ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը խնդրել է նավթաարդյունաբերողներին ավելացնել արդյունահանումը: Այս հայտարարությունը հաջորդեց նավթի գնի ավելացմանը, որը անցավ 2008 թվականի մաքսիմումը: Նման իրավիճակ ստեղծվել է Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Անցյալում երբեք ԱՄՆ-ն չի դիմել նավթաարդյունաբերողներին արտադրությունը ավելացնելու խնդրանքով: ԱՄՆ-ի էներգետիկայի փոխնախարար Դանիել Պոնեմանը հայտարարել է, որ իրենք ուշադրությամբ եւ անհանգստությամբ հետեւում են Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին: Միեւնույն ժամանակ Պոնեմանը նշել է, որ նավթի պակասորդ համաշխարհային շուկան դեռեւս չի զգում: Այսօր 90 երկրների ներկայացուցիչներ կհավաքվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, որպեսզի քննարկեն իրավիճակը էներգետիկ շուկայում. այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Ամենայն հավանականությամբ կքննարկվի նաեւ իրավիճակը Լիբիայում: Երեկ Լիբիայում փակվեցին նավթավերամշակող գործարաններից շատերը: AFP հաղորդում է, որ երկրում դադարել են աշխատել օտարերկրացիները, մասնավորապես իր նախագծերի սառեցման մասին հայտարարել է իսպանական Repsol ընկերությունը: Լիբիան Եվրոպայի համար նավթի կարեւոր մատակարար է: Այդ երկիրը ՕՊԵԿ-ի անդամ է եւ տարածաշրջանի էներգակիրների լուրջ մատակարար: Լիբիայի բյուջեն մեծապես կախված է նավթի արտահանումից: Այդ երկրում տիրող իրավիճակի պատճառով երեկ մեկ բարել նավթի գինը հասավ 108 ԱՄՆ դոլարի: Փորձագետները նշում են, որ Լիբիայի իրադրության էլ ավելի սրման դեպքում նավթի գները կշարունակեն բարձրանալ:
ՆԱՎԹԸ ԿԹԱՆԿԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ