ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Դաշնակցության” մամլո դիվանի պատասխանատու, ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ն միանշանակորեն ընդդիմություն է ու դա ապացուցում է իր ամենօրյա աշխատանքով:
-Պարո՛ն Շահբազյան, նախօրեին ՀՅԴ-ն հաղորդագրություն է տարածել, որի բովանդակությունը բոլորի մոտ տարբեր հարցեր է առաջացրել: Այնտեղ շատ “մութ” կետեր կան, նշվում է, թե “առկա մարտահրավերները դիմագրավելու համար ՀՀ-ն պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի եւ վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն”: Ինչպե՞ս հասկանալ սա:
-Դրանից պարզ ինչպե՞ս գրվեր: Լինելու է ակտիվ քաղաքականություն:
-Իսկ հնարավո՞ր է՝ այդ ակտիվ քաղաքականությունը լինի իշխանությունների հետ համագործակցության տեսքով:
-Ակտիվ քաղաքականություն ասելով՝ դա՞ հասկացաք: Մենք այն, ինչ գրել ենք, ուղիղ ենք գրել: Արտաքին քաղաքականության մեջ եթե անհրաժեշտ է լինում, մենք օժանդակում ենք ու կշարունակենք օժանդակել: Հայ դատի գրասենյակները հիմնականում դրանով են զբաղված: Բայց սա առաջին դեպքը չէ, որ ասվում է՝ Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարի: Ներքին առումով պետք է լինի ուժեղ, որպեսզի կարողանա դիմագրավել նաեւ հնարավոր արտաքին ճնշմանը: Շատ պարզ է ասված:
-Դեռեւս 2009թ. ՀՅԴ-ն կոալիցիա էր կազմել իշխանությունների հետ, հնարավո՞ր է՝ կրկին կոալիցիա կազմեք ու այդ կերպ շարունակեք Ձեր քաղաքականությունը: 
-Մենք առաջիկա տարիներին չենք տեսնում մեզ նոր կոալիցիայի մեջ, այդպիսի հեռանկար չի տեսնում ՀՅԴ-ն: Այս իշխանությունների հետ նման հեռանկար հնարավոր չէ տեսնել: Միշտ էլ մյուս կուսակցությունների հետ եղել են համագործակցություններ, հիմա էլ հնարավոր է գործակցություն: Հիմա էլ ենք գործակցում, օրինակ, խորհրդարանի մակարդակով:
-Եթե որեւէ հեռանկար չեք տեսնում իշխանությունների հետ, այդ դեպքում ինչո՞ւ է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարբերաբար հանդիպումներ ունենում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: Դա տարակուսանք է առաջացնում բոլորի մոտ:
-Գիտեք ինչ, Հրանտ Մարգարյանը տարբեր առիթներով տվել է դրա բացատրությունը, ու կարծում եմ, որ շատ հստակ է տվել: Հայաստանի պետության ղեկավարը եւ համահայկական կուսակցության ղեկավարը չեն կարող չհանդիպել, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց շուրջ քննարկումներ պետք է լինեն: Եթե թշնամիներն անգամ պատերազմի ժամանակ կարող են իրար հետ հանդիպել, ապա այս խաղաղ պայմաններում, մանավանդ մի երկրի, մի համահայկական կուսակցության ղեկավար եւ մի պետության ղեկավար չեն կարող ընդհանուր հետաքրքրող խնդիրների շուրջ չհանդիպել ու չզրուցել: Դրանից կարելի է եզրակացնել, որ եթե խոսում են, ուրեմն հայկական շահերի մասին են խոսում, որոշ տեղերում, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ աշխատանքի համադրման մասին են խոսում: Բնականաբար, խոսում են ընդհանուր շահերի ու աշխատանքների մասին:
-Իսկ այս իշխանությունների ստեղծած պայմաններում ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է նորմալ աշխատել, որի արդյունքում կարելի է ինչ-որ բանի հասնել:
-Մենք ունենք տարբեր դժգոհություններ եւ արտահայտել ենք, բայց թեկուզեւ այն, որ այսօր խորհրդարանում ,Դաշնակցությունե-ն առաջարկում է, առաջարկություններ է անում, քննարկումների է մասնակցում, նշանակում է, որ մենք աշխատում ենք, չէ՞, իշխանությունների հետ: Դա աշխատա՞նք չէ: Այդ ամենն աշխատանք է:
Սփյուռքի ձեր համախոհները տեղյա՞կ են ձեր հաղորդագրությունից ու հետագա քայլերից…
-Մենք բոլորս միասին ենք այս բոլոր խնդիրները քննարկել, ինչը որ կարդում եք, այս ամենին կողմնակից են ներկայացրած խորհրդաժողովի ներկայացուցիչները:
-Այսօր ընդդիմադիր դաշտը լճացել է, ու բոլորի համար անհասկանալի է, թե որտեղ է իրական ընդդիմությունը: Ի վերջո, ՀՅԴ-ն ընդդիմությո՞ւն է:
-Հստակորեն դա կարելի է այդպես ասել, որեւէ բան չի փոխվել, կարծում եմ, որ մեր հաղորդագրությունից էլ է դա հստակ երեւում: Ինչո՞ւ, չի՞ երեւում, որ մենք ընդդիմություն ենք, մենք ամեն օր, տարբեր խնդիրների հետ կապված, իշխանությունների հետ բանավեճերի, քննարկումների մեջ ենք: Բարձրացնում ենք տարբեր հարցեր ու լուծումներ ենք պահանջում, ընդդիմությունն ի՞նչ պետք է անի: Հո չե՞ն կրակելու իրար վրա կամ անպայման միմյանց հայհոյե՞նք, որ լինի ընդդիմություն: Ընդդիմությունն իր ընդդիմադիր գործունեությամբ է ընդդիմություն, իսկ “Դաշնակցություն”-ն էլ ընդդիմադիր գործունեություն է իրականացնում:
-Տեղեկություններ կան, որ ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանին եւ Լեւոն Մկրտչյանին ՀՀ դեսպաններ են նշանակելու: Իրենք համաձա՞յն են:
-Ես այդ մասին իմացել եմ մամուլից: Այդպիսի որեւէ հաստատված տեղեկություն չկա: Մի բան եթե հաստատ չէ, ուրեմն չի կարելի ուղղակի տեսական բաներ ասել: Հո Կիկոսի մահվան պատմությո՞ւնը չէ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
“Ժողովուրդ” օրաթերթի 606 համար




Լրահոս