ՄԻ ՕՐ ԱՅԴ ԲՈԼՈՐ «СОЛНЦЕПЕК»-ՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՀԱՐՎԱԾԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս փուլում ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ սկսելն անիմաստ է: Ռուս գործչի խոսքով` բանակցությունների հասնելու համար շփման գծում պետք է նվազեցնել կրակոցների ինտենսիվությունը, ինչպես նաեւ` Արցախը ներառել բանակցություններում`որպես իրավահավասար կողմ:

-Պարո՛ն Դվորնիկով, Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե անիմաստ է բանակցել Ադրբեջանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չկան: Իր հերթին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն էլ հայտարարել էր, թե պատերազմի դեպքում հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ: Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է ընկալվել որպես հայկական կողմի չափից ավելի կոշտ մոտեցում:
-Սա հարկադրական կոշտացում է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը այս հակամարտության մեջ պաշտպանողական կողմեր են: Որքան ագրեսիվ են ադրբեջանական ուժերի հարձակումները, այնքան ավելի կոշտ պատասխան է տրվում: Այլ հարց է, որ հակամարտության վերջին պոռթկումը Հայաստանի համար չեղարկեց բարոյական եւ իրավական բոլոր սահմանափակումները ԼՂ-ի ճանաչման հարցում, սակայն դա չարվեց: Հետեւաբար դիրքորոշման կոշտացումը դեռեւս առավելագույնս չի արտահայտվել: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում: Երբեմն, ըստ իս, նույնիսկ շատ խելամիտ:
-Ո՞րն է Ռուսաստանի դերը այս հակամարտության մեջ, եւ դիրքորոշումների ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք ՌԴ-ի եւ Արեւմուտքի:
-Ցավոք, Ռուսաստանը այժմ քաղաքակրթական ընտրություն կատարելու փնտրտուքների մեջ է: Դեռեւս պաշտոնական հռետորաբանությունը սահմանափակվում է «որպեսզի խաղաղություն լինի» բառերով: Ռուսաստանի շատ քաղաքացիներ պարզապես չեն պատկերացնում հակամարտության էությունը: Նրանք Ուկրաինայի պատերազմից շատ բան չէին հասկանում, իսկ Կովկասում` առավել եւս: Պարզապես բոլորի համար ակնհայտ է Ադրբեջանի ներկայացրած պահանջների պատմական անարդարությունը եւ այդ երկրի իշխող ղեկավարության լիովին ոչ ադեկվատ գործողությունները: Իսկ տարբերության դիտարկման առնչությամբ կարող եմ ասել, որ հակամարտությունը հասունանում է ռուսական սահմանների մոտ, ընդ որում, ամենամոտ շրջանները հենց անհանգիստ հյուսիսկովկասյան պետություններն են, այդ իսկ պատճառով Ռուսաստանի շահագրգռվածությունն այստեղ ավելի մեծ է, քան Եվրոպայինը եւ Ամերիկայինը:
-Որոշ ռուս փորձագետներ կարծում են, որ կարելի է պատերազմը կանխել միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցում:
-Նախ, եթե խոսենք Ռուսաստանի դիրքորոշման մասին, կարող եմ ասել, որ այն չափազանց անհարմար վիճակում է: Հայաստանը Ռուսաստանի անվիճելի դաշնակիցն է, ռուսները եւ հայերը միանշանակ ունեն ընդհանուր արժեքներ: Սակայն կա Ադրբեջանը՝ շատ բարդ եւ վտանգավոր երեւույթ, որը հարում է Հյուսիսային Կովկասին: Դա պարտադրում է Կրեմլին ժպտալ Ադրբեջանին: Գիտեք՝ բուժքույրերն են այդպես ժպտում հոգեկան խնդիրներ ունեցողներին, որպեսզի վերջիններս չվնասեն իրենք իրենց եւ մյուսներին: Սակայն խնդիրն այն է, որ ադրբեջանական ռեժիմը, նույնիսկ այժմ գտնվելով խորը ճգնաժամային վիճակում՝ գումար չի խնայում իր «խավիարային դիվանագիտության» համար: Հիմքեր կան կարծելու, որ տարբեր մակարդակների որոշ ռուս գործիչներ չեն կարող դիմակայել գայթակղությանը: Կարծում եմ, որ պատերազմը կարելի է կանխել միայն ադրբեջանական ղեկավարության նկատմամբ ճնշումներ գործադրելով: Պետք է մշակվի պատժամիջոցների համակարգ, որոնք պետք է գործեն ամեն կրակոցից հետո:
-Հաշվի առնելով շփման գծում տիրող իրավիճակը՝ բանակցությունների վերսկսման համար որեւէ նախադրյալ կա:
-Բայց ո՞ւմ հետ խոսել: Հիմա բոլոր բանակցություններն անիմաստ են: Ադրբեջանն իրավիճակը փակուղի է մտցրել եւ ինքը հայտնվել փակուղում: Ադրբեջանի հասարակությունն այնպիսի իրավիճակում է, որ մեծ ջանքեր կպահանջվեն, որպեսզի վերադառնան բանակցությունների ձեւաչափին: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի տնտեսությունը ոչ թե վատ, այլ ողբերգական վիճակում է: Այդ պատճառով որեւէ բան կանխատեսելն անիմաստ է: Լավ սցենարը կլինի շփման գծում լարվածության աստիճանաբար թուլացումն, ու ամենաուշը մեկ տարի անց բանակցությունների սեղանին վերադառնալը: Բայց դա պետք է տեղի ունենա ԼՂՀ-ի` որպես իրավահավասար կողմ բանակցությունների սեղանին վերադառնալու դեպքում: Հակառակ դեպքում դա նվաստացուցիչ կլինի հայկական կողմի համար:
-Դուք մեկ անգամ չէ, որ դատապարտել եք Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ որոշում պետք է կայացվի այդ հարցում, հատկապես երբ դա Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական պատճառներից մեկն է:
-Այստեղ ոչ մի արդարացում չկա: Պետք է գոնե 30 տարի դեպի առաջ մտածել: Ով կլինի Ադրբեջանում իշխանության, մենք չենք կարող կանխագուշակել: Չնայած ժամանակակից միտումները հաշվի առնելով՝ դրանք կարող են լինել ոչ հաճելի կերպարներ, այդ թվում ուղարկված «եղբայրական Թուրքիայի» կողմից: Բայց մենք կարող ենք կանխատեսել, որ այդ բոլոր «Солнцепек»-ները եւ հրթիռային համակարգերը կլինեն ինչպես նորը եւ կարող են ուժեղ հարվածել ռուսական տարածքին: Այդպիսի տեսակի զենքն ունի պահպանության երկար ժամկետ: Սա այն մարդկանց համար, ովքեր պնդում են, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Չնայած դա շատ վնասակար կարծրատիպ է: Բարոյականություն պետք է լինի գոնե դաշնակցի հետ:

Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

 
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է` ԻՆՔԸ ՀՈՂ ԶԻՋՈՂ ՉԷ

Ապրիլի 26-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշել էր. «Մենք ձեր /Ադրբեջանի Ա. Թ./ հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»:

Աժ փոխխոսնակի այս խոսքերը ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլեւ Ադրբեջանում բուռն քննարկումների առարկա են դարձել:
Այս առնչությամբ երեկ «ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:
-Տիկի՛ն Նաղդալյան, այս օրերին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում եւ թե՛ Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում է ազատագրված տարածքների վերադարձի վերաբերյալ Ձեր կողմից արված հայտարարությունը: Շատերն անգամ պահանջում են Ձեր հրաժարականը: Դուք պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:
-Ես մտածում եմ, որ այդ ամբողջ պատմությունն ապատեղեկատվություն է եւ խեղաթյուրված պատկեր է ներկայացնում, որը որոշ իմաստով նաեւ միտումնավոր է: Մեր հասարակությունը եւ մեր լրատվական դաշտը այս պահին ղեկավարվում են տեղեկություններով, որոնք անհիմն են, սուտ են: Եւ ես որեւէ հիմք չունեմ ընդունելու այն մեղադրանքները, որոնք հնչում են, որովհետեւ առաջին հերթին ես հող տվող չեմ, իմ կյանքն ու կենսագրությունը նախեւառաջ խոսում է այն մասին, որ ես ամբողջ կյանքում պայքարել եմ հողի եւ Արցախի ազատության ու կյանքի իրավունքի համար: Իսկ ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների բովանդակությանը, որը որ բացատրել եմ, ապա ես բացատրել եմ այն, ինչ-որ եղել է 2010-2011 թվականների քննարկումների բովանդակությունը:
-Նշում եք, որ «այդ պատմությունը ապատեղեկատվություն է», այսինքն՝ ինչ, Դուք չեք ասե՞լ այն, ինչ ասել եք, ի վերջո, որտե՞ղ է ապատեղեկտվությունը:
-Շատ պարզ ապատեղեկատվություն է, որը շատ հաճախ օգտագործվում է մեր լրատվական դաշտում: Տեսանյութը որը որ տեղադրված է, շատ մարդկանց հետ խոսել եմ կամ հարցրել եմ՝ նայե՞լ ես տեսանյութը, լսե՞լ ես՝ ես ինչ եմ ասել, լսել ես՝ ինչի մասին է: Կոնտեքստից պոկում են մի հատ նախադասություն ու սկսում են այդ նախադասության վրա բան կառուցել: Սա պարզ աղավաղում է, որը տեղի է ունեցել տվյալ դեպքում:
-Տիկի՛ն Նաղդալյան, իրավիճակը շտկելու նպատակով ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:
-Քանի որ լրատվական դաշտում բավականին լուրջ ապատեղեկատվություն կա, պատրաստ եմ լրագրողներին հրավիրել ինձ մոտ` մամուլի ասուլիսի եւ բազմակողմանի պատասխանել բոլոր հարցերին: Որ բոլորդ տեսնեք եւ համոզվեք, որ այդ ամենի մեջ բացարձակապես որեւէ հիմք չկա:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակազմը զարմացած է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ իրենց հասցեագրած մեղադրանքներից: ՀՀ ՏՄՊՊՀ-ն վեց ամիս ստուգումներ իրականացնելուց հետո հայտարարել է, որ մենաշնորհային դիրք ունեցող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չարաշահումներով է աշխատում, եւ ներկայացվող 250 մլն դոլարի ներդրումներն իրականում ուռճացված են: Իսկ ծառայությունների ու ապրանքների գնումներն էլ իրականացվում են ՀՀ օրենսդրության խախտումներով: «Մենք չենք մեկնաբանում, որովհետեւ վեցամսյա ստուգումներից հետո հարցումներ ենք ստացել ՏՄՊՊՀ-ից եւ 1420 էջանոց պատասխան ենք տվել: Եւ այդ վեցամսյա ստուգումներից հետո իրենք մեզ համարել են մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն՝ վագոններ վերանորոգելու հարցում: Բացի այս, մենք 100 տոկոսանոց հայկական կազմակերպություն ենք, եւ այդ գումարները ռուսական են, մեր հիմնադրինն են, ու նրանք մեզ ամեն տարի ստուգում են, աուդիտ են անցկացնում, որպեսզի տեսնեն, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԿԵ մամլո քարտուղար Վարդան Ալոյանը:

 

ՓԱԽԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԳՏԵԼ ԵՆ
Ինչպես արդեն գրել էինք՝ ապրիլի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանը: Իրավապահները նախօրեին՝ փախուստից երկու շաբաթ անց, նրան հայտնաբերել են: Հիշեցնենք, որ «Նուբարաշենում» իր ազատազրկումը կրող Սպարտակ Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ հեռախոսի եւ համացանցի միջոցով բազմաթիվ անձանցից խարդախությամբ գումարներ է հափշտակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալին հայտնաբերել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները:

 

ՄԱՑՈՆ ՆՈՐ «ԳՈՐԾ» ՈՒՆԻ
Քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Ամանորի գիշերը Երեւանի Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ իբր ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Իրականում ոստիկաններն էին նրա նկատմամբ բռնություն գործադրել: Ինչեւէ, գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործի քննությունը հանձնարարվել է տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Մացոյին: Նա Մարտի 1-ի գործերով բազմաթիվ դատեր է վարել, այդ թվում՝ հանրահայտ «Յոթի գործը»: Համարենք, որ Մացոն այն դատավորներից է, որին եթե հրահանգեն, ապա անգամ իր ընտանիքի անդամներին Քենեդու սպանության համար կդատապարտի:




Լրահոս