Այսքան տարիների ջարդուփշուրը, զոհերը երեք նախագահի՞ համար էր. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի՝ Եվրասիական միության անդամակցության միանձնյա որոշումը, ինչպես եւ սպասվում էր, դժգոհության մեծ ալիք է երկրում բարձրացրել, “Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ իր հերթին կոչ է անում ոտքի կանգնել եւ փրկել մեր այդքան դժվարությամբ ձեռք բերած անկախությունը: Hayeli .am-ի զրույցը Սասուն Միքայելյանի հետ:
Պարոն Միքայելյան, Սերժ Սարգսյանի դավադիր որոշումը՝ ժողովրդի թիկունքում կայացրած, ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:
Մենք անկախացումից ի վեր մի զենք ունեինք մեր զինանոցում՝ դա մեր ժողովրդավարությունն էր, անկախությունը, բայց ցավոք մենք չկարողացանք գնալ այդ ուղով:Մեր բոլոր նախագահները գնացին ոչ թե ժողովրդավարության ճանապարհով, այլ գործեցին ի փառս իրենց աթոռների: Ամեն ինչ արեցին , որ ժողովրդավարություն քարոզող դրսի ուժերը մեր ձեռքից տանեն մեր անկախությունը: Հայաստանը չունի նավթային եւ գազային ռեսուրսներ եւ մեր միակ զենքը անկախությունն ու ժողովրդավարությունն էր, մենք շարժվում էինք դեպի այդ ճանապարհը, բայց իրենց ձեռքով այս եղածն էլ փոշիացրեցինք: Այս տարիների ընթացքում մենք չկարողացանք մեր ժողովրդին տանել համախմբվածության, գաղափարի ու արժեքների շուրջ միավորման, ավելին՝ վերջին տարիներին արժեքներն անխնա ջնջելու մոլուցքով էին լցվել, այս ամենն արվում էր, որ հանրությունը ոտքի չբարձրանա եւ ինքնուրույն չպայքարի իր ազատ ապրելու իրավունքի համար: Ով էլ ուզում է լինի, ո՞վ իրավունք ունի առանց ժողովրդի կարծիքը հայտնելու նման որոշում ընդունել: Չէ՞ որ անկախության անցած մեր այս ճանապարհին  գրեթե 7000 տղաներ են գլուխը դրել զոհասեղանին, ո՞վ իրավունք ունի միանձնյա որոշում կայացնել՝ գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Մեր ժողովուրդը կարծես հիվանդ է,այդ նույն կառույցները Հայաստանը դարձրել են հիվանդանոց, իրենք էլ դարձել են հիվանդատեսեր՝ երբ ուզեն կգան-կտեսնեն. ընտրությունից ընտրություն գալիս տեսնում, ինչ ուզում անում են ու թողնում հեռանում:
Պարոն Միքայելյան, Սերժ Սարգսյանը դեմ չէ եւ-եւ տարբերակին, բայց ելնելով հենց երկրի անվտանգությունից, նա մշտապես է հայտարարել, որ ընտրության դեպքում առաջնահերթությունը կտա Ռուսաստանին:
Մենք երկրորդ տարբերակ չենք տեսնում, բոլորն են ասում՝ եթե Ռուսաստանը չլինի, մենք կկորենք: Այո, եթե մենք որպես պետություն չկարողացանք այս տարիների ընթացքում կայանալ, կախվածության մեջ պետք է մնանք թե Ռուսաստանից, թե Եվրոպայից: Մենք հիմա ստիպված ենք ազգովի շարժվել որոշ մարդկանց ցանկությամբ, որպեսզի նրանք իրենց աթոռը չկորցնեն:
Պարոն Միքայելյան, վերջին տարիներին մենք պարծենում էինք, որ քաղհասարակությունը այստեղ կայացել է, հիմա չեք կարծո՞ւմ, որ գործելու ժամանակը հենց մերն է եւ պետք է պայքարել՝ կանխելու համար այդ գործընթացը:
Հետ բերելու բան այլեւս չի մնացել, միակ ելքը իշխանափոխությունն է: Մեր երկրում ոչ մի լեգիտիմ բան չի եղել, դրա համար էլ այս օրն ենք ընկել:
Մեր ձեւական ընդդիմադիրները խաղացին-խաղացին, կրակի տակ փայտ դնելով բերեցին իրավիճակը հանգեցրեցին այս ամենին, որ մենք այսօր ինքնուրույն ոչ մի հարց չենք կարող լուծել, վաղը կտան գլխներիս ու կասեն՝ դու այսպես պիտի անես, այնպես պիտի անես: Ռուսները հանուն իրենց ու Արեւմուտքի ընդհանուր շահերի գլուխներս շոյեցին, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել տվեցին, հիմա էլ սա են անում:
Պատմության անիվը մեկ մարդով շրջվե՞ց, վերջ, կարծում եք ելք չկա՞:
Ռուսները լավ խոսք ունեն՝ “Հույսը վերջինն է մեռնում”…Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, իմ ճակատագրի հետ ո՞վ կարող է խաղալ, իմ գաղափարներն ո՞վ իրավունք ունի փոխել՝ ասի այսպես պետք է չմտածես:
Եվրասիական Միությանն անդամակցելու որոշումից հետո հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրաման է արձակել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար հանձնաժողով ձեւավորել:
Գիտեք, սրանից հետո ամեն փոփոխություն էլ հանուն իշխանությունը հնարավորինս ձգելու շահերի կլինի, մի փոփոխություն էլ կանեն, որ ռուբլու գոտի մտնենք, կամաց-կամաց մեր անկախության գաղափարը … Չգիտեմ, ուղղակի բառեր չեմ գտնում: Չգիտեմ էլ տղերքն ինչի՞ համար զոհվեցին, այսքան տարիների ջարդուփշուրը երեք նախագահի համա՞ր էր, որ ընդամենը երեք նախագահ ունենայի՞նք. երեքն էլ իրենց մեղքի բաժինն ունեն այսօրվա այս իրավիճակի համար: Երբ ժողովրդին ասում ես՝ պետք է պայքարել, հարցնում են՝ ո՞վ պետք է առաջնորդի: Ժողովրդի մոտ թյուր կարծիք է ձեւավորել, թե ընդամենը երեք մարդ կարող է իրենց առաջնորդել: Կոչ կանեի ժողովրդին ուշքի գալ եւ որքան հնարավոր է՝ շուտ ձերբազատվել այս երեք առաջնորդների մասին ունեցած իրենց պատկերացումներից:  Միշտ ասել եմ՝ երբեք մի վախեցեք նոր առաջնորդ ընտրելիս, քանզի առաջնորդները ծնվել են հենց ձեր պայքարի արդյունքում:
Անի Սահակյան




Լրահոս