ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ մայիսի 13-ին կազմակերպել էր մասնագիտական քննարկում՝ «Ընտրական վեճերի կարգավորում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ անձինք:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումը հնարավորություն կտա լսելու տարբեր կարծիքներ և առաջարկություններ, որոնք կարող են օգտակար լինել ավելի որակյալ ընտրական օրենսգիրք ունենալու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակին՝ սերտ համագործակցության համար՝ հավելելով, որ այդ փոխգործակցությունը մշտապես եղել է արդյունավետ և փոխշահավետ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, կարևորելով Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործումը, հույս է հայտնել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը հնարավորություն կտա առաջընթաց արձանագրել:
Միջազգային համազեկուցողները ներկայացրել են ընտրական վեճերի կարգավորման ոլորտում առկա միջազգային լավագույն փորձն ու չափանիշները:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով անդրադարձել են ընտրական վեճերի կարգավորման ընթացակարգերին և դրանց կարգավորմանն ուղղված մեխանիզմներին: Քննարկվել են նաև նախագծով սահմանված առանձին դրույթներ, որոնք վերաբերում են բողոքներ ներկայացնելու և այդ բողոքները քննելու ընթացակարգերին և այլն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն