ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՂԵԿԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՄԱՇՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից հետո մայրաքաղաքում գործող հասարակական տրասնպորտային միջոցներում անցկացված ստուգումների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, օրեր առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից հետո հասարակական տրանսպորտային միջոցներում իրականացված ստուգումները ի՞նչ տվեցին:
-Երեւանում միկրոավտոբուսի շահագործման տարիքը 5 է, իսկ ավտոբուսինը՝ 10, մինչդեռ 2012 թվականից մինչ օրս Երեւան ոչ մի հատ շարժակազմ չի մտել: Այսինքն՝ Երեւանում ամենաերիտասարդ ավտոբուսը 4 տարեկան է, որը, սակայն, հաջորդ տարի մենք չպետք է շահագործենք: Մեխանիզմը մաշվում է, որը 100 տոկոսով վերականգնել հնարավոր չէ: Դա բացառվում է: Նույն եւ ավելի վատ վիճակում են գտնվում երթուղի սպասարկող ավտոբուսները, որովհետեւ դրանց ծախսերն ավելի են: Մարդիկ չեն հասցնում իրենց հավաքած գումարով այդ մեքենաները պահել նորմալ վիճակում: Ի՞նչ նշանակություն ունեն այդ ստուգումները կամ փոխադրողին 50 հազար դրամ վարչական տուգանք նշանակելը այն դեպքում, երբ նրա հարցերը դատարանն արդեն լուծել է: Այսօր շատ փոխադրողներ ֆինանսական խնդիրների պատճառով դատարաններից տուն չեն գնում:
-Իսկ ստուգումների արդյունքում կոնկրետ ի՞նչ տեսակի խախտումներ բացահայտվեցին:
-Մեր «խելոք» համաքաղաքացին պայթեցրեց ավտոբուսը, եւ դրանից հետո տհաճ պատկեր բացվեց ու դրվեց մեր առջեւ: Իսկ մինչ այդ ոչ ոք դրա մասին չէր խոսում, մեզ ոչ ոք չէր նկատում: Ստուգումների արդյունքում բացահայտվեց, որ այսօր Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա: Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում եւ այլն: Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Չի կարելի: Ի՞նչ եք կարծում՝ տուգանելը բա՞ն կփոխի:
-Ձեր կողմից նշված խախտումները կոնկրետ ո՞ր երթուղիներում են հայտնաբերվել:
-Բոլոր: Չկա այնպիսի ձեռնարկություն, ընկերություն, որտեղ այդ խնդիրները չկան: Ամենավատ մեքենաները «Բոգդան» տեսակի ավտոբուսներն են, որովհետեւ դրանց ամրությունը լավ վիճակում չէ, շահագործելու մեքենաներ չեն: Իսկ մյուս՝ չինական արտադրության ավտոբուսների պահեստամասերը փոխարինելը մեծ դժվարությունների հետ է կապված. լեզվի խնդիր կա, հեռավորությունը եւ այլն: Լինում են դեպքեր, երբ պատվիրում են մի պահեստամաս, բայց մեկ այլ պահեստամաս է գալիս: Չինական կողմից պատճառաբանում են, որ ճիշտ չի թարգմանվել: Բայց անգլերենից թարգամանում են չինարեն եւ պատվիրում են, ենթադրենք՝ հետին կամրջակ, բայց գալիս է առջեւի կամրջակ:
-«Ժողովորդ»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստանում մայրաքաղաքի միկրոավտոբուսների ոչ սարքին վիճակի հետ կապված: Կան միկրոավտոբուսներ կամ ավտոբուսներ, որտեղ նստարան չկա, կամ էլ նստատեղերն են վնասված: Իսկ կեղտոտ նստարանների մասին ավելորդ է խոսելը:
-Որտեղից լինի, երբ ամեն երեկո վարորդը այնքան չնչին գումար է տանում, մուծում, որը չի բավարարում մեքենաները նորոգելու համար: Եթե գծատերն ունի 50 մեքենա, երկուսը կանգնեցնում է, հետո դրանց պահեստամասերը տեղադրում է այն 48-ի վրա եւ այդ կերպ յոլա գնում: Անշահութաբեր է: Իսկ տուգանելը ոչ մի խնդիր չի լուծում:
-Իսկ մեքենան նորոգելը ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում՝ վարորդի՞, թե՞ գծատիրոջ:
-Գծատիրոջ, բայց հարցնում եմ՝ ինչո՞վ: Չկա այդ գումարը: Եթե ինքը ավելի քիչ է վերցնում, քան ներդնում է, ապա ինչո՞վ նորոգի:
-Լավ, իսկ այս հարցի լուծման ի՞նչ տարբերակ եք հնարավոր համարում:
-Ես առաջարկում եմ ոչ միայն ուղեվարձը թանկացնել, այլեւ հասարակական երթուղի սպասարկող վարորդներին գազն ու դիզվառելիքը շուկայականից էժան գնով առաջարկել: Մենք վնասվում ենք, գոնե այդպես մեր վնասների չափը կնվազեցվի: Պահեստամասերը նույնպես թանկացել են: Սրանք ուղիներ են, որոնք մեզ՝ փոխադրողներիս, թույլ կտան մի փոքր շնչել:
-Պարո՛ն Եղիազարյան, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղյա՞կ է Երեւանում շահագործվող հասարակական տրանսպորտի խնդիրներից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք վերացնելու ուղղությամբ:
-Ենթադրենք՝ դրանք իմ սեփականությունն են, եւ ես պայմանագրով քաղաքապետարանի հետ աշխատում եմ, ապա ի՞նչ կարող են նրանք անել: Իրենց ձեռքը ոչինչ չկա: Մրցույթը հայտարարել են, ես շահել եմ եւ սպասարկում եմ երթուղին: Ի դեպ, արդեն 5-րդ տարին է, ինչ հայտարարված մրցույթներին ոչ մի ընկերություն չի մասնակցում: Սա ինչի մասին է խոսում…
-Այսինքն՝ մրցույթին մասնակցելուց եւ շահելուց հետո քաղաքապետարանը չի՞ ստուգում, թե մրցույթը շահած ընկերությունն ի՞նչ տրանսպորտային միջոց ունի, կամ դրանք սարքի՞ն են, թե՞ ոչ:
-Դա խորհրդային տարիների մտածելակերպ է, սուբյեկտ գտնեն, որ պատժեն…
-Եթե ընկերությունը մրցույթը շահել է, իսկ տրանսպորտային միջոցը սարքին վիճակում չէ, ապա օդում կախվա՞ծ է մնում ուղեւորի անվտանգության հարցը:
-Ենթադրենք՝ ես գծատերն եմ, եկել են ստուգումների, ու հարցնում են, թե ինչու են ձեր մեքենայի անվադողերը մաշված: Ես էլ ասում եմ, որովհետեւ փող չունեմ՝ դրանք նորով փոխարինելու համար:
Հ.Գ. Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները եւ ուսումնասիրել բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը: Հուսանք՝ քաղաքապետի այս հանձնարարականը դրական փոփոխություններ կմտցնի Երեւանի հասարակական տրանսպորտում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳԵԼՈՎ՝ ՀՈՂ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ
Ներկայումս Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է, ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթեր է արձակում մարզի պաշտպանական դիրքերի, բայց ոչ սահմանամերձ գյուղերի վրա: Տավուշցի գյուղացիներն օգտվելով հարաբերական անդորրից՝ զբաղվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներով: Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանից տեղեկացանք, որ Ադրբեջանին սահմանակից գոտում են գտնվում գյուղի խաղողի այգիներ, խոտհարքներ, աշնանացան ցորենի արտեր: Գյուղապետի խոսքով` համագյուղացիները իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ սահմանին կից տարածքների մեծ մասը մշակում են, սակայն որոշ հողեր անմշակ են մնում: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը հայտնեց, որ Մովսեսի սահմանամերձ գոտում են գտնվում սեփականաշնորհված հողատարածքներ, այգիներ, դրանց մեծ մասը մշակվում է: Գյուղապետն ասաց, որ սահմանին առավել մոտ հողատարածքները նախկին տարիների նման չեն մշակվում: Մովսեսի սահմանագոտում չմշակվող տարածքները կազմում են շուջ 60 հեկտար: Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանն էլ հայտնեց, որ գյուղի սահմանամերձ գոտում մշակովի հողատարածքներ են, այնտեղ այգիներ չկան: Այդ հողամասերում իրականացվել է աշնանացան ցորենի ցանք, արտերը մոլախոտերից ազատելու համար կատարել են քիմիական մաքրման աշխատանքներ:
Գյուղապետ Բադիրյանը, ով 1990-ական թվականների ազատամարտի մասնակից է, նշեց, որ Վազաշենի հողերից 1500 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ադրբեջանցիները դրանց մի մասը մշակում են, ցորեն են ցանել: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի համայնքի լավագույն հողերը՝ շուրջ 1000 հեկտար եւս գտնվում են սահմանագոտում եւ չեն մշակվում: 2015թ. հուլիսին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Կոթիում 27.5 հեկտար ցորենի արտ առանց հնձելու մնաց: Մի քանի օր առաջ կառավարությունը ակնկալված բերքի դիմաց փոխհատուցելու նպատակով արտերի տերերին 9 միլիոն դրամ տրամադրեց: Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի ամենաբերրի հողերը՝ ավելի քան 700 հա, գտնվում են հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին՝ ադրբեջանցիների վերահսկողության եւ մշակության տակ: Բերքաբերցիներին մնացել են արհեստական լճի աջ ափին գտնվող հողատարածքները, որտեղ նրանք հացահատիկ են ցանել: Սահմանամերձ, չմշակվող հողերի խնդիրն առկա է նաեւ Տավուշ մարզի Բարեկամավան, Բերդավան, այլ համայնքներում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ՈՐԴԵԳՐՎԵԼ Է 151 ԵՐԵԽԱ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարի Հայաստանում գործել է երեխաների խնամքի եւ պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն: Դրանցից 7-ը պետական է՝ 1-ական` Երեւանում, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերում եւ 2-ը՝ Շիրակի մարզում: Միակ ոչ պետական գիշերօթիկը եւս Շիրակի մարզում է: Ի դեպ, գիշերօթիկ հաստատությունների շենքերը նախատեսված են եղել 975 երեխայի համար, սակայն անցած տարեսկզբին գիշերօթիկ հաստատությունների սաների թվաքանակը կազմել է 701: 154 երեխա գիշերօթիկից դուրս է եկել, որից 124-ը վերադարձել է հարազատների մոտ, 1-ը տեղափոխվել է մանկատուն կամ խնամքի այլ հաստատություն, իսկ 29-ը դուրս է եկել այլ պատճառներով: Անցած տարվա ընթացքում գիշերօթիկ են ընդունվել 144 երեխա, եւ տարեվերջին գիշերօթիկների ընդհանուր սաների թիվը կազմել է 691: Նշենք, որ նրանցից 419-ը դպրոց հաճախող են, իսկ 7-ը՝ հաշմանդամ:
2015 թվականին գիշերօթիկ հաստատությունների ֆինանսական մուտքերը կազմել են մոտ 1 մլրդ դրամ, որից 902 մլն 441 հազար 100 դրամը կազմել են պետբյուջեի միջոցները, իսկ 74 մլն 180 հազար դրամը՝ նվիրատվությամբ տրված գումարները: Իսկ, ահա, անցած տարվա ֆինանսական ծախսերը կազմել են 976 մլն 356 հազար 100 դրամ: Ի դեպ, միայն աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները կազմել են 585 մլն 402 հազար դրամ: Սրան զուգընթաց նշենք, որ աշխատակազմի թվաքանակը կազմել է ընդամենը 653:
Տեղեկացնենք, որ անցած տարի կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 151, որոնց 45.7 տոկոսը աղջիկներ են: Ի դեպ, որդեգրման ենթակա 71 երեխա ունեցել է երկու ծնող, իսկ որդեգրված 56 երեխա՝ միայնակ մայր: Մայրաքաղաք Երեւանում որդեգրվել է 73 երեխա, Շիրակի մարզում՝ 36, Լոռիում՝ 12, Արմավիրում՝ 11: Իսկ հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը կազմել է 232, որից 123-ը՝ ՀՀ-ում բնակվող, իսկ 109-ը արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են:




Լրահոս