ՀԱՐՑ. Իմ տատիկը բանկում ավանդ ունի իր անունով: Նա հաշվառված է որպես ավանդատու: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կարող է ստանալ իր ավանդը: Ե՞րբ կհասնի իր հերթը:
Գալստյան Պերճանուշ Վարդանի (1928թ. 20.09, ք. Երեւան Ռուբինյանց 10, բն. 5)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Պերճանուշ Գալստյանի ավանդների փոխհատուցման վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված՝ «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանված նորմերին համապատասխան՝ որպես դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, Պերճանուշ Գալստյանը հաշվառվել է ավանդների փոխհատուցման ծրագրում (սոցիալական աջակցության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնում) եւ ձեռք բերել ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:
Տեղեկացնում ենք, որ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Տարեցների ընդհանուր ցուցակում Պերճանուշ Գալստյանի հերթական համարը 10735-ն է:
Տեղեկացնում ենք նաեւ, որ 2016 թվականի ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչեւ 10517 հերթական համարն ունեցող տարեցները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ավանդատուների հաշվառման, ինչպես նաեւ փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: