Երկու տասնամյակ Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնց գերագույն նպատակը հարստանալն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին հայացքից Հայաստանում կյանքը սովորականի պես շարունակվում է, սակայն իրականում մարդիկ ապրում են պատերազմի սպասումով, ինչը սկսում է իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա:

Ակնհայտ է, որ թշնամին պարբերաբար հոխորտալով, շփման գծում զինված ուժերի կուտակումներ ապահովելով՝ փաստացի փորձում է Արցախը եւ Հայաստանը պահել մշտական լարվածության մեջ: Դժվար է ասել, թե պաշտոնական վիճակագրության թվերում որքանով կարտացոլվեն քառօրյա պատերազմից հետո Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած խմորումները: Սակայն բավական է փոքր եւ միջին ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին հարցուփորձ անել, որպեսզի իրավիճակի լրջությունը հասկանալի դառնա:

Պատերազմի սպասումով պայմանավորված առկա լարվածության հետեւանքները Հայաստանի տնտեսության համար կարող են շատ ծանր լինել: Պատերազմական վիճակը երկրի բնակչությունից որոշակի վարքագիծ է պահանջում, որը ենթադրում է թշնամուն համախբված դիմագրավելու եւ հակահարված հասցնելուն ուղղված քայլեր: Սակայն այն նաեւ ակամա որոշակի վարք է պարտադրում, որը ենթադրում է միջոցների խնայողություն, նոր ներդրումների եւ ընդլայնումների հետաձգում ու այսպես շարունակ: Բացառությամբ մթերային խանութների, առեւտրի մնացած ողջ բնագավառում, սպասարկման, ծառայությունների մատուցման ոլորտում, շինարարական կազմակերպություններում եւ այսպես շարունակ, վերջին մեկ ամսում շրջանառությունը կրկնակի, երբեմն նաեւ մի քանի անգամ նվազել է:

Մարդկանց մեծ մասը, հնարավոր պատերազմին պատրաստ լինելու մղումով պայմանավորված, աշխատում է քիչ գումար ծախսել: Եթե որեւէ գնում կամ խնդրի լուծում հնարավոր է հետաձգել, ապա մարդիկ հենց այդպես էլ վարվում են: Քառօրյա պատերազմից հետո նման վարքը բնական է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը շարունակում է լարվածության մեջ ապրել, իսկ թե դա որքան կտեւի, հայտնի չէ, քանի որ պատերազմական գործողությունների վերսկսումը ոչ ոք չի կարող բացառել: Փաստացի պատերազմական գործողությունների բացակայության պայմաններում բնակչության լարված եւ սպասողական վիճակը կարող է փլուզել Հայաստանի՝ առանց այդ էլ ծանր կացության մեջ գտնվող տնտեսությունը:

Թվում է, թե պատային վիճակ է ստեղծվել, քանի որ սովորական կենսակերպին վերադառնալն անհնար է, պատերազմին մշտապես պատրաստ, լարված եւ սպասողական վիճակը եւս չի կարող շարունակվել: Իրականում ստեղծված իրավիճակը ամբողջությամբ ի ցույց է դնում, թե որքանով է պետական համակարգը պատրաստ երկրի անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրները լուծել:

Ով էլ ասես կարող է խաղաղ պայմաններում պետական միջոցներն աջ ու ձախ ծախսել, տարեկան 3-ից 4 հազար դրամով թոշակները բարձրացնել` միաժամանակ պետբյուջեի հաշվին միլիոնատեր դառնալով: Ավելին՝ ներկա պայմաններում ՀՀ իշխանությունները եւ հատկապես առաջին դեմքերը չեն կարող ասել, թե ի՞նչ պետք է անենք, ասեք՝ անենք:

Նրանք պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում կյանքը բնականոն հուն վերադառնա, եւ մարդիկ շարունակեն նախկինի պես ներդրումներ կատարել, իրենց ընկերությունները զարգացնել, չխուսափել շինարարական աշխատանքներ սկսելուց եւ այսպես շարունակ: Այս խնդիրը օր առաջ պետք է լուծվի: Փոքր եւ միջին ձեռներեցներն առայժմ կիսաձայն են խոսում իրենց գլխին կախված վտանգի մասին, բայց ակնհայտ է, որ եթե այսպես եւս մեկ-երկու ամիս շարունակվի, ապա բազմաթիվ ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ սնանկացման եզրին կհայտնվեն:

Եթե իշխանության գլխին կանգնածները չեն գիտակցում, թե նման պայմաններում ինչպես կարելի է երկիրը բնականոն հուն վերադարձնել` միաժամանակ պատրաստ լինելով պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, ապա կարող են խոստովանել իրենց անճարակությունը եւ ասպարեզից հեռանալ: Երկու տասնամյակ Հայաստանի պետական կառավարման համակարգը գտնվում է մարդկանց ձեռքին, ում համար գերագույն նպատակը հարստանալն է:

Սակայն ներկա պայմաններում նրանք պետական համակարգում անելիք չունեն, ինչպես ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին: Ուշադրություն դարձրեք, այսօրվա իշխանավորների մեծ մասը մարդիկ են, որոնք 1991-1994 թվականներին իրենց տաքուկ անկյուններում նստած՝ զբաղված են եղել այս կամ այն ձեռնարկության գույքը ձեռք գցելով:

Հ.Գ. Ի դեպ, այս ընթացքում թշնամին եւս մշտական լարվածության մեջ է: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը, ըստ էության, միապետություն է, որի եկամուտների զգալի մասը ստացվում է նավթի ու գազի վաճառքից: Թշնամին կարող է ամիսներով եւ անգամ տարով իր երկիրը լարվածության մեջ պահել: Նման վիճակը նույնիսկ ձեռնտու է այդ երկրի միապետին, քանի որ նա այդ կերպ բոլոր տեսակի այլախոհներին ճնշելու հիմնավոր առիթ է ստանում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս