ԱՅՍՕՐ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ողջ աշխարհը նշում է խոսքի ազատության օրը: Այլ կերպ ասած՝ այսօր լրագրողներիս մասնագիտական տոնն է: Անկախ Հայաստանի 25 տարիներին խոսքի ազատությունը բոլոր տեսակի փորձություններով անցել է. իրենց մասնագիտական գործը կատարելու` խոսքի ազատությունը լիարժեք ապահովելու, այսինքն՝ մարդկանց բոլոր խմբերին արտահայտվելու եւ տեղեկացված լինելու հնարավորություն տալու համար թերթեր են փակվել, հեռուստաընկերություններ են հեռարձակումից զրկվել, լրագրողներ են սպանվել եւ ծեծի ենթարկվել: Բայց խոսքի ազատությունը Հայաստանում շարունակում է զարգանալ, անկախ նրանից՝ այդ ամենը պահի իշխանությունների սրտով է, թե ոչ: Այսօր մամուլը մեկ այլ մարտահրավերի առջեւ է կանգնած. անպատասխանատվություն է իշխում դաշտում: Նորելուկ շատ կայքեր իրենց գործելաոճով ջանում են բիծ թողնել մամուլի դաշտում՝ փորձելով նսեմացնել ԶԼՄ-ների դերն ու կարեւորությունը:
Արդեն մեկ ամիս է՝ Հայաստանի լրատվական դաշտը գործում է չհայտարարված պատերազմական պայմաններում՝ անցնելով ինքնաֆիլտրման ճանապարհով: Եւ լրատվամիջոցների զսպվածությունը ցույց տվեց, որ լրագրողները պատրաստ էին նման բարդ պայմաններում պրոֆեսիոնալ գործել՝ ի տարբերություն առանձին պաշտոնյաների, որոնց մոտ տպավորություն է ստեղծվել, թե կարող են խելքներին եկած առաջին անհեթեթ միտքը դուրս տալ:
Խոսքի ազատությունն արժեք է, որն ամեն հանրություն ինքն է նվաճում: Առանց խոսքի ազատության չի կարող լինել հզոր, զարգացող եւ վաղվա հեռանկար ունեցող պետություն: Կայացած Չորրորդ իշխանությունը մյուս երեք իշխանությունների բնականոն` ի շահ պետության եւ հանրության գործելու միակ գրավականն է:

 

 
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում հիմնականում աչքի է ընկել նրանով, որ մայրաքաղաքում տեղի ունեցող ցանկացած դրական տեղաշարժ փորձում է իրեն վերագրել: Հենց այս հանգամանքով պայմանավորված տարիներ առաջ ծնվեց «շնորհակալություն Տարոն պարոն Մարգարյանին» արտահայտությունը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը Երեւանի բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է իրենց գործունեության վերաբերյալ ինքնուրույն ոչ մի տեղեկություն չտարածել, այդ թվում նաեւ սոցիալական ցանցերի անձնական էջերում: Մարգարյանը ֆիլտրում է՝ ինչը տալ, ինչը՝ ոչ:Այս լուրերի առնչությամբ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, ով համակարգում է քաղաքապետարանի քարոզչության աշխատանքները: Ի պատասխան՝ նա ասաց. «Նման բան չկա, իրենք (վարչական շրջանների ղեկավարները,- խմբ.) ազատ են իրենց աշխատանքը ներկայացնելու մեջ: Ընդհակառակը, մենք ողջունում ենք աշխատանքի հրապարակային եւ թափանցիկ ներկայացման մոտեցումը»:

 

 

 
Վերջին օրերին լրատվամիջոցների եւ համացանցի հիմնական քննարկման առարկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հնչեցրած հայտարարությունն է, որով նա ասել էր, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են Արցախի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքների մի մասը վերադարձնել Ադրբեջանին: «ժողովուրդ»-ը երեկ Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում իր հրաժարականը պահանջող կոչերին, որոնք վերջին օրերին անընդհատ հնչում են: Ի պատասխան՝ նա ասաց. «Ես մտածում եմ, որ այդ ամբողջ պատմությունն ապատեղեկատվություն է եւ խեղաթյուրված պատկեր է ներկայացնում, որը որոշ իմաստով նաեւ միտումնավոր է: Մեր հասարակությունը եւ մեր լրատվական դաշտը այս պահին ղեկավարվում են տեղեկություններով, որոնք անհիմն են, սուտ են: Եւ ես որեւէ հիմք չունեմ ընդունելու այն մեղադրանքները, որոնք հնչում են, որովհետեւ առաջին հերթին ես հող տվող չեմ, իմ կյանքն ու կենսագրությունը նախեւառաջ խոսում է այն մասին, որ ես ամբողջ կյանքում պայքարել եմ հողի եւ Արցախի ազատության եւ կյանքի իրավունքի համար»:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ Տոբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել է, որ առաջիկայում հնարավոր է՝ մեկ ամսով արտադրամասերի գործունեությունը դադարեցնի եւ արտադրանք չտա: Այս մասին մեզ ահազանգեցին ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորի օրվան նվիրված միջոցառմանը: Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց «Գրանդ Տոբակո»-ից մեկնաբանություն ստանալ, սակայն, ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանեց, որ իրենք աշխատում են, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: Նկատենք, որ վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնական շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա: Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, եւ դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր:

 

 

 
ՀԱՐՁԱԿՄԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում. փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թվականների զինադադարի համաձայնագրերը: Այս մասին երեկ Հելսինկիում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծած Ադրբեջանն իր առջեւ դրել էր մի շարք խնդիրներ, որոնցից առաջնայինը` տարածքային լուրջ առաջխաղացումը, ձախողվեց` շնորհիվ մեր զինվորների անձնվիրության եւ մեծ սխրանքի, արդեն հայտնի է: Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից ու դրան հաջորդած գործողություններից հետո Ադրբեջանը փորձում է ինտենսիվորեն առաջ տանել իր «պլան մինիմումի» իրագործման սցենարը, որը ենթադրում է՝ ա) չեղարկել 1994-95թթ. կնքված հրադադարի մասին համաձայնագրերը, բ) փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, գ) երկար ժամանակով շրջանառությունից դուրս հանել սահմանային վերահսկողության մոնիտորինգ իրականացնող սարքերի տեղադրման հարցը:
Հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմամբ Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ ամրագրել, որ հակամարտությունը ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի: Ղարաբաղյան կողմի ստորագրությունից ամեն գնով ազատվելու` Ադրբեջանի այս ձգտումը, ի դեպ, կարող է հաջողությամբ պսակվել, եթե առաջիկայում, Աստված մի արասցե, պատերազմական գործողությունները վերսկսվեն եւ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձագանքեն նույնքան չեզոք, որքան ապրիլի սկզբին, իսկ մեր դաշնակից երկրներն էլ՝ առաջին հերթին Ռուսաստանը, ոչ միայն հավասարության նշան դնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ շատ հստակ քայլեր անեն` հօգուտ մեր հակառակորդի:
Չի բացառվում, որ դիվանագիտական ճակատում 94թ. հրադադարի համաձայնագրից հրաժարվելու ուղղությամբ ձեռնարկված իր վերջին քայլից` ապրիլի 14-ի նամակը ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնելուց հետո Ադրբեջանը փորձի պրոցեսը զարգացնել նաեւ մարտի դաշտում նոր գործողություններով: Համենայն դեպս, երեկ ստացված տեղեկությունները, թե ԼՂ սահմանագծին նկատելի են ադրբեջանական զինուժի մեծ կուտակումներ եւ զորքերի ակտիվ տեղաշարժ, բավականին մտահոգիչ է: Թեեւ Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամլո խոսնակը հայտարարում է, թե դա ամենեւին էլ չի խոսում Ադրբեջանի` հարձակվելու մտադրության մասին, սակայն Իլհամ Ալիեւի քայլերի քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ այդ հարձակումը սարերի հետեւում չէ:
Արդյոք մենք համարժեք հակաքայլեր անում ենք` հակազդելու համար ադրբեջանական պլաններին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթությունւմ, դժվար է միանշանակ ասել: Համենայն դեպս, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի օտարերկրյա այցերի աշխարհագրությունը լավատեսության հիմքեր չի տալիս:




Լրահոս