ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլի մի խումբ շահառուներ երեկ հաղորդագրություն են տարածել, որում պնդում են, թե Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող բնակարանաշինարարական ծրագիրը տապալման եզրին է:
Ավելին, շահառուներն իրենց հաղորդագրության մեջ ներկայացրել են փաստեր այն մասին, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նշված ծրագիրն իրականացվում է ժամկետների էական խախտումներով եւ առանց իրավիճակի մասին շահառուների պատշաճ իրազեկման:
Տեղեկացնենք, որ 2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, ինչի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Նշենք, որ ծրագիրն  իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով՝ մինչեւ 2013թ. ապրիլի 30-ը: Սակայն ապրիլի 30-ից 4 ամիս անց՝ 2013թ. սեպտեմբերին, շենքը դեռ շահագործման չի հանձնվել: Շահագործման կրկին երկարաձգված՝ հունիսի 30-ի վերջնաժամկետը, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կայքում 2013թ. հուլիսի 4-ին զետեղված հայտարարության համաձայն, դարձյալ երկարաձգվել է՝ այս անգամ առանց նշելու հստակ նոր ժամկետ:
Օգոստոսի 30-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն իր կայքում տարածել է հայտարարություն, ըստ որի՝ վերջին ամիսների ընթացքում շինաշխատանքներ իրականացնող «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշըն» ՓԲԸ-ի կողմից դրսեւորված անպատասխանատու գործելաոճի արդյունքում շենքի կառուցման շինարարական աշխատանքները մինչ օրս չեն ավարտվել, իսկ շենքում չկատարված աշխատանքները կազմում են ընդհանուր ծավալի 3 տոկոսը: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով ՀԿ-ի կողմից համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարվել է ամբողջությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ ծրագրի շահառուներից շատերը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը: Նշենք, որ այս ընկերությունը «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանից:
Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի շահառու Գայանե Վարդանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շինարարները փաստում են այն մասին, որ 6-7 ամիս գումար չեն ստացել, ինչի արդյունքում էլ շինաշխատանքները սառեցվել են: Շահառուներն առաջարկում են իրենց ներկայությամբ կազմակերպել համատեղ մամուլի ասուլիս` ՀԿ-ի եւ շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչի ընթացքում կբարձրաձայնվեն բոլորի տեսակետները:
ՀԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշված է նաեւ, թե իբր շենքում չկատարված աշխատանքները կազմում են ընդհանուր ծավալի 3 տոկոսը, մինչդեռ շահառուները հակառակն են պնդում. ավարտված են շենքի ընդամենը առաջին 5 հարկերի բնակարանների աշխատանքները, իսկ վերջին հարկերում գրեթե ոչինչ արված չէ:
«Համաձայն կնքված պայմանագրի՝ շահառուն մինչեւ շենքի կառուցման ավարտը պիտի վճարեր բնակարանի արժեքի 85 տոկոսը: Մնացած 15 տոկոսը շահառուն պարտավորվում էր վճարել իր բնակարանը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Բոլոր շահառուներն ըստ ժամանակացույցի վճարել են իրենցից պահանջվող 85 տոկոս գումարները, ավելին, կան շահառուներ, որոնք ՀԿ-ի խնդրանք-պահանջով վճարել են իրենց բնակարանների ողջ գումարը՝ չնայած կառուցապատողը մնացյալ 15 տոկոս գումարն անգամ խնդրել-պահանջելու որեւէ իրավասություն չուներ»,-ներկայացրեց Գ. Վարդանյանը:
Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը շարունակում է հայտարարել, թե ինքը շենքի համար 181 միլիոն դրամ ավել է վճարել. «Բնականաբար, առաջին շահառուն ես եմ: Չորրորդ ամիսն է՝ պարբերաբար խոստանում են, տարբեր ժամկետներ են նախանշում: Հետո էլի չեն կատարում իրենց խոստումները, մենք էլ շարունակում ենք բանակցել: Բայց հույս ունենք, որ մեկուկես ամսվա ընթացքում այն ավարտին կհասցնեն»: Նրա խոսքով՝ այս հարցն ունի լուծման երկու ճանապարհ. առաջին՝ այն, որով հիմա ՀԿ-ն ընթանում է, երկրորդ՝ շինընկերությունը պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Ժողովուրդ»-ը «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի մամուլի բաժնի պատասխանատու Արմինե Ուդումյանից տեղեկացավ, որ «Գլենդել հիլզ»-ը նշված հասցեում իրականացվող շինարարության հետ որեւէ կապ չունի:
Եթե Սերժ Սարգսյանի հովանու ներքո ընդամենը մեկ շենքի կառուցումն է այդքան մեծ դժվարությամբ իրականացվում, ապա կարելի է պատկերացնել, թե նրա` երկրի տնտեսական աճի, գյուղատնտեսության, գիտության եւ այլ բնագավառների զարգացման վերաբերյալ խոստումներն ինչ ճակատագրի կարժանանան: Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ Ս. Սարգսյանի 2008-ի նախընտրական ծրագրում նշված էր, որ յուրաքանչյուր  երիտասարդ ընտանիք արդեն 2013-ին պետք է ունենար առնվազն մեկ բնակարան եւ մեկ ավտոմեքենա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս