ԵՐԿԿԵՆՑԱՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԼՂՀ  անկախության հռչակման  22-ամյակի առթիվ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում ՀՅԴ  անդամների ելույթները հերթական անգամ ցույց տվեցին, որ «Դաշնակցություն»-ում կարող է փոխվել ամեն ինչ, բացի «կողմ ըլլալով դեմ ենք»  սկզբունքից, որին հետեւելով` այս զառամյալ կուսակցությունը գործել է ամբողջ հարյուր քսան տարի: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ում շուտով Սերժ Սարգսյանը կնշանակի Գերմանիայում ՀՀ դեսպան, հանդես է եկել բոցաշունչ ելույթով` առավելապես ռազմահայրենասիրական «ծիրին մեջ» «Հիմա` այս  խաղաղ ժամանակներում,  մեր պայքարը  ԼՂՀ ճանաչման համար է, զիջելու բան չունենք: Տարիներ շարունակ լուռ էինք մնում, քաղաքական դեմքերը մեկ էլ տեսնես` արտասահմանում խոսում էին  զիջումների մասին, բայց դուք եք վերցրել, որ խոսում եք, հայ ժողովուրդն է որոշելու հետագան: Եթե նորից Ադրբեջանը հանդգնի հարձակվել,  մենք կխլենք Ռուսաստանի ծախածը եւ կգնանք հաղթելու»,-խոսքով Բաքուն արդեն իսկ արյան ծով է դարձրել ապագա  դեսպանը: Նա, ինչպես հասկանում ենք, «կողմ   թեւին» ներկայացուցիչն է հիմա, իսկ ահա «դեմ  թեւին» աննկուն  առաջնորդ Արմեն Ռուստամյանը՝  պահելով հավասարակշռությունը, չի վարանել անարգանքի սյունին գամել իր կուսակից ընկերներին պաշտոններ նվիրող իշխանություններին: «Պարտավոր ենք  ազատվել այս միահեծան  իշխանությունից, եւ ամեն մարդ  իր պետության  հոգածությունը զգա… Ոչ թե ստեղծենք փոքրամասնության պետություն, որը միայն արտոնյալների համար է, իսկ մյուսներին բախտի քմահաճույքին հանձնենք… այս ամենը հնարավոր է եւ այսօրվա հրամայականն է»,-ասել է Ռուստամյանը` այդպես էլ, սակայն, չմանրամասնելով, թե ինչպես է իր կուսակցությունը պատրաստվում պայքարել այդ միահեծան իշխանության դեմ, երբ սիրահոժար կերպով  ընդունում է   իշխանական կերակրատաշտից օգտվելու առաջարկությունը: Ընդ որում, դա նոր չէ, եւ այնպես չէ, որ  «Դաշնակցություն»-ը մինչ այդ եղել է  իրապես ընդդիմադիր եւ միայն հիմա է սկսել Սերժ Սարգսյանի հետ քաղաքական սիրախաղը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ի դեպ, երբեք չի էլ թաքցրել, որ  պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ` քննարկելու  կարեւոր քաղաքական հարցերը: Բացի այդ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ  իրեն  ընդդիմադիր  հռչակած «Դաշնակցության» բազմաթիվ ղեկավար անդամներ  խոշոր բիզնեսներ եւ տարատեսակ կասկածելի ծագումնաբանության օբյեկտներ ունեն, որոնց  գործունեության հետ կապված, սակայն,  նրանք որեւէ խնդիր չեն ունենում  ո՛չ հարկային, ո՛չ էլ պատկան այլ մարմինների հետ: Ավելին, երբ 2011թ. ընդդիմությունը Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ հացադուլ, «Դաշնակցության» ղեկավարին պատկանող սրճարանն առաջիններից մեկը շտապեց կատարել Սերժ Սարգսյանի` սրճարանների զուգարանները փակելու հրահանգը: Այնպես որ հին ընկերները չեն դավաճանում, նրանք  ուղղակի «քցում են», ու կարեւորը` դրանից հեչ  չեն նեղվում:




Լրահոս