«Բանակցությունների ո՞ր փուլում Սերժ Սարգսյանը կհնչեցնի, որ Ղարաբաղը կողմերից մեկն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա: Սպասվում է, որ Վիեննայում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հնարավոր հանդիպման շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ:

– Պարո’ն Հարությունյան, ի՞նչ սպասել  Սարգսյան-Ալիև հանդիպումից:

– Ըստ էության, այս հանդիպումը երկու նպատակ է հետապնդում: Առաջին` այդուհանդերձ վերսկսել շփումները լիդերների մակարդակով, սա իսկապես շատ կարևոր է: Երկրորդ` հանդիպումը հնարավորություն է բանակցել այնպիսի երաշխիքների շուրջ, որը հեռու կպահի ցանկացած արկածախնդրությունից:

Սերժ Սարգսյանն այդ երաշխիքների մասին խոսել էր ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Այդ հանդիպումների ընթացքում կարող ենք այն գործիքների վերաբերյալ բանակցություններ ձեռք բերել, որոնք կապահովեն բանակցային գործընթացների անշրջելիությունը և զերծ պահել ռազմական արկածախնդրությունից: Այն է` հետաքննության մեխանիզմներ, դիպուկահարների հետ քաշել, մոնիթորինգի իրականացում և հասցեական գնահատականներ: Համենայնդեպս համախագահողները կփորձեն այս թեզերը դարձնել քննարկման առարկա, թե ինչ կստացվի, չեմ կարող ասել: Բոլոր դեպքերում պետք է ողջունել շփումները:

– Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմաններից, թերս, ոչ մեկն էլ չի կատարվել: Այս դեպքում ճի՞շտ է գնալ հանդիպման, երբ կրակոցները չեն դադարում:

– Ո՞նց կարող ենք պարզել` այդ պայմաններին համաձայնվեցին, թե ոչ: Պետք է այդ պայմաններն Ալիևի ներկայությամբ հնչեցնել, պահանջներ ներկայացնել և սպասել` ինչ կասի ինքը: Երբ Սերժ Սարգսյանն ասում էր` մենք չենք կարող բանակցել առանց այս խնդիրների լուծման, նա նկատի ուներ բանակցությունները ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շուրջ: Իհարկե, այդ բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ այդ երաշխիքները չեն կատարվել, սակայն դրանք ստանալու համար ևս բանակցություններ են պետք:

-Բացի այդ երեք նախապայմաններից, նոր պահանջներ պետք է ներկայացնե՞լ, թե՞ ոչ: Օրինակ, չպե՞տք է բարձրաձայնել Արցախի վերադարձի հարցը բանակցությունների սեղանին: 

-Հիշում եք` նախագահ Սարգսյանը մի անգամ ասել էր` սիրո՞ւմ են ադրբեջանցիները, չե՞ն սիրում, դա կապ չունի, բանակցությունների մի կողմը Ղարաբաղն է, և  ադրբեջանցիներն էսպես, թե էնպես պետք է հաշտվեն: Հիմա թե բանակցությունների որ փուլում նա այդ հարցը կհնչեցնի, որ փուլում նա կդնի, դա արդեն երկրորդական է: Նախևառաջ բանակցությունները պետք է փրկենք արկածախնդրությունից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս