«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՔԱՏՈՒՆՆ» ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսության ընթացիկ զարգացումները հուշում են, որ ՀՀ իշխանությունները շրջանառու միջոցներ ներգրավվելու նպատակով փորձում են Հայաստանում գործի գցել միջազգային «կեղտոտ փողերի լվացման» համակարգը:

Այն, որ Հայաստանի տնտեսության անկումը կանգնեցնելու համար լրջագույն ֆինանսական հոսքեր են անհրաժեշտ, այլեւս ակնհայտ իրողություն է, եւ անգամ ՀՀ իշխանություններն են այդ փաստն ընդունում: Հայաստանի պես երկրների պարագայում, երբ պետությունը էներգակիրների` նավթի կամ գազի պաշարներ չունի, ֆինանսական հոսքերի ներգրավման երկու ճանապարհ գոյություն ունի: Առաջին տարբերակը ազատ շուկայական հարաբերություններն են: Այսինքն՝ երկրի տնտեսությունը գրավիչ է լինում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողների համար: Հայաստանի պարագայում այս տարբերակը չի կարող գործել, քանի որ ազատ շուկայական համակարգի խոչընդոտը հենց իշխանություններն են, նույն այն մարդիկ, որոնք կոչված են տնտեսությունը մենաշնորհների ճիրաններից ազատագրել: Այլ կերպ ասած՝ միամտություն է ակնկալել, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ մյուսները, որոնց ընդհանուր կոչում ենք իշխանություններ, կորոշեն իրենք իրենց դեմ պայքարել:
Հայաստանի պես վերից վար կոռումպացված եւ էներգակիրների հանքեր չունեցող երկրներում ֆինանսական միջոցների ներգրավման ամենատարածված տարբերակը միջազգային կեղտոտ փողերի լվացմամբ զբաղվելն է: Այլ կերպ ասած՝ երբ պետությունը դառնում է մի խումբ մարդկանց սեփականություն, նրանք կարող են այն վերածել փողերի «լվացքատան»: Արդյունքում իրենք շեշտակի արագությամբ սկսում են հարստանալ, բայց որ ամենակարեւորն է, այս ճանապարհով ստացվող ֆինանսական հոսքերի՝ թեկուզ եւ փոքր մասը, այնուամենայնիվ, ներդրվում է տնտեսության մեջ: Արդյունքում աճում է ծառայությունների մատուցման ոլորտի եւ առեւտի շրջանառությունը, ինչի հաշվին մարդիկ կարողանում են գումար վաստակել եւ իրենց կենցաղի խնդիրները հոգալ: Կարծում ենք՝ հասկանալի է, որ ազատ տնտեսական հարաբերությունների եւ «կեղտոտ» փողերի լվացման համակարգերի մեկտեղումը բացառվում է: Ազատ տնտեսության համար անհրաժեշտ են օրինականության կողմնակից եւ կոռուպցիայից զերծ կամ առնվազն իրական հակակոռուպցիոն պայքար ծավալող իշխանություններ: Մինչդեռ «փողերի լվացումը» ենթադրում է հանցագործ իշխանավորներ:
Եվ բավական է «լվացքատունը» փակվի, դրա հաշվին ապրող երկրի տնտեսությունը սկսում է փլուզվել: Հայաստանն այս ճանապարհով մեկ անգամ արդեն անցել է. 2001 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իշխանությունները սկսեցին զավթել Երեւանի կենտրոնը: Արդյունքում հազարավոր մարդիկ իրենց տներից դուրս շպրտվեցին եւ զրկվեցին իրենց սեփականությունից: Տեղում սկսվեց, այսպես կոչված, էլիտար շինարարությունը` ներկայիս Հյուսիսային պողոտան իր շրջակայքով: Տարբեր գնահատականների համաձայն՝ քոչարյանական այդ «լվացքատնով» անցել է առնվազն 20 միլիարդ դոլար: 2007-ին արդեն լուրեր տարածվեցին, որ Հայաստանը հայտնվել է փողերի լվացման դեմ պայքարող միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Արդյունքում՝ Հայաստանի բանկային համակարգում մի քանի կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, մասնավորապես, փողերի «լվացման» մեջ կասկածվող մի շարք բանկերի սեփականատերեր փոխվեցին: Մի խոսքով, ՀՀ իշխանությունները ստիպված էին «լվացքատունը» փակել: Ի դեպ, հենց վերը բերված հանգամանքներով էր պայմանավորված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրահայտ սկանդալային հայտարարությունը Երեւանի կենտրոնի շինարարության` տնտեսական «փուչիկ» լինելու մասին: Հիշեցնենք, որ 2008-ի ապրիլին վարչապետ դառնալուց առաջ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԲ նախագահն էր: Այսինքն՝ նա բոլորից լավ գիտեր, թե այդ ինչ փողեր էին այդպես անդադար գալիս Հայաստան եւ ներդրվում շինարարության մեջ, եւ դրանց որ մասն իրականում մնաց մեր երկրում:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց ի վեր Հայաստանի իշխանություններն արդեն երկու տարի է՝ փորձում են վերականգնել հին «բիզնեսը»: Բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ այդ գործն այդքան էլ հեշտ լուծելի չէ: Նախ փողերի լվացման դեմ պայքարը ողջ աշխարհում շատ է խստացվել, եւ մինչ այդ նպատակով ծրագիր է պատրաստվում, դեռ այն կյանքի չկոչված՝ «գործը» փակվում է: Ըստ լուրերի՝ մարզահամերգային համալիրը վաճառելու պատմությունը հենց նման մի ծրագիր է եղել: ՄՀՀ-ի վերապրոֆիլավորման եւ տարածաշրջանային համալիր ստեղծելու անվան տակ նախատեսված է եղել մինչեւ կես միլիարդ դոլար «լվանալ», սակայն ինչ-ինչ պատճառով դա գլուխ չի եկել, եւ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել համալիրի վաճառքի գործարքը չեղյալ ճանաչել: Հաջորդ հերթում «Դվին» հյուրանոցի վերակառուցման պատմությունն է: ՀՀ կառավարության նիստում հրապարակված ներդրումային ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումը «կարժենա» մոտ 120 մլն դոլար: Ըստ մասնագետների՝ նման ծավալի հյուրանոցի կառուցման համար իրականում առավելագույնը մինչեւ 20 մլն դոլար է անհրաժեշտ: Հասկանալի է, չէ, որ «ներդրումային» ծրագիրը միշտ կարող է ընդլայնվել, եւ ՀՀ իշխանությունները հաստատ կհայտարարեն, որ ողջունում են նման «նախաձեռնությունը»: Այսինքն՝ եթե «գործը կպնի», ապա «Դվինը» վերակառուցելով՝ առաջ կգնան: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման ծրագրերով տնտեսությունը չի կարող զարգանալ, քանի որ, ինչպես նշեցինք, «լվացքատները» փակվելու հատկություն ունեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՅՈՒՄՐԻ
Մեր տեղեկություններով՝ վերջին հինգ տարիների համապետական ընտրությունների ժամանակ Գյումրիի ընտրողների քվեարկությունները հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունները սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մի քանի ցուցակով կմասնակցեն: Ինչպես հայտնի է՝ Գյումրիի հաջորդ քաղաքապետն ուղղակի չի ընտրվելու, այլ ընտրվելու է ավագանին, որն էլ իր կազմից քաղաքապետ է ընտրելու: Ըստ լուրերի՝ ՀՀԿ-ն առանձին կներկայացնի իր կուսակցական ցուցակը, որը կգլխավորի մարզի կուսակցական կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Ենթադրվում է, որ վարչական ռեսուրսի օգնությամբ ՀՀԿ-ին կհաջողվի 25-30 % քվե ստանալ: Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընտրություններին կմասնակցի Դաշնակցության հետ եւ մի 30 % քվե էլ նա կտանի: ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ կվերադառնա իր հարազատ ԲՀԿ, որտեղից մեկ տարի առաջ հեռացել էր եւ մոտ 10 % քվեով կզբաղեցնի երրորդ հորիզոնականը: Սա, կրկնում ենք, իշխանությունների ծրագիրն է, իսկ թե ինչ կլինի իրականում, ցույց կտա ժամանակը:

 

 

ԻՆՍՏԻՏՈՒՏԸ՝ ՎՊ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության ազգային ինստիտուտում ստուգումներ են իրականացվում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից պարզեցինք, որ ստուգումներն իրականացվում են ՀՀ վերահսկիչ պալատի կողմից: Այս գործընթացը հետաքրքիր է այնքանով, որ կրթության ազգային ինստիտուտը այն հիմնարկ-ձեռնարկությունն է, որ 2009 թվականին Արմեն Աշոտյանին նվիրել էր թանկարժեք ավտոմեքենա՝ «Volksvagen touareg», որն արժեր 70 հազար դոլար: Կասկածներ կան, որ այս ինստիտուտը փողերի մեծ հոսքեր ունի եւ լուրջ չարաշահումներ է թույլ տալիս: Իսկ վերահսկիչ պալատը ստուգում է այդ լուրերի իսկությունը: Ի դեպ, ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը երթեւեկում է «Toyota camry»-ով, նա հրաժարվել է Աշոտյանի նվեր ստացած «ջիփ»-ից:

 

 

ԳՈՂ, ՍԻՐՏԸ՝ ԴՈՂ
Երեկ մեր թերթում հրապարակված «Երբ մարդկանց սրբությունը փողն ու պաշտոնն է» նյութը լուրջ իրարանցում է առաջացրել Արցախին օգնելու նպատակով գումարներ նվիրաբերած հրազդանցիների շրջանում: Մարդիկ սկսել են ակտիվորեն հետաքրքրվել, թե իրենց հանգանակած գումարները, որոնք Արցախ պետք է ուղարկվեին մարզային իշխանությունների միջոցով, ինչու տեղ չեն հասել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հրապարակումից հետո Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մոտ խուճապային տրամադրություն է սկսվել: Երեկ մի խումբ լրագրողներ փորձել են պարզել, թե ուր են գնացել Արցախի օգնության համար հանգանակված գումարները: Քաղաքապետարանը դեռ փորձում էր ինքնապաշտպանվել:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

«ԹԻԹԵՌ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչեւ 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Այնուհետեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» վերաբերյալ զեկույցով, ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հատուկ նստաշրջանի քննարկումների արդյունքները:

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Սերժ Սարգսյանին երեկ հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաեւն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երկամսյա կալանքի որոշում է կայացրել շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված, analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ: Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Պաշտոնական Մոսկվան ընդգծում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, տվյալ թեման դուրս չի գալիս օրակարգից, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպման անցկացման հնարավորությունը մեկնաբանելով՝ Զախարովան ասել է. «Նման հնարավոր հանդիպում այժմ մշակվում է, անցկացման եւ ճշգրիտ ժամկետի մասին որոշում առայժմ ընդունված չէ: Սակայն հանդիպումը մշակվում է բավական ակտիվորեն: Խոսքը մոտակա շաբաթների մասին է»: Միաժամանակ, ըստ նրա, «ձեւաչափի վերաբերյալ խոսելը դեռ վաղ է»:




Լրահոս