Նախագահների հանդիպումը հանգեցրեց սահմանային լարվածության. շաբաթվա ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ամփոփել շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Այս շաբաթը սկսվեց տոնակատարություններով:

09.05.2016

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի 24-րդ տարեդարձի առթիվ Արցախի և Հայաստանի իշխանություններն այցելել են  Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին: Հայաստանից միջոցառումներին մանսակցում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանն այցելել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մարտական հենակետեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների կենցաղային պայմաններին, մարտական հերթապահության իրականացման հետ կապված խնդրներին:

Երեւանում եռատոնի հիմնական միջոցառումներն անցկացվել են Հաղթանակի զբոսայգում եւ Եռաբլուրում: Վաղ առավոտից Հաղթանակի այգում էին Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ:  Սերժ Սարգսյանն այնուհետեւ մասնակցել է ամեն տարի ավանդաբար մատուցվող զինվորական ճաշին, զրուցել հավաքված վետերանների հետ:

Խառը մենամարտերի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը հենց առաջին ռաունդում հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին: Ալբերտը հաղթանակից հետո բարձրացրել է Արցախի դրոշը եւ  իր նվաճումը նվիրել հայ զինվորներին ու դիրքապահներին:

10.05.2016

Միհրան Պողոսյանը «Պանամյան փաստաթղթերի» հետաքննության շրջանակում բացահայտված միակ հայազգի մեծահարուստը չէ, որ օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ ունի: Հրապարակված տվյալների բազայի համաձայն, Հայաստան բաժնում 37 անուն կա: Պանամյան փաստաթղթերում կան նաեւ քրեական հեղինակություններ, սփյուռքահայեր, շատ են հատկապես Ռուսաստանաբնակները:

Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի քվեարկության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը տպավորիչ ելույթ ունեցավ և անցավ  եզրափակիչ փուլ: Ելութից հետո Իվետան բարձրացրել էր նաեւ Արցախի դրոշը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Ի պատասխան հարցադրումների, Իվետան ասել էր, որ ծնվել է Գերմանիայում, բայց հայ է և միայն խաղաղությունէ ցանկանում աշխարհին և Հայաստանին: Ուզում եմ՝ ամբողջ աշխարհին տարածել, որ ես ուզում եմ խաղաղություն լինի իմ երկրի սահմաններում: Ահա, թե ինչու եմ ներկայացնում այս երգը»,- պատասխանել էր Իվետան: Հավելենք, որ Եվրատեսիլի եզրափակիչ փուլը կանցկացվի այսօր:

11.05.2016

Ռոբերտ Քոչարյանը մայիսի 11-ին մեկնել է Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը եւ ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքներին վերաբերող հարցեր:

«Հրազդան ցեմենտը» ազատվեց 500 մլն դրամի տույժից: Հանրապետականը վերջապես կարողացավ անցկացնել աղմկահարույց օրինագիծը Ազգային ժողովի արտահերթ նիստում: Ընդդիմությունը անընդունելի էր համարում այս նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ գործարանի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի պարտքերը պետք է ոչ թե ներել, այլ նրան պատասխանատվության կանչել հարկեր չվճարելու համար: ԱԺ-ն ընդունել է նաեւ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի համատարած ներդրումը  մեկ տարով հետաձգող օրինագիծը: Ընդդիմությունը կարծում է, որ սա արհեստական հետաձգում է, որն իշխանությունը նախաձեռնել է որպես նախընտրական քարոզչական քայլ:

12.05.2016

Մայիսի 11-ի երեկոյան հակառակորդի կողմից արձակված կրակոցից  մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արմեն Մարտիրոսյանը:

Եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը՝ հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սարգսյան-Ալիև հանդիպումը, ըստ երևույթին, կկայանա մայիսի 16-ին, Վիեննայում: Այսօր ՀՀ նախագահի նստավայրից հաստատեցին, որ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ավստրիա:

Հովիկ Աբրահամյանը  կառավարության նիստից առաջ հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել տնտեսական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:  Մայիսի 14-ից կառավարությունը սկսում է ամենշաբաթյա քննարկումներ՝ ընդդիմադիր պատգամավորների և հասարարակական սեկտորի մասնակցությամբ: Վարչապետը խոստացավ, որ քննարկման արդյունքում ընդունված բոլոր որոշումները կարճ ժամկետում կյանքի կկոչվեն:

Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնյայի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։

13.05.2016

Օրը սկսվեց սպանություններով. Գիշերը ժամը 4-ին Շենգավիթ համայնքում երկու երիտասարդ լոգարանի պատուհանից ներխուժել են  «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տուն՝ թալանի նպատակով: Տանտերերի հետ ծեծկռտուքի հետեւանքով կողոպտիչներից մեկը՝ 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանը մահացել է: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ սպանվածը նախկին ոստիկան էր, երկու շաբաթ առաջ աշխատանքից հեռացվել էր կարգապահական խախտման համար: Նրա հանցակիցը՝  Էդգար Մանուկյանը, հիվանդանոցում է: Հոսպիտալացվել են նաեւ տան երեք անդամները:

Դեպքից մի քանի ժամ անց Աջափնյակ թաղամասում երկու երիտասարդ է սպանվել՝ քույր ու եղբայր: Նախնական տվյալով՝ նրանց սպանել է աղջկա նախկին ամուսինը: Շողիկ Արմենակյանի ընտանիքը դեմ էր Հայկի հետ նրա հարաբերություններին, քանի որ Հայկսը վերջերս էր դուրս եկել կալանավայրից: Առավոտյան ժամը 9-ին նա ներխուժել է Արմենակյանների տուն, խոհանոցի դանակով սպանել է 29-ամյա Շողիկին ու եղբորը՝ 25-ամյա Շավարշին, վնասել նրանց հորը, մայրն այդ պահին աշխատանքի է եղել: Նույն օրվա գիշերը Հայկը հայտնաբերվել է ծառից կախված:

Մայիսի 13-ին, ժամը 14։00 ի սահմանում Հայաստանի տարածքում հայկական զինված ուժերը հետախուզական անօդաչու թռչող սարք են չեզոքացրել: Դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորում: Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում:

Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է արկակոծել ՊԲ մարտական հենակետերը, հատկապես  ինտենսիվ՝ Մարտակերտի և Թալիշի ուղղություններով:

14.05.2016

Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:




Լրահոս