ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՅՍՏԵՂԻՑ ՀԵՌԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք երկրի ներքաղաքական կյանքի, երիտասարդների ու եթերում հնչող երաժշտության մասին: 
-Քաղաքական գործընթացների մեջ ներգրավված չեմ, բայց եւ անտարբեր չեմ ու տեղյակ եմ` ինչ է կատարվում մեր շուրջը հատկապես վերջին շրջանում: Ինձ ուղղակիորեն հիացրեց, թե ինչպիսի ակտիվություն ու քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերեցին մեր երիտասարդները՝  երթուղայինի թանկացումների հետ կապված: Երիտասարդության առողջ կորիզ ունենք, որն իսկապես կարող է մեր վաղվա քաղաքացին ու երկրի ղեկավարը լինել` կյանքը տանելով առաջ: 
-Հավատո՞ւմ եք այն խոսակցություններին, որ երիտասարդների մեջքին քաղաքական ուժեր էին կանգնած:
-Բոլորովին հակված չեմ այդպես մտածել, դա ինձ քիչ է հետաքրքրում, իսկ այն, ինչ ես տեսա, ինձ պարզապես հիացրեց: Տպավորությունս այնպիսին էր, որ ինքնաբուխ էր այդ ամենը, եւ ես վստահ եմ, որ սա սկիզբ էր, ու եթե դարձյալ նեգատիվ երեւույթներ լինեն, երիտասարդները նորից ոտքի կկանգնեն: Լինելով շատ զգացմունքային անձնավորություն՝ բոլոր երեւույթներին բուռն եմ արձագանքում` լավից ոգեւորվում եմ, բացասականից` ընկճվում ու հիասթափվում:
-Իսկ հավատո՞ւմ եք, որ հասարակությունն ունակ է, իր բողոքի ձայնը հնչեցնելով, մեծ հարցեր լուծել:
-Մի տարօրինակ միտք հայտնեմ, եթե ընդդիմության ներկայացուցիչները ոտքի կանգնեին այդ թանկացումների դեմ, գործընթացներ սկսեին, հազիվ թե արդյունքի հասնեին, բայց տեսե՛ք, երբ երիտասարդները սկսեցին պայքարել, բոլորովին այլ արդյունք ունեցանք: Հիմա նորից հակված եմ մտածելու, որ ընդդիմադիր ուժերը կարծես թե չունեն այն ուժն ու հնարավորությունը, ինչը որ դրսեւորվեց մեր երիտասարդների կողմից: 
Վստահ եմ՝ բազմաթիվ հայրենակիցներ հիացած էին մեր երիտասարդներով, ու եթե անգամ նրանց մոտ կար արտագաղթելու միտում, ցանկություն, շատերը մտածեցին, որ մեր երիտասարդները կանգնած են, հզոր ուժ են, բռունցք են: Ու եթե նախկինում թունելի վերջում լույս չէին տեսնում, հիմա մտածում եմ, որ մեր հայրենակիցներից շատերի մեջ հույս արթնացավ, գուցե շատերին էլ դա հետ կպահի արտագաղթելու ցանկությունից:
-Ձեզ մոտ երբեւէ ցանկություն չի՞ եղել հավաքել ճամպրուկներն ու հեռանալ:
-Իմ դիրքորոշումը բոլորովին այլ է: Ես եղել եմ աշխարհի շուրջ 35 երկրներում եւ ամեն անգամ նույնիսկ լավագույն երկրում ինձ հարց եմ տվել՝ կապրեի՞ այստեղ, եւ պատասխանը միանշանակ բացասական է եղել: Ինչքան էլ ես այստեղ վատ վիճակում լինեմ, ու եղել են այդպիսի պահեր, բայց եւ այնպես իմ մտքով դարձյալ չի անցել արտագաղթել: Ես մարդու այդ տեսակն եմ, չեմ կարող այստեղից հեռանալ, ես այստեղ եմ ինձ լավ զգում, կայուն եմ իմ հողի վրա: 
-Խոսենք նաեւ այսօր եթերում հնչող երաժշտությունից, կարծիք կա, որ ազգայինն ու ռաբիսը խառնվել են իրար, շատերն անգամ չեն տարբերում մեկը մյուսից:
-Իրոք, ճիշտ եք ասում, շատերը կարծում են, որ այսպես կոչված ռաբիսը նույնպես մտնում է ազգային երաժշտության մեջ, բայց դա այդպես չէ: Նախկինում մենք ունեցել ենք քաղաքային ֆոլկլոր կոչվածը, օրինակ` “Ես գնում եմ գինետուն”, “Գիշեր-ցերեկ” եւ նման երգեր, ու դրանք բոլորովին ռաբիս չեն եղել: Այն, ինչ այսօր ներկայացվում է քաղաքային ֆոլկլորի փոխարեն, իրականում բացարձակապես կապ չունի դրա հետ: Պարզապես կան կատարողներ, որ ունեն գումար, ձայնագրություններ են անում, վճարում են հեռուստաընկերություններին ու եթերը ողողում իրենց անորակ երաժշտությամբ: 
Մի առիթով ասուլիսի ժամանակ որոշ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների ասացի` մի՛ հեռարձակեք այդ երաժշտությունը, դա վատ ազդեցություն է ունենում ճաշակի ձեւավորման հարցում, գիտե՞ք՝ ինչ եղավ, այդ ասուլիսը ոչ մի հեռուստաընկերություն չհեռարձակեց, որովհետեւ բոլորը դրա մեջ են հիմա, բացառությամբ 2-3-ի: Նորից եմ կրկնում` թյուր կարծիք է, որ ռաբիսն աշուղական կամ ժողովրդական երգի մեջ է մտնում: 
-Շատ երգահաններ պնդում են, որ 6/8 չափով երգեր են գրել նաեւ Սայաթ-Նովան ու շատ այլ գուսաններ՝ դրանից հետեւություն անելով, որ իրենց գրածը ռաբիս համարել չի կարելի:
-Նույն Կոմիտասի, Սայաթ-Նովայի երգերի մեջ կան 6/8 չափով գրվածներ, բայց դրանք ուղնուծուծով ժողովրդական են ու հիմիկվա 6/8-երի հետ կապ չունեն: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 608 համար




Լրահոս