«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան: Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում է Երեւանում եւ փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ղարաբաղյան պատերազմի հերոսներից է, ում կյանքը խաղաղ պայմաններում, մեղմ ասած, այդքան էլ չստացվեց: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 2000 թվականին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: 2004-ին՝ չորսուկես տարի Շուշիի բանտում անազատության մեջ մնալուց հետո, Սամվել Բաբայանին ներում շնորհվեց, եւ նա ազատ արձակվեց: Այնուհետեւ տեղափոխվեց Երեւան եւ փորձեց քաղաքական գործունեություն ծավալել: 2005-ին հիմնադրեց «Դաշինք» կուսակցությունը, սակայն այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ: Իսկ 2008-ից հետո Բաբայանը սկսեց լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ: 2010-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաբայանը մեծ պարտքեր է կուտակել եւ որ գրավադրել է իր մերձավորների մեծ մասի բնակարանները, անշարժ գույքը ու չկարողանալով գումարները վերադարձնել՝ Հայաստանից հեռացել է: Դրանից հետո, եթե անգամ մամուլը հիշում էլ էր Բաբայանի մասին, ապա գտնվելու վայրը անհայտ էր:
Քառօրյա պատերազմից հետո Սամվել Բաբայանի մասին կրկին սկսեցին խոսել, այն տեսանկյունից, որ թշնամու համար ահուսարսափ դարձած գործչի վերադարձը հայրենիք, հնարավոր է, որ դրական ազդեցություն ունենա, եւ պե՛տք է, որ նա վերադառնա: Թերեւս, կարելի է ասել, որ այդ քննարկումներն ու պահանջները տեղ են հասել, եւ Բաբայանը որոշել է վերադառնալ Հայաստան: Միայն թե անհայտ է` ինչքան ժամանակով եւ ինչ նպատակով:
Ինչպես հայտնի է՝ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց միանգամից երեք բարձրաստիճան գեներալների՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, որը նաեւ փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Այլ պայմաններում այս պաշտոնների թափուր մնալը գուցե տարակուսանքի տեղիք չտար: Սակայն չհայտարարված պատերազմի պայմաններում ՀՀ ԶՈՒ կարեւորագույն պաշտոնների թափուր մնալը, մեղմ ասած, տարակուսելի է. ինչպե՞ս կարող է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ չունենալ այսօր: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ՀՀ ԶՈՒ ղեկավար պաշտոններում նշանակումներ չկատարելու պատճառները որոնք են: «Իր լիազորությունների շրջանակներում նախագահը կկատարի համապատասխան նշանակումներ»,- պատասխանեց պարոն Հակոբյանը:
Այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեի ծախսերը հոգալու նպատակով ներգրաված միջոցներից 345 միլիոն 500 հազար դոլարը չեն եղել եկամտային գումարներ: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն այս տարվա չորս ամիսներին 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը եւ մոտ 172 մլն դոլարով էլ նվազեցրել է Հայաստանի միջազգային պահուստները: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեի խնդիրները լուծելու համար կառավարությունը մի կողմից նորանոր պարտքեր է վերցրել, մյուս կողմից էլ ծախսել է «նեղ օրերի» համար ետ գցված պահեստային միջոցները: Եթե որեւէ ընտանիք կամ ընկերություն նման վիճակում է հայտնվում՝ առանց եկամուտների ավելացման հստակ հեռանկարի, ապա ակնհայտ է, որ սնանկացումը ոչ միայն սարքերի ետեւում չէ, այլ իրատեսական եւ մոտ ապագա է: Բայց պետությունների սնանկացումից հարյուր-հազարավոր, երբեմն նաեւ միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են կախված լինում:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատավայրում գրեթե չի լինում: Այս հանգամանքով պայմանավորված նրա ենթակաների եւ հրազդանցիների շրջանում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ մարզպետն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նույնիսկ նշում են, թե նրան ինչ պաշտոնի են նշանակելու, ըստ այդ լուրերի՝ Գուլոյանին տեղափոխելու են «Գազպրոմ-Արմենիա»: «Ժողովուրդը»-ը երեկ փորձեց Կոտայքի մարզպետարանից ճշտել Կարապետ Գուլոյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին լուրերը, սակայն մեզ պատասխանեցին, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն եւ հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել: «Գազպրոմ-Արմենիայից» եւս հետաքրքրվեցինք Գուլոյանին իրենց մոտ պաշտոն տալու հնարավորության մասին: Այստեղից էլ հավաստիացրին, որ այդ լուրերը հերյուրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն: Մի խոսքով, մեկ բան ակնհայտ է՝ «ոսկե փեսայի» հետագա ճակատագիրն այդքան էլ միանշանակ չէ:
ՕՖՇՈՐԱՊԱՏՈՒՄ
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը նախօրեին հրապարակեց օֆշորային ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որում, պարզվեց, ներառված են նաեւ Հայաստանի 37 քաղաքացիներ: Նրանցից ամենահայտնին ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանն է, որը, ինչպես գիտենք, օֆշորային սկանդալի արդյունքում ստիպված էր հրաժարականի դիմում գրել: Այդ ցուցակում ընդգրկված մնացած ՀՀ քաղաքացիների անուններն առաջին հայացքից այդքան էլ հայտնի չեն, եւ դժվար է ասել, թե իրականում նրանք ում շահերն են ներկայացնում այդ օֆշորային ընկերություններում: Ընդ որում, դա պարզելը, անգամ մեծ ցանկության դեպքում, կարող է բավականին դժվար լինել, եթե օֆշորային մեքենայությունները գրագետ ձեւով եւ մի քանի ճյուղավորումներով իրականացված լինեն:
Սակայն մեզ մոտ անգամ ակնհայտ փաստերին պատկան մարմինները ուշադրություն չեն դարձնում, ուր մնաց, թե փորձեն խորանալ օֆշորային որոգայթների բացահայտման մեջ: Օրինակ՝ «Հետք» պարբերականի հարցմանը ՀՀ կենտրոնական բանկի տված պատասխանից պարզ է դառնում, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Պանամա փոխանցվել է 7 անգավ ավելի շատ գումար` 1,8 մլն դոլար, քան հակառակ ուղղությամբ՝ 244 հազար դոլար: Այս կասկածահարույց տարբերությունը, սակայն, որեւէ կերպ չի հարուցել ԿԲ-ի ուշադրությունը: Իր այդ անգործությունը ԿԲ-ն պարզաբանել է հետեւյալ կերպ.«Ծավալային առումով դրանց ոչ նշանակալից լինելով պայմանավորված՝ այդ փոխանցումները երբեւէ չեն դարձել վիճակագրական նպատակներով ՀՀ կենտրոնական բանկի ուսումնասիրության առարկա»:
Մինչդեռ հիշեցնենք, որ շատ ավելի փոքր ծավալի «կասկածահարույց» փոխանցումների ժամանակ համապատասխան մարմինները շատ ավելի աչալուրջ վարքագիծ են դրսեւորել, ինչպես, օրինակ, «փողերի լվացման» մեջ կասկածվող Վարդան Օսկանյանի դեպքում:
Այս եւ չի բացառվում` մի շարք այլ դեպքերում, սակայն, համապատասխան ուշադրության բացակայությունը կարող է բացատրվել շատ պարզ հանգամանքով. պարզապես պետք չի եղել ուշադրություն դարձնել մի բանի, որում ներգրավված են, Սերժ Սարգսյանի ասած, «խոշոր ձկները»:
Եթե այդպես չէ, ապա առնվազն տարակուսելի է օֆշորային այս վերջին սկանդալից հետո ՀՀ իրավապահ մարմինների լռությունը /Միհրան Պողոսյանի վերաբերյալ նյութերի հետ կապված քրեական գործում, ի դեպ, հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է Պողոսյանը ներգրավված/: Այս օրերին ձկան նման լուռ են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի անդամները, ՀՀ կառավարությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եւ, վերջապես, հանրային խորհուրդը, որի անդամներն ընդամենն օրեր առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հերթական անգամ բերանները ջուր առած` լսում էին վերջինիս պաթետիկ ելույթը «ուժեղ լինելու եւ միասնականության մասին»: