ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԹՈՒՅԼ ՈՒՍԱՆՈՂԻ Է ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ԲՈՒՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն կրթությունը մեր երկրում վաղուց դարձել է մայրաքաղաքային շռայլություն: Սա ոչ թե հայտարարություն է, այլ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հրապարակած տվյալից բխող եզրակացություն: Ըստ այդ վերլուծության` բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկված է «մարզերի բնակչության 2,1 տոկոսը, իսկ գյուղերում այդ ցուցանիշը 5 անգամ քիչ է»: Այս մտահոգիչ իրավիճակում, թվում է,  ելք է նպատակային ուսուցման վերականգնումը: Նախկինում «գործուղումով» էին գալիս սովորելու, ու քանի որ ընդունվել-չընդունվելու հարց չկար, առանց մրցույթի բուհ ընդունվելու արտոնություն  ունեին: Երկարամյա ընդմիջումից հետո  արդեն 6 տարի է, ինչ կառավարությունը մարզերի համար «նպատակային ուսուցման» անվճար տեղեր է սահմանել Ագրարային, Մանկավարժական, Լեզվաբանական, Բժշկական համալսարաններում: Մարզպետարանների ուղարկած «թղթով» եկած ուսանողները բուհ են ընդունվում նվազագույն շեմը հաղթահարելով, իսկ 4-6 տավա ուսման վարձը վճարում է պետությունը: Փոխարենը ուսանողը պարտավորվում է վերադառնալ մարզ եւ աշխատել տվյալ մասնագիտությամբ: Հայաստանի ագրարային  համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանի տեղեկացմամբ եռակողմ պայմանագիր է կնքվում մարզպետարանի, բուհի եւ ուսանողի միջեւ, որով էլ վերջինս պարտավորվում է վերադառնալ համապատասխան համայնք: «Մեր համալսարանի համար նպատակային ուսուցման տեղեր են նախատեսված ագրոկենսաբանական եւ անասնաբուժական տասը մասնագիտությունների համար, կառավարության որոշման համաձայն` անվճար տեղերի 50 տոկոսը: Տասը մարզերին էլ նպատակային տեղեր տրվում են, նայած թե տվյալ մարզում ինչ մասնագետի կարիք կա` անասնաբույժի, թե ագրոէկոլոգի: Սակայն  պետք է նշեմ, որ «նպատակային ուսուցման» ծրագրի ներկա ընթացքից դժգոհ եմ, քանի որ մարզպետարանները թույլ ուսանողների  են գործուղում»,-ասում է պարոն Մարմարյանը:Պարզվում է` «ագրոնոմիա» մասնագիտությանը տրված վեց «նպատակային դիմորդից» միայն մեկն է ընդունվել, քանի որ մնացած  հինգ  դիմորդները նվազագույն շեմը չեն հաղթահարել: Անասնաբուժության բաժնում էլ նույն պատկերն է. դարձյալ ընդունվել է վեց դիմորդից մեկը: Հայաստանի ագրարային համալսարանում այսօրվա դրությամբ նպատակային ուսուցում են ստանում Շիրակի մարզի 7, Լոռու մարզի 5 ուսանող: Ավելի քիչ են Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ուսանողները: Ինչո՞ւ են թափուր մնում պետբյուջեով նախատեսված տեղերը:«Մեղավորը դպրոցներն են, որ թույլ առաջադիմությամբ աշակերտ են թողարկում: Մարզետարաններն էլ գործուղում են, նրանց թվում է` հենց այնպես  կընդունվեն: Էդպես չի: Կամ  թող նպատակային տեղերի ընդունելության շեմն իջեցնեն, կամ հարցազրույցով ընդունվեն: Դուք էլ գիտեք, որ գյուղատնտեսական մասնագիտությունները հրապուրիչ չեն, մոդայիկ չեն, եւ լավ սովորող աշակերտը գերադասում է այլ բուհ գնալ: Բացի այդ, մենք տեղեկություններ չունենք, թե արդյոք  «նպատակային ուսուցման» ծրագրով  կրթություն ստացած կադրերը   վերադառնում են իրենց համայնքներ»,-իր մտահոգությունն է արտահայտում  պրոռեկտորը:Տեղեկություն չունեն, սակայն այդ հարցն անչափ կարեւոր է, քանի որ պետական բյուջեի վրա մեկ ուսանողը «արժենում  է» նվազագույնը մեկ միլիոն դրամ. Ագրարային եւ Մանկավարժական համալսարանների ուսման վարձը ամենացածրն է` 200 հազար դրամ` բազմապատկած 5 տարով: Մինչդեռ, եթե նպատակային տեղերը սահմանված են Բժշկական եւ Լեզվաբանական համալսարանների համար, ապա այդ դեպքում ուսման վարձը  կազմում է  հինգ միլիոն դրամ: Նկատենք, սակայն,  որ այդպիսի տեղերի համար  մարզպետարաններն ամենեւին էլ  պատահական դիմորդի չեն գործուղում: Հինգ միլիոն դրամանոց արտոնության համար հայ ծնողներն ու մարզպետերը ամեն ինչի պատրաստ են: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս