ԱԻՆ-Ը ՍԵՓԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշում է կայացվել Ստեփանավանի օդանավակայանի բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Բաժնետոմսերը գտնվում էին ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության հսկողության տակ: Իսկ Ստեփանավանի օդանավակայանը 2006թ.-ից գործունեություն չէր ծավալում ու ներառված էր պետգույքի մասնավորեցման ծրագրում: “Ժողովուրդ”-ն ԱԻ նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե ինչ նպատակի է ծառայելու օդանավակայանը:
-Պարո՛ն Երիցյան, այսուհետ Ստեփանավանի օդանավակայանը գտնվելու է Ձեր գերատեսչության “հովանու” ներքո: Այն ի՞նչ գործունեություն է ծավալելու:
-Այժմ այնտեղ մենք մեր ռուս գործընկերների հետ աշխատանք ենք կատարում, որպեսզի այնտեղ ունենանք մի հատ լավ, սիրուն, հումանիտար կենտրոն, եւ եթե մեր երկրում աղետ լինի, շատ արագ օգնություն ցուցաբերենք: Ի վերջո, մենք մեր սեփական օդանավակայանն ենք ունենալու: ԱԻՆ-ը, կարծում եմ, անհնար է պատկերացնել առանց օդանավակայանի, կլինեն ուղղաթիռներ, ինքնաթիռներ եւ այլն, եւ այլն:
-Իսկ օդանավակայանն ի՞նչ վիճակում է գտնվում:
-Օդանավակայանը լրիվ քանդված վիճակում է:
-Այսինքն՝ նախարարությունը պետք է գրեթե նոր օդանավակայա՞ն կառուցի:
-Այո՛, իհարկե, մենք անպայման այդ աշխատանքները կիրականացնենք: Մենք այդ աշխատանքներում կընդգրկենք միջազգային ու հասարակական կազմակերպություններին, այսինքն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ օդանավակայանն ամբողջությամբ վերականգնենք ու պատրաստվենք բնականոն աշխատանքի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի որակապես լավ օդանավակայան ունենանք:
-Իսկ կոնկրետ որոշվա՞ծ է, թե այն երբ է շահագործվելու:
-Կարծում եմ՝ 2014թ. արդեն կշահագործվի: Մենք անպայման պետք է ունենանք օդանավակայան, որը հենց լինելու է ԱԻՆ-ինը: Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակներ են տեղի ունենում, ասենք՝ անտառային հրդեհներ, եւ հնարավոր չէ առանց ինքնաթիռների շուտ արդյունքների հասնել: Այսինքն՝ այս ամենը նպաստելու է, որ մենք ավելի օպերատիվ կատարենք մեր աշխատանքը նման իրավիճակներում: Մեր աշխատանքները լինելու են շատ արագ ու ավելի թեթեւ: Ասեմ, որ սա իմ երազանքներից մեկն էր:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 607 համար




Լրահոս