ԻՆՉ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` օֆշորային սկանդալի պատմությունը ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի՝ բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների եւ դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով: Ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլում հրապարակված տեղեկություններն ուղարկել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որպեսզի ուսումնասիրեն Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները:
Օֆշորային աղմկահարույց հրապարակումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 18-ին, Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Սերժ Սարգսյանին: Շուրջ երեք շաբաթ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ուսումնասիրում էր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների հետ կապ ունենալու մասին տեղեկությունները, եւ դատելով երեկ ՀՀ գլխավոր դատախազության արած քայից՝ իրավապահները լուրջ հետքերի վրա են դուրս եկել, եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշում է կայացրել Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից վերցնել եւ ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Ըստ ամենայնի, իրավապահների ձեռքում հայտնվել են կոնկրետ փաստեր, որոնք առնչվել են հենց գեներալ մայորի գործունեության հետ: Ու քանի որ նա նախկին պաշտոնյա է, ապա նրա գործով պետք է զբաղվի ՀՔԾ-ն: Իսկ ինչ կարող էին իրավապահները բացահայտած լինել: «Ժողովուրդ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից լուրեր հասան, որ Միհրան Պողոսյանի գործունեության մասով որոշակի բացահայտումները կապված են նրան պատկանող ընկերությունների հետ: Օրինակ՝ երբ ինչ-որ ընկերություն գույքը վաճառել է մեկ այլ ընկերության, իրավապահները փորձել են հասկանալ, թե գույքը գնած անձը կամ ՍՊԸ-ն ովքեր են, հետագայում պարզվել է, որ իրականում ԴԱՀԿ նախկին պետի կողմից վաճառվածը ու դրա գնորդը ուղիղ կամ անուղղակի կապ են ունեցել իրար հետ: Այսինքն՝ «աչքը կտրած» գույքը Միհրան Պողոսյանը էժան աճուրդով գնել է տվել իր հետ փոխկապակցված ընկերությունների կամ անհատների, հետո արդեն շուկայական գնով այն վաճառել: Ասել է, թե պետություն, պետության ներսում:
Նկատենք, որ Միհրան Պողոսյանի բիզնես գործունեության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն ինչու իշխանությունները որոշեցին հենց այս հրապարակումից հետո նրա հարցով զբաղվել, դժվար է ասել:
Ի դեպ, երեկ Ազգային ժողովում նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի եւ նրա մերձավոր ազգականներին պատկանող, Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ ICIJ-ի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերին անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Այս պահի դրությամբ քննություն է ընթանում, եւ նախապատրաստվում են նյութեր: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իր իրավասությունների շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է, պարզապես կարեւոր է մի բան հասկանալ, թե հասցեականությունը որտե՞ղ է, եւ կոնկրետ որ պետական մարմնից ի՞նչ պետք է ակնկալել: Եթե խոսքը գնում է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ այս կապակցությամբ կարեւոր մի քանի քայլեր իրականացվել են, եւ իրավապահ համակարգի գործառույթները չպետք է զուգահեռվեն, կառավարությունը պետք է իրականացնի այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն են տալիս մշակել համապատասխան մեխանիզմներ եւ ի սկզբանե՝ դեռեւս կրթության փուլից սկսած, կոռուպցիայի դեմ պայքար իրականացնել»:
Իսկ թե ինչ արդյունք կտան ՀՔԾ-ի ուսումնասիրությունը եւ նյութերի նախապատրաստման ընթացքը, ի վերջո, կհարուցվի քրեական գործ, թե ոչ, առայժմ դժվար է կանխատեսել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՎՏՈԲՈՒՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել էր 2 ուղեւոր, իսկ 8 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Ավելի ուշ ՀՀ իրավապահ համակարգը հայտարարություն տարածեց, որ տեղի ունեցած պայթյունը կենցաղային հողի վրա է եղել, իսկ ահաբեկչության վարկածը իրավապահ համակարգը դեպքից ընդամենը մեկ օր անց բացառություն համարեց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պայթյուն իրականացրած անձը 55-ամյա Ռուբեն Բալյանն է, որը ամուսնացած չէր եւ ապրում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում:
armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց պայթյունի հետեւանքով մահացած Ռուբեն Բալյանի մոր՝ Կլարա Բալյանի հետ, որը պատմեց, թե ինչ խնդիրներ է ունեցել որդին: Ըստ նրա՝ դեպքի օրը որդին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչի պատճառով մայրը հրաժարվել է տան դուռը բացել նրա առաջ: Տիկին Կլարայի խոսքով՝ ինքն ու որդին լուրջ վիճաբանություն չեն ունեցել, այլ ընդամենը մանր կենցաղային հարցերի շուրջ են վիճել. «Ինքը պետք է գնար արտագնա աշխատանքի, սակայն ձգձգվեց, ես մի քիչ ջղայնացա, որ չի ստացվում իր գնալը, բայց այս ընթացքում այլ աշխատանքով չէր զբաղվում: Խոսակցություն ենք ունեցել, որ Ձորաղբյուրում գտնվող այգետնակը ցանկանում էր կտակել իր անունով: Առաջին անգամ դատապարտվել է ազատազրկման 26 տարեկանում, որը լուրջ սպանության մասին էր, դատախազներ կային մեջը, դատախազի տղա, ու այդ գործը ուղարկեցին Ուկրաինայում՝ քննությունը լինի, որ իրենք այստեղ չխայտառակվեին: Իսկ երկրորդ դեպքը ավազակային հարձակման նման մի բան է եղել: Նա ռադիոտեխնիկայից լավ էր հասկանում, այդ շնորքը ուներ, երկրաբան էր, ակադեմիայի երկրաբանության ինստիտուտում գիտաշխատող էր»:
Վերջինիս խոսքով՝ ազատազրկման դատապարտվելուց հետո որդին շատ էր փոխվել, նյարդային էր դարձել, հիասթափվել էր բոլոր բարեկամներից:
Ավելին՝ տղայի մայրը չի արդարացնում որդու արարքը, բայց վստահեցնում է, որ նրանք նորմալ հարաբերություններ են ունեցել: Նա բացառում է, որ որդին կարող էր մարդ պայթեցնել: Հարցին, թե տեղեկություններ կան՝ Ռուբենը ցանկություն է հայտնել մորը պայթեցնել, տիկին Կլարան ասաց. «Լագիչնի՞ է, որ մանր-մունր խոսակցության համար նա ասեր, որ գալու է ինձ պայթեցնի»:
Սա ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ պայթյունի պատմության մեջ ինչ-որ բան թաքցնում են:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵՑ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլի 27-ին, ՀՀ վարչական դատարանում քննվող Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստի ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչը գրավոր փաստաթուղթ է ներկայացրել, որի համապատասխան Շանթ Ոսկերչյանի տվյալները ապրիլի 25-ից հանվել են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից: Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչ Շանթ Ոսկերչյանը, որի մուտքը ՀՀ արգելված էր 2015 թ. մայիսից, արդեն կարող է այցելել Հայրենիք եւ մասնակցել նրա հասարակական-քաղաքական կյանքին: Բռնապետական ռեժիմն ի դեմս ԱԱԾ-ի՝ ստիպված եղավ նահանջել եւ ընդունել արտերկրաբնակ հայի՝ Հայրենիքում լինելու ու նրա կյանքին մասնակցելու իրավունքը»:

 

 

ԱՆԱԶԱՏ
Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել՝ հայտնվելով քաղաքական, քրեական եւ ահաբեկչական ճնշումների տակ. երեկ հրապարակված զեկույցում արձանագրել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։ 2015-ին առավել մեծ անկում արձանագրած երկրներն են՝ Բանգլադեշը, Թուրքիան, Բուրունդին, Ֆրանսիան, Սերբիան, Եմենը, Եգիպտոսը, Մակեդոնիան եւ Զիմբաբվեն: Հայաստանը եւս զեկույցում հետընթաց է արձանագրել՝ շարունակելով հիշատակվել ոչ ազատ երկրների շարքում՝ 199 երկրների թվում զբաղեցնելով 139-րդ տեղը՝ նախորդ տարվա 135-րդի դիմաց: Այնուհանդերձ, մեր երկրի ցուցանիշներն ավելի լավն են, քան Ռուսաստանինը, Ադրբեջանինը, Թուրքիայինը եւ Իրանինը: Տարածաշրջանում մենք զիջում ենք միայն Վրաստանին:

 

 

ՈՂՋՈՒՆԵԼ Է
ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող «Համախմբում» կուսակցության հայտարարությանը, ֆեյսբուքում գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով.«Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռեւս չի կարողացել ապահովել: Հետեւաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում բավարարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը»:

 

 

ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-26-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,487,585,633 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 26-ին՝ 33 մլն դրամ՝ փոխանցված 98 անձանց կողմից: Ողջ գումարն ուղղվելու է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:




Լրահոս