Աժ երեկվա արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով երկարաձգել` մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ ԱԺ մի շարք պատգամավորների:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
-Պարո՛ն Ասատրյան, ինչու հենց այժմ որոշվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնել:
-Որպեսզի կարողանանք գործող համակարգի ներքո այդ փոփոխությունները կատարել, մեծ ծավալի աշխատանք է անհրաժեշտ: Ես բացարձակապես որեւէ ռիսկ չեմ տեսնում, որովհետեւ մենք այս պահին խոսում ենք օրենսդրական, իրավական փոփոխությունների եւ դրանց համապատասխան տեղեկատվական փոփոխություններ կատարելու մասին:
-Այսօր շատ պատգամավորներ նշեցին, որ այդ հետաձգումը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ 2017 թվականը նախընտրական տարի է: Արդյոք սոցիալական դժգոհությունը մեղմելու նպատակով նախընտրական տարում չեք փորձո՞ւմ խուսափել նման ցավոտ հարցից:
-Համակարգի ներդրումը նախատեսվեց 2014 թվականի հուլիսի 1-ից հետո՝ փուլային, անցումային ձեւով, հանրային ծառայողների համար պարտադիր եւ ոչ պետական հատվածի համար երեք տարի ժամկետ սահմանելով, որպեսզի կարողանանք համակարգի գործողությունը, դրա արդյունավետությունը ներկայացնել ու ներկայանալի դարձնել քաղաքացիներին: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է արվել, ու, վստահաբար, ավելի մեծ թվով քաղաքացիներ տեղյակ են նոր համակարգին, նոր իրողություններին եւ դրա ներքո աշխատանքներին: Մյուս կողմից՝ այդ աշխատանքները չեմ համարում բավարար, դրանք շարունակական բնույթ են կրելու, եւ հիմա էլ նախատեսված է ավելի հանրամատչելի ձեւով տեղեկատվություն մատուցել քաղաքացիներին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
-Պարո՛ն Զուրաբյան, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում կառավարության ներկայացրած փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:
-Մեր վերապահումները այս ռեֆորմի վերաբերյալ մենք ասել ենք: Բերում են նախագիծ, որով հետաձգում են մասնավոր սեկտորի ընդգրկումը մեկ տարով: Բնական է, լավ է, որ վատ բանը հետաձգվում է մեկ տարով, բայց վատ է, որ ընդհանրապես այս գաղափարը շարունակվում է, եւ հավատարիմ են այդ չարաբաստիկ ռեֆորմին: Դրա համար, քանի որ մենք չենք կարող դեմ լինել այդ հետաձգմանը, մյուս կողմից չենք ուզում ստանձնել պատասխանատվությունը իշխանության քայլերի համար, եւ այս իրենց ռեֆորմի համար մենք ձեռնպահ կքվեարկենք: Դեմ քվեարկելը մի քիչ վատ բան կլինի, կստացվի, ոնց որ թեթեւացումը բերում եմ, դու թեթեւացմանը դեմ ես:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան
-Տիկի՛ն Բիշարյան, կուտակային կենսաթոշակների մասին քննարկվող օրենսդրական նախագծին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Փաստորեն բերում են նախագիծ, որով պարտադիր կուտակայինը 2017 թվականից հետաձգում են մինչեւ 2018 թվական: Մենք ուղղակի խոսում ենք այն բովանդակության մասին եւ այն ցուցանիշների, որոնք որ ներկայացրեց նախարարը` 143 հազար 500 մարդուց ընդամենը 220-ն են կամավոր ցանկացել պարտադիր կուտակային վճարել, մենք դրանից ելնելով՝ ասում ենք` ինչպես կարելի է պարտադրանքով առաջնորդվել: Ինչու ենք պարտադրանքով անում, սա ռեֆորմ կոչվել չի կարող, լավ կլինի դադարեցնել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ իրականացնելու հարցը: Այս նախագծի շուրջ որո՞նք են Ձեր վերապահումները:
-Ի սկզբանե մենք հստակ դեմ ենք եղել այս օրենքին: Գտել եւ գտնում ենք, որ հիմա այն իրավիճակը չի, այդ բարեկեցության մակարդակը չկա: Ինչ խոսք, գտնում ենք, որ դա անհրաժեշտ գործիք է, որ պետք է իրացվի, բայց գտնում ենք, որ բացառապես կամավորության սկզբունքով պետք է արվի: Ցավում եմ, որ այդպես չեղավ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին ինչպե՞ս եք քվեարկելու:
-Մենք այս նախագծին կողմ ենք քվեարկելու, որովհետեւ սա արձանագրում է վիճակը, որ մասնավոր հատվածից չներգրավվեն: Բայց եթե լայն առումով ասեմ՝ այս ռեֆորմը դժգույն է, լավ չեն արել:
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ»-Ի ՆԱԽԱԳԻԾԸ ՆՈՐԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Է
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրինագիծը: Նշենք, որ խոսքը շուրջ 510 միլիոն դոլարի տույժերը ներելու մասին է:
Այս նախագիծը ԱԺ-ում արդեն երկրորդ անգամ է քննարկվում. նախորդ անգամ քվորումի բացակայության հետեւանքով քվեարկությունը տապալվել էր, ինչը հարուցել էր Սերժ Սարգսյանի վրդովմունքը: Նա դրանից անմիջապես հետո հանդիպել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ` վերջիններիս հորդորելով այսուհետ նման «բացթողումներ» թույլ չտալ եւ երկրորդ անգամ Աժ-ին ներկայացվելիք նախագիծն արագորեն եւ առանց խոչընդոտների ընդունել:
Նշենք, որ նախագծով ակնկալվում է հնարավորություն ընձեռնել ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում մարել ընկերության պարտքերը եւ ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը իր ելույթի ընթացքում կարեւորեց նախագծի ընդունումը՝ նշելով, որ սա մաքուր տնտեսական նախաձեռնություն է: «Կառավարությունը նպատակ չունի որեւէ մեկին ազատել իր պարտավորություններից, այլ մտադրությունը միայն մեկն է՝ գործարանին հնարավորություն տալ պահպանվել ու աշխատել: Կառավարությունը չէ այս գործարանի բաժնետերը եւ չի կարող որոշումներ կայացնել, բայց այսօր կարող է ընդառաջ գնալ գործարանի սեփականատիրոջ առաջարկին, որ ազատեն հարկային պարտավորությունները ուշացնելու տույժերից, ոչ թե հարկային պարտավորություններից: Եթե ցանկանում եք այս նախաձեռնությունը քաղաքական ուղղության վրա դնել, խնդրեմ, բայց մի՛ ասեք, որ կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է ազատել ենթադրյալ հանցագործին իր պարտավորություններից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Այնուհետեւ նախագծի հետ կապված պատգամավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որեւէ մեկը դեմ չէ աշխատատեղերի ստեղծմանը, սակայն հստակ չէ՝ կա արդյոք իրական գնորդ, ով կերաշխավորի, որ գործարանը վերագործարկվելու է, եւ աշխատատեղեր են ստեղծվելու: «Պետք չէ մեզ բացատրել, թե կառավարությունն իր նախաձեռնությամբ «Հրազդան-ցեմենտին» արտոնություններ չի շնորհում: Կա՞ տվյալ գնորդը, որը ասում է՝ հանեք այդ տույժերը, եւ ես երաշխավորում եմ, որ գործարանը աշխատելու է, եթե կա, ապա դա այլ խոսակցություն է: Պետք չէ գործարանը փաթեթավորել, վրան մի հատ էլ բանտիկ դնել, ապրանքային տեսքի բերել ու սպասել գնորդի»,-իր խոսքը եզրափակեց Զոհրաբյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով էլ սա տնտեսության բարելավման ծրագիր է: Նրա համոզմամբ՝ տույժերից ազատելով՝ իշխանությունը նպատակ ունի նպաստել աշխատատեղերի ստեղծմանը եւ ներդրումների խրախուսմանը:
Նախագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա այսօր:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Այս տարվա առաջին եռամյսակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների ցուցակում «Սեքյուրեթի դրիմ» ընկերությունը զբաղեցրել է ցանկի 104-րդ հորիզոնականը՝ 255 մլն 788 հազար դրամ հարկային վճարումներով: Անցած տարվա առաջին եռամսյակում նույն «Սեքյուրեթի դրիմ»-ը հազար խոշոր հարկատուների ցանկում 126-րդն էր 200 մլն 603 հազար դրամ հարկային վճարումներով: Հիշեցնենք, որ այս ընկերությունը զբաղվում է Հայաստանում արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով: Ուստի, եթե այս ընկերության հարկային վճարումները անցած տարվա համեմատ 55 մլն դրամով ավելացել են, ապա ստացվում էր, որ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, այդ ընկերության եկամուտները եւս աճել են: Մոտավոր նվազագույն հաշվարկներով ստացվում է, որ վարորդներից իրականացվող բռնագանձումներից «Սեքյուրիթի դրիմ» ընկերության եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ ավելացել են շուրջ 250 մլն դրամով: Այս աճը այն եզակիներից է, որի առկայությունը նշանակում է հազարավոր մարդկանց հարստահարում՝ հանուն մեկ-երկու անձանց հարստացման:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂԸ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համարվում է գործարար պատգամավոր: Նա այն պաշտոնյաներից է, որը մոտ յոթ տարի բնապահպանության նախարար լինելու ընթացքում հասցրել է միլիոնավոր դոլարների կարողություն կուտակել, բազմաթիվ հանքավայրերի շահագործման իրավունքներ ձեռք բերել՝ այդ ընթացքում հայտնվելով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կիզակետում: Սակայն Վարդան Այվազյանի հայտարարագրում բերված տվյալներում նրա կարողության մասին նշույլ անգամ չկա: 2015 թվականի հայտարարագրում նա նշել է, որ ունի ընդամենը 12 մլն 900 հազար դրամ եւ 72 հազար դոլար դրամական միջոց, որը եղել է նաեւ 2014 թվականին: Իսկ որ ամենակարեւորն է՝ Այվազյանի եկամուտի միակ աղբյուրը նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարվա կտրվածքով կազմել է 7 մլն 753 հազար դրամ, կամ նույն է, թե ամսական 646 հազար դրամ: Ուշագրավ է նաեւ այն, որ Այվազյանի կինը՝ Մարիամ Գինոսյանը, 2015-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, եւ նրա դրամական միջոցներն էլ ընդամենը 1 մլն դրամ են կազմել:
ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԲՈՒԺԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը պահվելու է բժշկական խիստ հսկողության տակ: Բանն այն է, որ օրերս «Նուբարաշեն» բժշկական կլինիկան ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Հովհաննես Մուրադյանի հոգեկան խնդիրներ ունենալու ախտորոշումը հաստատվել: Ըստ այդմ, որոշվել է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա եւ պահվի խիստ հսկողության պայմաններում: