ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե օտարերկրյա քաղաքացիների կենսաթոշակի անցնելու հարցերն ինչպե՞ս են կարգավորվում։ Արդյո՞ք նրանք Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն։
Ստելլա Նավասարդյան (65 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է ՀՀ միջացգային պայմանագրերին եւ ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան: Համաձայն 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի` մասնակից պետությունների ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում ըստ ՀՀ-ում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրանց նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:
Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայնագրով նախատեսված է նաեւ, որ ԱՊՀ անդամ, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ-ի պետական մարմինների կողմից մինչեւ 1991 թվականի դեկտեմբերի 1-ը տրված ապահովագրական ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից:
«Ձեր իրավախորհրատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014 թվականի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 6414 մարդ, որոնցից 359-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։