Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը պատասխանել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանի նամակին` կապված թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության խնդրի հետ:
Պատասխան նամակում դեսպանատնից հայտնել են, թե տեղյակ են, որ հայ պատգամավորը մեկն է այն խորհրդարանականներից, ովքեր տուժել են մեջլիսի քննարկումներից մեկի ժամանակ ծագած վիճաբանության հետևանքով:
«Մենք կիսում ենք Ձեր մտահոգությունն առ այն, որ Թուրքիայում բնակվող բոլոր մարդիկ` անկախ կրոնական, էթնիկական, ազգային ծագումից, պետք է կարողանան ազատորեն իրենց ձայնը բարձրացնել` առանց վախի կամ սպառնալիքի: Մեր Մարդու իրավունքների ամենամյա զեկույցում ամենայն մանրամասնությամբ նկարագրված են ԱՄՆ մտահոգությունները Թուրքիայի փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության, ատելություն սերմանող հայտարարությունների, հարձակումների վերաբերյալ:
ԱՄՆ կառավարությունը հրապարակային և անձնական ուղիներով հաստատակամորեն բարձրացրել է այս մտահոգությունները Թուրքիայի կառավարության առաջ, և մենք կշարունակենք հորդորել Թուրքիայի կառավարությանն ընդգծելու հատուկ սպառնալիքների դեմ ցանկացած քաղաքացու հավասար պաշտպանության իրավունքը` անկախ նրա էթնիկ կամ կրոնական պատկանելությունից»,- նշվում է պատասխան նամակում: