Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ գործընկերոջ հետ բանակցություններից առաջ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար եւ նշել, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել եւ որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների եւ, իհարկե, ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով:
“Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կառուցված են մեր երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության եւ եղբայրության դարավոր ավանդույթների վրա: Ես վստահ եմ, որ այսուհետ եւս այդ հարաբերությունները կզարգանան փոխըմբռնման հունով՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի համաձայն: Համոզված եմ, որ հայերի եւ ռուսաստանցիների յուրաքանչյուր սերունդ իր ավանդը պետք է ներդնի այդ հարաբերությունների պատմության մեջ: Մեզ համար այդ հարաբերությունները թանկ են, եւ ամեն ինչ կանենք, որ դրանք զարգանան: Դա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Այդուհանդերձ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է լուծել այնպես, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի: Եվ այդ կապակցությամբ էլ ես եկել եմ Մոսկվա”,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով գործընկերոջը Մոսկվայում՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու եւ այցի համար. “Սա Ձեր երկրորդ այցն է վերջին ժամանակաշրջանում: Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ հարաբերություններն այդքան ինտենսիվորեն զարգանում են գրեթե բոլոր ուղղություններով: Հաճախակի են շփումները խորհրդարանների, կառավարությունների, գործարար կառույցների մասով: Ճիշտն ասած, այդ առումով եւս արդյունքը, հուսով եմ, դրական է: Մեզ մոտ տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճն ավելի քան 23 տոկոս է: Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջին առեւտրատնտեսական գործընկերը, եւ այդ միտումը պահպանվում է”,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:




Լրահոս