«Մենք երբեք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Վիեննայում կայացած հանդիպման մասին քննարկումները Հայաստանի քաղաքական դաշտում շարունակվում են: Դժգոհություն կա, որ Սերժ Սարգսյանը կոշտ դիրքորոշում չի արտահայտել, հարմարվողական կեցվածք է որդեգրել, բայց տեսակետներ էլ հնչեցին, որ կառուցողական վարքագիծն ու խոսքն ավելի ազդեցիկ է:

Քառօրյա պատերազմից հետո կայացած առաջին հանդիպման մասին ի՞նչ է մտածում ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Մարդ, որ իր ելույթում խոսելով փոխզիջումների մասին, աղմկոտ հայտարարություններ էր արել:

– Հանդիպման ձևաչափը, կազմը և օրակարգը ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպիսի լուրջ սպառնալիք էր հակամարտության գոտում ստեղծել Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը,- ասաց տիկին Նաղդալյանը՝ հավելելով,-հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը և հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը վկայում են այն մասին, որ այն հիմնականում անցել է հայկական կողմի մտահոգությունների հիման վրա կազմված օրակարգով:

Արդբեջանի փորձերը ուժը կորցրած ճանաչել 1994 և 1995թթ. հրադադարի համաձայնագրերը ի չիք դարձան, ավելին միջազգային հանրությունը ի դեմս ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահ երկրների վերահաստատեց իր դիրքորոշումը, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և Ադրբեջանը ուզի, թե չուզի պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ:

Չափազանց կարևոր էին նաև օրակարգի մյուս կետերը, այն է` շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի հնարավորությունների ընդլայնում։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը այսուհետ երկար պետք է ծանրութեթև անի նման ագրեսիայի դիմելուց առաջ:

– Ադրբեջանի վարած ռազմաքաղաքական վարքագծում ի՞նչ փոփոխություն կառաջացնի կայացած հանդիպումը:

– Ադրբեջանի պլանավորած ծրագիրը սկզբից մինչ այս պահը վստահաբար կարելի է համարել տապալված: Ձախողվեցին նրա ծրագրերը ռազմի դաշտում, միջազգային ատյաններում, միջազգային հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու հարցում, բանակցությունները խափանելու հարցում:

Այնուամենայնիվ, մենք երբեք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, միշտ պետք է հիշենք, որ գտնվում են դե ֆակտո պատերազմի մեջ: Դրա ակնհայտ վկայությունն են լարվածությունը սահմանագծին, գրեթե ամեն օր դիվերսիոն գործողությունները և զոհերը: Մենք պետք է միշտ հիշենք նաև, որ բանակցությունների սեղանի շուրջ մեր նախագահը շատ ավելի ուժեղ է, երբ թիկունքին զգում է մեր ժողովրդի աջակցությունը, մեր ժողովրդի համախմբվածությունը:

Զրուցեց Անի Ստեփանյանը




Լրահոս