Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները, որոնք մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժն են կազմում, ինչպես այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, մարտին եւս շարունակել են նվազել:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին արտերկրից փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան ուղարկված եւ այստեղից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել է 38 մլն 94 հազար դոլար: Անցած տարվա մարտին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 51 միլիոն 240 հազար դոլար: Այսինքն՝ մեկ ամսվա կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է մոտ 26 տոկոս:
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, տրանսֆերտների ծավալների անկումը սկսվել է 2014 թվականի դեկտեմբերից եւ այն անշեղորեն շարունակվում է մինչ օրս: Նվազման դինամիկան առավել պատկերացնելու համար նշենք, որ 2014-ի մարտին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 80 մլն 766 հազար դոլար, անցած տարվա 51 մլն 240 հազար եւ այս տարվա 38 մլն 94 հազար դոլարների դիմաց:
Այս տարվա առաջին եռամսյակի ընդհանուր արդյունքներով տրանսֆերտները կազմել են 92 միլիոն 629 հազար դոլար, անցած 2015 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 106 մլն 803 հազար դոլար: Նկատենք, որ 2014 թվականի առաջին եռամսյակում, երբ տրանսֆերտների նվազման գործընթացը չէր սկսվել, եւ իրադարձությունների նման ընթացք ոչ էլ նշմարվում էր, տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 2017 միլիոն 340 հազար դոլար:
Տեղեկացնենք, որ տրանսֆերտները Հայաստանի տնտեսության համար նույնն են, թե հիվանդի համար արհեստական սնուցումը: Սակայն հիվանդն արհեստական սնուցմամբ կազդուրվում է, քանի որ բժիշկները զուգահեռ նրան բուժում են: Ի վերջո, երբ հիվանդի արհեստական սնուցումը անջատում են, նրա օրգանիզմը սկսում է ինքնուրույն գործել: Երբ հնարավոր չի լինում հիվանդի ինքնուրույն նյութափոխանակությունը վերականգնել, նա պարզապես մահանում է: Այս սկզբունքը գործում է նաեւ տնտեսության դեպքում: Փաստորեն 2000-ական թվականների սկզբից սկսած արտերկրից Հայաստան փոխանցված գումարները տարեցտարի աճել են մինչեւ 2014 թվականի հոկտեմբերը: Այդպիսով մեր տնտեսությունը «արհեստական սնուցում» է ստացել, եւ եթե ՀՀ իշխանությունների ուշքումիտքը պետական միջոցները թալանելը չլիներ, ապա այսօր արդեն միայն այդ ներարկումների հաշվին Հայաստանի տնտեսությունը վաղուց արդեն դինամիկ զարգացման ուղին բռնած կլիներ: Բայց իրականությունն այն է, որ տրանսֆերտների աստիճանական նվազման պայմաններում մենք ականատես ենք լինում, թե ինչպես է տնտեսությունն աստիճանաբար մահանում:
Ի դեպ, Հայաստանի տնտեսության արհեստական սնուցման մյուս օղակը պղնձի խտանյութի արտադրությունն է: Վերջին երկու տարիներին պղնձի խտանյութի արտահանման ծավալները անընդհատ աճում են: Օրինակ՝ 2015-ի առաջին եռամսյակում 2014-ի նույն շրջանի համեմատ պղնձի խտանյութի արդյունահանման եւ արտահանման ծավալներն աճել էին ավելի քան 50 տոկոսով, այս տարի անցած տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է ավելի քան 30 տոկոսով: Սակայն պղնձի խտանյութի արդյունահանման արդյունքում ստացվող գումարները շատ չնչին են աճել: Բանն այն է, որ 2014-ի դեկտեմբերից պղնձի միջազգային գները շարունակաբար նվազում են: Այն ժամանակ պղձի մեկ տոննայի արժեքը 6 հազար 500-ից 70 հազար դոլար էր, այժմ այն 5 հազար դոլարի սահմաններում է: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արդյունահանվել է 92 հազար 900 տոննա պղնձի խտանյութ: 2014 թվականի վերջի` մինչ պղնձի միջազգային գների նվազման եւ ներարժեքի գումարային տարբերությունը կազմում է մոտ 140 մլն դոլար: Ստացվում է, որ այսքան գումարը Հայաստանը կորցրել է մեկ եռամսյակի կտրվածքով` միայն միջազգային գների անկման արդյունքում պղնձի խտանյութը նախկինից ավելի էժան վաճառելու պատճառով:
Փաստորեն, վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի ֆինանսական մուտքերը հիմնականում երկու ճանապարհով էին ստացվում` տրանսֆերտներ եւ պղնձի խտանյութի արդյունահանում: Երկու դեպքում էլ անկում ունենք: Եթե առաջինի անկումը հանգեցնում է զուտ տնտեսության կազմալուծմանը, ապա պղնձի խտանյութի էժանացման արդյունքում հանքերը ստիպված են ավելացնել արդյունահանման ծավալները, որպեսզի իրենց գործունեությունը ֆինանսածածկվի, կամ այլ կերպ ասած՝ վնասներ չկրեն: Արդյունքում ընդերքը դատարկվում է, սակայն պետության տնտեսությունում շատ չնչին գումարներ են գալիս: Ստեղծված իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ հանքերը ստիպված են շարունակել էժան գնով պղնձի հանքանյութը արդյունահանել, քանի որ հակառակ դեպքում աղետը հանքերի եւ ողջ Հայաստանի տնտեսության համար կլինի անխուսափելի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը երեկ տարածված հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Ադրբեջանի հետ շփման գծի հատվածում նկատվում է թշնամու զինված ուժերի զորքերի տեղաշարժ եւ տարբեր ուղղություններում զինված ուժերի կուտակում: Ավելի ուշ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատեց իր զինված ուժերի տեղաշարժի մասին տեղեկությունը: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե ադրբեջանական զինուժի տեղաշարժն ինչ նպատակներ կարող է հետապնդել: «Նրանք կա՛մ ուզում են ուժով ազդեցություն գործել, համոզել մեր իշխանություններին, որ գնան այդ փուլային տարբերակին, կա՛մ էլ նոր հարձակում կսկսեն Հայաստանի սահմանի ուղղությամբ: Ինչու եմ դա ասում, որովհետեւ Նախիջեւանի ուղղությամբ կուտակումներ կան, նրանք մեզ ստիպում են, որ մենք մեր զորքերը պահենք Նախիջեւանի ուղղությամբ, ոչ ոքի չկարողանանք տեղափոխել Արցախ եւ այնտեղ սահմանն ավելի ամրապնդել: Տա Աստված, որ ես սխալվեմ, բայց նորից Ադրբեջանը փորձում է գնալ բախտախնդրության, մենք պարտավոր ենք պատրաստ լինել»,- ասաց Եղիազարյանը:
ԿԳՆԱ ԳԵՐՄԱՆԻԱ
ԱԺ վերջին՝ անցած շաբաթ տեղի ունեցած քառօրյայից հետո իշխանական շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն առաջիկայում բուժման նպատակով կրկին կմեկնի Գերմանիա: Ըստ այդ լուրերի՝ Գալուստ Սահակյանը Գերմանիա է մեկնելու մայիսի 16-ին այսինքն՝ հաջորդ քառօրյայի մեկնարկի օրը: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե խորհրդարանի նախագահի առողջական վիճակը որքանով է կարգավորվել: «Գալուստ Սահակյանն ամեն օր գալիս է աշխատանքի, իսկ առողջական վիճակի բոլոր հարցերը համապատասխան տիրույթում են, եւ ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»,- ի պատասխան՝ ասաց Արսեն Բաբայանը:
ՀԵՐԹԱԿԱՆ ԳԾՈՒԾԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Արցախին օգնելու համար հանգանակել է 600 հազար դրամ: Նրա մեկամսյա աշխատավարձն հենց այդքան է: Նկատենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ իր ներկայիս պաշտոնը ստանձնելիս, Լոքյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության շինություն: Նրա դրամական միջոցները նախարար դառնալու պահին կազմել են 4 հազար դոլար եւ 2 հազար եվրո: Սակայն նրա հիմնական ունեցվածքը նրա բաժնեմասերն են, որոնք ներդրված են երեք ձեռնարկություններում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 142 մլն 70 հազար դրամ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՈՒՇԱԳՐԱՎ ԱՌԱՋԱՐԿ
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը երեկ ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ: Նա, մասնավորապես, առաջարկում է զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Նախագծում նշված է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»: Անդրադառնալով այդ առաջարկին` ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ArmLur.am-ին ասել է, որ ներկայացված առաջարկը բավականին հետաքրքիր է: «Պետք է մտածել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարելի է մեր բժիշկների, մասնագետների հետ քննարկել դա»:
ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ
Բուհական տարկետումը վերացնելու եւ 18 տարին լրացած արական սեռի բոլոր երիտասարդներին բանակ զորակոչելու՝ կառավարության նախաձեռնության կապակցությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը «Ազատության»-ն ասել է, թե այդ նախաձեռնության կենսագործումը բանակում էական փոփոխությունների չի բերի, ավելին՝ իր բացասական ազդեցությունը կթողնի կրթության եւ գիտության ոլորտների վրա։ ՀՀԿ անդամը ծիծաղելի է համարում գաղափարի հեղինակների այն փաստարկը, թե պատերազմող երկրին դա մեծ օգուտ կբերի։
«Պատերազմը հատուկ դիրեկտիվներով կարելի է կարգավորել արդեն ընթացքում, ընդհուպ՝ մինչեւ 50 տարեկաններին բանակ տանելը, կանանց բանակ տանելը, դա ուրիշ խնդիր է։ Մենք ունենք, օրինակ, 75 տղամարդ ասպիրանտ, սրանց եթե տանենք բանակ, մեր ռազմական խնդիրները կլուծվե՞ն։ Դա ծիծաղելի է»:
ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Hraparak.am-ի տեղեկացմամբ` Դաշնակցության հայաստանյան կառույցի ընդհանուր ժողովի արդյունքում որոշվել է ՀՅԴ գերագույն մարմնի կազմը դարձնել 13 հոգի՝ նախկին 11-ի փոխարեն: Մասնակիցների 2/3-ի ձայներով հենց առաջին փուլում ընտրվել են ՀՅԴ երեք նախարարները՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ինչպես նաեւ ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավորներ Միքայել Մանուկյանը եւ Աղվան Վարդանյանը: ՀՅԴ ԳՄ անդամներ են ընտրվել նաեւ սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը, Հրաչ Թադեւոսյանը, Պետրոս Մեղրյանը, Աշոտ Փափազյանը (մականունը՝ «Պադոշ»), Իշխան Սաղաթելյանը՝ երիտթեւի ներկայացուցիչ, Շիրակի նախկին մարզպետ, այժմ ջրային կոմիտեի պետի տեղակալ Ռոմիկ Մանուկյանը, Գագիկ Գեւորգյանը եւ երգիչ Սմբուլը: Իսկ ՀՅԴ ԳՄ նոր ներկայացուցիչ է ընտրվել Աղվան Վարդանյանը` փոխարինելով Արմեն Ռուստամյանին:
ՎԵՑԵՐՈՐԴ ՓՈՐՁԸ
Հինգ կուսակցություն փոխած ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել։ Կուսակցությունը կլինի ազգային-ռեֆորմիստական գաղափարախոսությամբ: Պատգամավորի օգնականը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չի բացառվում, որ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ եւս անդամակցեն այդ կուսակցությանը»: