Սերժ Սարգսյանի նախապայմաններից ոչ մեկն էլ Ադրբեջանի համար ընդունելի չէ.Վադիմ Դուբնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել սկսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցությունները: Ըստ այդմ, սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն մայիսի 16-ին Վիեննայում, իսկ հանդիպմանն էլ ներկա կլինեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Սակայն ՀՀ նախագահի նստավայրից երեկվա դրությամբ հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկար: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մենք կտեղեկացնենք պատշաճ կարգով», – ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը՝ երեկ նշել էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Իսկ Ադրբեջանի նախագահի վարչակազմից էլ հայտարարել էին, որ չգիտեն երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման օրը:
Առաջիկայում սպասվող հանդիպման հնարավոր ազդեցության եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկայումս իրատեսական տարբերակների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ:

-Պարո՛ն Դուբնով, այս փուլում երկու երկրների ղեկավարների հանդիպումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հակամարտության լուծման վրա:

-Ես կարծում եմ, որ դա ավելի շուտ կլինի արձանագրային հանդիպում, որը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում, ովքեր փորձում են հաշտեցնել կողմերին կամ գոնե «հանգցնել» ապրիլի 2-ին Ղարաբաղում սկսված կրակը: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ սա ավելի շուտ հանդիպում կլինի հանդիպման համար, որը սակայն չի նսեմացնում դրա արժեքը: Ի վերջո, սա ավելի լավ է, քան թե ընդհանրապես հանդիպման բացակայությունը:

-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ այս հանդիպումը որեւէ էական ազդեցություն չի ունենա՞:

-Ո՛չ, որովհետեւ հակամարտող երկու կողմերի առաջարկները միմյանց համար ընդունելի չեն: Բնականաբար, Սերժ Սարգսյանը հանդիպման է գնում այնպիսի առաջարկներով, որոնք ընդունելի չեն լինի Ադրբեջանի համար եւ հակառակը:

-Սերժ Սարգսյանը բանակցությունների վերսկսման երեք նախապայման է առաջադրել: Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:

-Ես կարծում եմ, որ այս նախապայմաններից ոչ մեկն էլ Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին, դա ակնհայտ է: Այդ ուղղությամբ Հայաստանի նախագահի ցանկացած քայլ հակընդդեմ կլինի Ադրբեջանի ընդհանուր հռետորաբանությանը, որն այժմ առկա է երկրի ներսում:

-Ի վերջո, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այս փուլում նախագահները կհամաձայնեն հանդիպել:

-Ես կարծում եմ, որ հանդիպման որոշումը երկու նախագահների համար էլ շատ դժվար է տրվել: Նրանցից յուրաքանչյուրը երկրի ներսում պետք է բացատրի, թե ինչու է համաձայնել գնալ հանդիպման, քանի որ նրանցից յուրաքնաչյուրն էլ չորսօրյա պատերազմում իրենց են հաղթող հայտարարել: Ես կարծում եմ, որ հանդիպման համաձայնությունը ձեռք է բերվել համանախագահների ճնշման ներքո: Երկու կողմերն էլ որպես հաղթող են գնում, վստահ, որ իրենք են հաղթել եւ այդ պատճառով էլ կարծում են՝ բանակցելու ոչ մի իմաստ չկա:

-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք տեսնում կոնֆլիկտի լուծումը:

-Ես մոտ ապագայում չեմ տեսնում կոնֆլիկտի լուծումը: Բանակցություններ, իհարկե, հնարավոր են, սակայն հետագայում պատերազմական գործողությունները բացառելու նպատակով միայն: Կոնֆլիկտի լուծման համար հիմա չկա ռեսուրս, քաղաքական կամք եւ օբյեկտիվ պայմաններ ոչ մի երկրի կողմից:

-Իսկ Դուք կրակի դադարեցման մասին նոր համաձայնագրի կարիք տեսնո՞ւմ եք:

-Կրակի դադարեցման մասին նոր համաձայնագիրը չի կատարվի այնպես, ինչպես չի կատարվում գործողը: Այդ պատճառով ես չեմ տեսնում այնպիսի մեխանիզմներ, որոնք նոր համաձայնագրի գործելու հնարավորություններ կստեղծեն:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Մինսկի խումբն այնպես չի գործում, ինչպես պետք է գործի: Այժմ այլ ձեւաչափ է անհրաժեշտ, որտեղ համանախագահները կկարողանան անհատապես աշխատել, իհարկե, միմյանց հետ կոորդինացնելով, որը հնարավորություն կտա չեզոքացնել միմյանց միջեւ առկա ակնհայտ անհամաձայնությունները:

-Այսինքն՝ նոր ձեւաչա՞փ է անհրաժեշտ: Վերջերս կրկին ակտիվացել են Գերմանիայի դերակատարության մեծացման շուրջ խոսակցությունները:

-Ոչ թե նոր ձեւաչափ է անհրաժեշտ, այլ այն անխուսափելի է, քանի որ հինն արդեն չի աշխատում: Սակայն այն փաստը, որ հինը չի աշխատում, երաշխիք չի տալիս, որ կհայտնվի նորը: Իհարկե, փորձեր կարվեն այլ տարբերակներ գտնելու, բայց ամեն ինչ կհանգեցնի Մինսկի խմբի գոյության անխուսափելիությանը: Որքան էլ այլ փորձեր կատարվեն, վերահսկողության փաթեթը կլինի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, մի փոքր էլ Ֆրանսիայի ձեռքում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս