Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (The International Consortium of Investigative Journalists) ներկայացրել է 214 000 օֆշորային ընկերությունների և օֆշորային սխեմաներում ներգրավված անձանց ցանկը, որի կազմում Հայաստանից օֆշորային սխեմաներում ներգրավված ավելի քան 3 տասնյակ մարդկանց անուններ են առկա:
2000-ական թվականներին բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցվել է ՏՏ ոլորտի «Nairisoft Inc» ընկերությունը: Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ: Բաժնետերերի ցանկում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը, Սնար Մարտիրոսյանը, Վարդան Քոչարյանը և Արտաշես Բալյանը:
Վարդան Քոչարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հանդիսանում են այդ ընկերության Հայաստանի մասնաճյուղի բաժնետերեր, ընդ որում, նրա խոսքով` Բալյանն ու Մարտիրոսյանն այլևս ոչ մի կապ չունեն այդ ընկերության հետ և ապրում են արտեկրում:
«Այդ ընկերությունը նոր չի հայտնվել օֆշորում, ինքը միշտ էլ այնտեղ է եղել: Մենք հանդիսանում ենք այդ ընկերության մասնաճյուղը, օրենքով գրանցված է, փաստաթղթերը ներկայացված: Մեր կայքում գրված է, որ ինքը գրանցված է Վիրջինյան կղզիներում», – հայտնեց նա:
Քոչարյանը ընդգծեց, որ իրենցից 2-ն այլևս որևէ կապ չունեն այդ ընկերության հետ: «Մեկը 2007 թվականից հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, ես չգիտեմ՝ դրանք ինչ տվյալներ են: Դրանք նոր տվյալներ չեն, և Սնար Մարտիրոսյանը 2007 թվականից տեղափոխվել է ԱՄՆ: Արտաշես Բալյանն էլ այստեղ չէ, կարծեմ Շվեյցարիայում է», – հավելեց նա:
Ընկերության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ ընկերությունը ոչ թե հայտնվել է օֆշորում, այլ ի սկզբանե այնտեղ է գրանցված եղել: «2000 թվականին է ստեղծվել ընկերությունը հենց օֆշորում, այլ ոչ թե տեղափոխվել: Մենք չենք ստեղծում, այլ մենք դրա մասնաճյուղն ենք, աշխատում ենք, աշխատավարձ ենք ստանում», – հայտնեց նա:
Քոչարյանը դժվարացավ այդ ընկերության ստեղծողների մասին տվյալներ հիշել, քանի որ ընդգծեց՝ ոչ մեկին չի ճանաչում: «Օֆշոր լսում են, մտածում են կրիմինալ է: Ոչ մի կրիմինալ չկա, բոլորն էլ լեգալ կազմակերպություններ են», – հավելեց նա:
ArmLur.am-ը զրուցեց նաև ակադեմիկոս Հարություն Թերզյանի հետ: «Ես բավականին հեռու կապ ունեմ այդ ընկերության հետ և դրա համար հիմա նստած եմ Պոլիտեխնիկում: Ավելի մոտ կապ ունի Վարդան Քոչարյանը, դրա համար էլ հիմա նստած է այնտեղ: Հիմա այդ ընկերության հետ համարյա ոչ մի կապ չունեմ», – հայտնեց ակադեմիկոսը:
Նա նշեց, որ ժամանակին այդ խմբին օգնել է ստեղծել, որը շատ գործ է արել: «Կապն իրենց հետ այդ ժամանակ էր: Այսօր, կարելի է ասել, ուղղակիորեն կապ չունեմ», – հավելեց նա:
Թերզյանը ևս նշեց, որ այլ այդ ընկերությունը ոչ թե օֆշորում է հայտնվել, այլ այնտեղ է ստեղծվել: «Բայց ես կարծում եմ օֆշորում հայտնվելը հանցագործություն չէ», – եզրափակեց նա:
Նշենք, որ այս ընկերության հայաստանյան մասնաճյուղը ստեղծում է ինտերնետ ինֆրակառուցվածքներ և իրականացնում հատուկ բիզնես լուծումների խորհրդատվություն: Հավելենք, որ պանամական փաստաթղթերի ցանկում կան քաղաքականության, բիզնեսի, գիտության և այլ ոլորտներում հայտնի անձանց և նրանց ազգականների անուններ: Պանամական փաստաթղթերում կան նաև սփյուռքահայեր՝ հատկապես Ռուսաստանում բնակվող հայերը: Անմասն չեն մնացել նաեւ քրեական հեղինակությունները:
Նաիրա Հովհաննիսյան