ՄԱՍՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հյուսիսային պողոտայում միջադեպ է տեղի ունեցել «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակի եւ նորաստեղծ «Հայազն» կուսակցության անդամների միջեւ: Ըստ «Նախախորհրդարանի» հայտարարության, «Հայազնի» յոթ անդամներ պարզապես հարձակվել են «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա եւ նրան ծեծի ենթարկել: Առաջին հայացքից սովորական խուլիգանություն թվացող այս միջադեպն իրականում վերջին տարիներին հետեւողականորեն իրականացվող շատ տխուր եւ վտանգավոր գործընթացի դրսեւորումներից մեկն է: Թվում է, թե այս երկու ուժերի ներկայացուցիչներն էլ պայքարում են երկրում համակարգային փոփոխության համար եւ դեմ են իշխանությանը, սակայն նրանք ծայրահեղ անհանդուրժող են միմյանց նկատմամբ: Երբ երկու տարի առաջ Մաշտոցի պուրակի համար պայքարի դուրս եկան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ կգա մի օր, երբ նրանք էլ կմասնատվեն, կբաժանվեն խմբավորումների եւ դուրս կգան միմյանց դեմ: Սակայն դա շատ արագ տեղի ունեցավ, եւ այսօր արդեն քաղաքացիական ակտիվիստների դաշտը շատ ավելի բզկտված է ու տարբեր ճամբարների բաժանված, քան անգամ քաղաքական դաշտը: Եվ բնականաբար, դա ունենում է իր հետեւանքները, երբ արդեն հենց նույն «Փակ շուկայի» համար պայքարում չկա ոչ Մաշտոցի պուրակի միասնականությունը, ոչ էլ հանրության վստահությունը պայքարող ակտիվիստների հանդեպ: Նույն` մասնատման գործընթացն է հրահրվում եւ իրականացվում գրեթե բոլոր ոլորտներում: Օրինակ` ընդամենը երեք ամիս առաջ պայքարի դուրս ելած ազատամարտիկները, որոնց, թվում էր, միավորում էին միասնական գաղափարներն ու պահանջները, այսօր արդեն բաժանվել են տարբեր խմբերի, ինչի արդյունքում դարձյալ տուժում է այն խնդիրը, որի լուծման համար նրանք սկսել էին իրենց պայքարը: Նույնն է նաեւ մեդիադաշտում, երբ որոշ լրատվական նորաթուխ կայքեր լրագրողական դաշտը պղտորելու առաքելությամբ ծավալում են լրագրողին ոչ հարիր գործունեություն` այդ ընթացքում խախտելով գործընկերային համերաշխության բոլոր կանոնները: Արդյունքում, նորմալ լրատվամիջոցներից շատերը ստիպված ներգրավվում են այդ հակամարտության մեջ, եւ դարձյալ տուժում է որակյալ լրագրությունը: Միով բանիվ` անխտիր բոլոր ոլորտներում մի անտեսանելի ձեռքի (կամ մատի) կողմից իրականացվում է մասնատման քաղաքականություն` բաժանիր, որ տիրես հայտնի սկզբունքով: Անգամ իշխող Հանրապետական կուսակցությունում են առկա տարբեր թեւեր, որոնք իրական քաղաքական գործունեության փոխարեն առավոտից մինչեւ երեկո զբաղված են միմյանց դեմ դավեր նյութելով եւ որոգայթներ լարելով: Իհարկե, բոլորին իրար դեմ հանելով եւ միմյանց հակազդելու հարցում որպես գործիք օգտագործելով՝ այդ անտեսանելի ձեռքը լուծում է իր անվտանգության խնդիրը: Սակայն դրանից տուժում է երկիրը, տուժում է ժողովուրդը, նույն այդ ուժերը եւ, վերջնարդյունքում, նաեւ հենց այդ անտեսանելի ձեռքը, քանի որ չի կարելի կառավարել ավերակների վրա:




Լրահոս