Երգիչ Էրիկը մայիսի 14-ին իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ` նկարահանված «Իմ ամենալավ» երգի հիման վրա (հեղինակներ` Ռիչարդ Մադլենյան եւ Սվետլանա Բոսնոյան): Այն, երգչի խոսքով, ավելի վաղ տարածում էր գտել համացանցում եւ սիրվել. «Ինձ շատերն էին խորուրդ տալիս այդ ստեղծագործության հիման վրա նկարահանել նաեւ տեսահոլովակ: Այն պատրաստ էր սրանից ավելի վաղ, սակայն մեր երկրի համար դժվարին ապրիլյան օրերին ոչ աշխատելու սիրտ ունեինք, ոչ էլ աշխատանքի արդյունքը ցույց տալու»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Էրիկը:
Նա նշեց, որ աշխատում է նոր նախագծերի վրա, մասնավորապես` ձայնասկավառակների, որոնցում ընդգրկված երգերի հիման վրա հետագայում կնկարահանվեն տեսահոլովակներ, կկազմակերպվեն համերգներ. «Այս պարագայում երգերն ունենում են մեկ ընդհանուր գիծ եւ տեսակ, իսկ այստեղից-այնտեղից վերցված մեկը մյուսի հետ կապ չունեցող գործերը նման համերգներում տեղ չեն ունենում»,- շեշտեց Էրիկը:
Նրա խոսքով` ինքն այժմ ունի բոլորովին նոր երգեր մատուցելու մտահղացում. «Փորձելու եմ անել այն, ինչի կարիքն ու պահանջը հիմա կա, բայց ոչ ոք դրանով չի զբաղվում»,-ասաց Էրիկը` դեռեւս չցանկանալով բացել փակագծերը:
Առնո Բաբաջանյանի «Твои следы» ստեղծագործությունը կատարած երգիչը չի բացառում, որ առաջիկայում կանդրադառնա այս եւ այլ կոմպոզիտորների գործերին եւ դրանք կմատուցի նորովի:
Բազմաթիվ երգերի հեղինակ Էրիկը «Ժողովուրդ»-ին պատմեց նաեւ, որ ինքն ու Ավետ Բարսեղյանը երգիչ, երգահան Ֆիլիպ Կիրկորովի համար գրել են նոր երգ, որը կոչվում է «Женщина-солнце». «Դա արդեն պատրաստի խոսքերի հիման վրա երաժշտություն գրելու իմ առաջին փորձն էր. տեքստն արդեն պատրաստ էր, երբ Ավետը դիմեց ինձ: Գիտեմ, որ Կիրկորովը պատրաստվում է այդ երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Ի դեպ, ես նույնպես կատարել եմ այդ երգը, այդ թվում` մենահամերգիս ընթացքում, այդ գործն ընդգրկված է իմ ձայնասավառակներից մեկում»,-նշեց Էրիկը:
Նա տեղեկացրեց, որ մտածում է նաեւ փոքրիկ համերգներով հանդես գալու մասին. «Ամիսներ առաջ տեղի ունեցած մենահամերգիցս հետո զգացի, որ հանդիսատեսն ունի նման հանդիպումների կարիք: Այնպես որ կաշխատեմ նաեւ դրանք իրականացնելու ուղղությամբ»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան