 զոհերին հիշելով` պետք է ամեն կերպ նպաստենք, որ յուրաքանչյուր ռուս պաշտոնյա Հայաստանում  իրեն հարմարավետ չզգա այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլում չեն վերանայել  ագրեսոր Ադրբեջանին զինելու քաղաքականությունը:




Լրահոս