Որոշումը կայացվել է Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո. Դավիթ Շահնազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինքնիշխանություն անվտանգության դիմաց. “Համաձայնություն” կենտրոնի ղեկավար, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես բնորոշեց ՀՀ նախագահի հայտարարությունը Մաքսային միությանն անդամագրվելու որոշման մասին:
Ըստ Դավիթ Շահնազարյանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը կայացվել է վերջերս, ինչն արվել է Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո: Նա վստահ է, որ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիք է ներկայացրել Հայաստանին:
“Հիշեցնեմ, որ Ռուսաստանը վերջերս հարձակվողական զենք էր վաճառել Ադրբեջանին, հետո ընդգծել նրանց ռազմավարական հարաբերությունները Ադրբեջանի հետ: Վստահ եմ, որ խոստացել ու սպառնացել են սրել Հայաստանում ներքին իրավիճակը”,- ասաց նա:
Բանախոսի գնահատմամբ՝ Մաքսային միությունը չկայացած, չկայացող և ապագա չունեցող կառույց է. “Ռուսաստանը արգելափակել է ուկրաինական ապրանքների մուտքը, բայց մյուս անդամները՝ Ղազախստանը և Բելառուսը, շարունակում են առանց որևէ արգելքի ընդունել ուկրաինական ապրանքները՝ դա նոնսենս է”:
Միևնույն ժամանակ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Արևմուտքի արձագանքն էլ համարժեք չէր. “Արևմուտքը չփորձեց ձերբազատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարություն դնելու իր սկզբունքից: Չցանկացավ արձանագրել՝ առնվազն հենց հակամարտության համատեքստում, որ այսօրվա Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր քաղաքակրթական մակարդակներ են: Այդ տարբերությունը կարող է ոչնչանալ, եթե Հայաստանը լիարժեքորեն անդամակցի Մաքսային միությանը: Ռուսաստանը, չունենալով քաղաքակրթական որևէ պոտենցիալ, այդ ամենը փորձում է իրականացնել բացառապես ճնշումների միջոցով”:




Լրահոս