ԽՄԵԼՈՒ ՋՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Օշական եւ Ոսկեվազ համայնքներում աղիքային վարակիչ հիվանդների թիվը նվազել է: Հիշեցնենք, որ այս երկու համայնքներում վերջերս գրանցված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի թիվը հասնում էր մոտ 100-ի: Նախնական պատճառը խմելու ջուրն էր: Այս պատճառով էլ սանէպիդկայանից ջրի նմուշառում է կատարվել, եւ ըստ փորձաքննության արդյունքների՝ ջուրը մաքուր է եղել: Սակայն Օշականի համայնքապետ Արամ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դա, միեւնույն է, խմելու ջրից է. «Այս հիվանդությունն ունի գաղտնիության շրջան: Հնարավոր է՝ մարդիկ մի քանի օր առաջ խմած լինեն ջուրն ու վարակվեն, բայց մինչ ախտանիշների ի հայտ գալը ջուրը կարող էր եւ մաքրվել: Այս պահին հիվանդանոցում ոչ մի հիվանդ չկա պառկած: Բոլորն էլ տանն են եւ իրենց լավ են զգում»: Նշենք, որ աղիքային վարակիչ հիվանդության ախտանիշներն են՝ որովայնի ցավերը, ջերմության բարձրացումը, սրտխառնոցը, լուծը, փսխումը:




Լրահոս