ԼԻԲԻԱՆ ԽԵՂԴՎՈՒՄ Է ԱՐՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիան սկիզբ առած ժողովրդական հուզումները սպառնում են դառնալ արաբական աշխարհում  տեղի ունեցող  հեղափոխություններից ամենաարյունահեղը:  1969 թվականից իշխող գնդապետ Մուամար Կադաֆին որոշել է հեղափոխությունը խեղդել արյան մեջ: Եվ եթե անգամ ժողովրդին հաջողվի  հաղթել, դա տեղի չի ունենա թավշյա հեղափոխության միջոցով:  Տարիներ շարունակ  միջազգային հանրության կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցները չէին խանգարում Կադաֆիին ղեկավարել Լիբիան: Երկրի հատուկ ծառայությունները հենց բնում  խեղդում էին  այլախոհության ցանկացած դրսեւորում, ինչի արդյունքում  երկրում   կան քաղբանտարկյալներ, որոնք  արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գտնվում են բանտերում: Բացի այդ, Լիբիան տիրապետում է նավթի համաշխարհային պաշարների 3 տոկոսին, ինչը հնարավորություն էր տալիս ապահովելու երկրի` քիչ թե շատ կայուն տնտեսական  վիճակը: Լիբիան կենսամակարդակով, անշուշտ, տարբերվում էր  հարեւաններից.  հարուստ չէր ապրում, բայց սոված էլ չէր: Լիբիայի  քաղաքական համակարգում առկա է Կադաֆիի իշխանությունն ամրացնող  եւս մեկ գործոն` հասարակության ավանդական ցեղային կառուցվածքը: Քոչվոր բեդուինների հետնորդները, տեղափոխվելով քաղաքներ, չեն մոռանում իրենց միջցեղային կապերի մասին: Այդ ցեղերի առաջնորդները բավականին մեծ ազդեցություն ունեն երկրի ներքաղաքական կյանքի վրա: Նավթից ստացված եկամուտները Կադաֆիին թույլ էին  տալիս նրանց մեծամասնությանը կաշառել, իսկ  նրանք, ովքեր փորձում էին ինքնուրույնություն դրսեւորել, դառնում էին հատուկ ծառայությունների թիրախը: Արդյունքում քաղաքական կառուցվածքը բավական ամուր էր, եւ անգամ հեղափոխական ալիքի տարածման ընթացքում բոլոր փորձագետները նշում էին, որ այն դժվար թե առնչվի Լիբիային: Մինչդեռ Լիբիայում եւս հեղափոխությունը սկսվեց ստանդարտ սխեմայով. համացանցում  պայմանավորվեցին եւ փողոց դուրս  եկան Լիբիացի երկրորդ քաղաք Բենգազիի քաղաքացիները: Այս երկրի արեւելքը մշտապես հակակրանք է ունեցել արեւմուտքի հանդեպ` համարելով, որ վերջիններս իրենց հաշվին ավելի լավ են ապրում: Իշխանությունների արձագանքը նույնպես ստանդարտ էր. անջատեցին  համացանցը եւ ցուցարարների դեմ հանեցին ոստիկանությանը: Սակայն,  երբ երկրորդ օրը ցուցարարները շարունակեցին  դուրս գալ փողոցներ, ակնհայտ դարձավ Լիբիայի վարչակազմի տարբերությունը Թունիսի,  Եգիպտոսի  եւ Իրանի վարչակազմերից. Կադաֆին հանդես չեկավ հեռուստատեսությամբ  եւ կոչ չարեց նստել բանակցությունների սեղանի շուրջ,  չխոստացավ որեւէ բարեփոխում: Փոխարենը հրամայեց բանակին  ուղիղ կրակ բացել ցուցարարների վրա, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ ցուցարարներ: Երկրի փակ լինելու պատճառով զոհերի եւ վիրավորների մասին տվյալները հստակ չեն` տատանվելով մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր: Բայց անգամ բազմաթիվ   զոհերը չեն կանգնեցնում  ցուցարարներին, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում են լոկալ հաջողությունների` գրավում ոստիկանատներ եւ կառավարական շենքեր: Ժողովրդի կողմն են անցել բանակի առանձին միավորումներ:  Կադաֆին այժմ ցուցարարների դեմ է հանել  Աֆրիկայից եւ Հյուսիսային Կորեայից բերված վարձկանների խմբեր: Տարիներ շարունակ թալանված նավթադոլարները թույլ են տալիս բռնապետին իրեն նման «ճոխություն» թույլ տալ: Վարչակազմն անգամ անցել է  ցուցարարների հանդեպ  ուղիղ ավիահարվածների: Երկրի պետական հեռուստատեսությամբ հանդես եկած բռնապետի որդի Սայիֆ Էլ Իսլամը  խոստացել է, որ ռեժիմը «կպայքարի մինչեւ վերջին մարդը եւ փամփուշտը»: Սակայն զինված հեղաշրջման արդյունքում իշխանության եկած բռնապետին 42 տարի հանդուրժած  Լիբիայի ժողովուրդը պատրաստ է ցանկացած զոհաբերության` միայն թե փակի Կադաֆիի տիրապետության էջը:Փաստացի, հեղափոխական ալիքը դեմ առավ ամենակարծր քարին. իշխանությունները չունեն ավիահարվածներից ավելի ուժեղ  որեւէ այլ միջոց` ճնշելու ժողովրդական հուզումները: Փառք  Աստծո, որ արաբական բռնապետերը դեռեւս չունեն միջուկային զենք, քանի որ կոնկրետ Կադաֆիի դեպքում կարելի  է պնդել, որ սեփական իշխանությունը պահպանելու համար նա կդիմեր նաեւ այդ միջոցին:Այնուամենայնիվ, եթե  Լիբիայի ժողովուրդն այսքան զոհաբերությունից հետո կարողանա տապալել Կադաֆիի ռեժիմը, ապա մյուս արաբական երկրներում վարչակարգերի փոփոխությունը կդառնա զուտ  ժամանակի եւ տեխնիկայի խնդիր: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս