Երևանի և Բաքվի դիրքորոշումները հակասում են գլխավոր հարցում. «Նեզավիսիմայա գազետա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները կկայանան մայիսի 16-ին Վիեննայում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ:

Փորձագետները բանակցությունները «ծայրահեղ անհրաժեշտ» են համարում, որը թույլ կտա նվազեցնել Երևանի և Բաքվի միջև լարվածությունը: «Ղարաբաղյան հակամարտությունը ընդլայնվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը»,-նշում է պարբերականը:

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, որ չնայած նրան, որ իրավիճակը ոչ այդքան կրիտիկական է, ինչպես ապրիլի սկզբին, հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է, կոնֆլիկտի կողմերն ամեն օր մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու՝ ԵԱՀԿ ՄԽ համատեղ հայտարարությունն օրինաչափ է: «Շփման գծում վերջերս տեղի ունեցած բռնության սրման և լարվածության շուտափույթ նվազման անհրաժեշտության ֆոնին մենք կարծում ենք, որ եկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակը: «Նրանց հիմնական խնդիրները կլինեն ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնության փորձել հասնել վստահության կառուցման միջոցների վերաբերյալ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի քննարկվող բաղադրիչների և սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար»,-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը հիշեցնում է պարբերականը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին դրական էր գնահատել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, նշում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Պեսկովն ասել էր, որ Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեէսկալացիային ուղղված ցանկացած քայլ:

Պարբերականն ընդգծում է այն զգուշավորությունը, որով պատասխանատու անձինք մեկնաբանում են կոնֆլիկտող պետությունների առաջնորդների հանդիպումը: «Երևանի և Բաքվի դիրքորոշումները հակասում են գլխավոր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Ադրբեջանը հակամարտության կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության վերականգնման, իսկ Հայաստանը՝ ԼՂՀ-ի սուվերենության ճանաչման մեջ»,-եզրափակում է պարբերականը:




Լրահոս