
Ինչպես ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստում հայտարարել էր՝ թերությունն ուղղելու ժամանակն է:
«Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»:
ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ՝ պարզելու վերջինիս տեսակետը վարչապետի հայտարարության վերաբերյալ:
«Այն, ինչ մենք ունեցանք այս քառօրյա պատերազմի ընթացքում ստիպում է արագացնել այդ բոլոր գործառույթները, որոնք մենք իրականացնում ենք մեր պետության բարեփոխման շրջանակներում, եւ այս տեսակետից կարծում եմ՝ շատ ճիշտ է, որ վարչապետը դնում է խնդիրներ, որոնց լուծման արագությունը ժամանակի հրամայական է: Մենք արդեն իսկ այդ գործերն իրականացնում ենք, պետք է պարզապես արագացնենք դրանց իրականացման տեմպը»:
Սյուզի Մուրադյան