Նոր մանրամասներ կայքի տնօրենի և պատգամավորի իրար հակասող ցուցմունքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շորթման կասկածանքով երկամսյա կալանքի որոշում կայացրեց analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանի նկատմամբ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը եւ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք են տվել:

9 օր անց փոշմանեց

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենն իր ընտանիքի կամ իր մասին վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այս ամենի արդյունքում կալանավորվեցին կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը: Մեկ շաբաթից ավել ե՛ւ պատգամավորը, ե՛ւ Անի Հովհաննիսյանը հրաժարվում էին ցուցմունք տալ: Ավելին՝ մայիսի 4-ին պատգամավորի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ հայտարարելով.

«Գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, եւ հուսալով, որ նա կարող է երբեւէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, պատգամավորը չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելեւս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք, Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»: Սակայն այս հայտարարությունից 9 օր անց Ուրիխանյանը փոշմանեց եւ մայիսի 13-ին հրապարակավ հայտարարեց, որ պատրաստվում է ցուցմունք տալ ՀՔԾ-ում, քանի ձեռք է բերել բավարար ապացույցներ, որ հիշյալ գործին առնչվում են կոնկրետ բարձրաստիճան պատվիրատուներ եւ հովանավորներ:

Ինչ է ասել Անին

Եվ այսպես՝ հատուկ քննչական ծառայությունում ի՞նչ ցուցմունք է տվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ վերջինս ասել է, որ Տիգրան Ուրիխանյանից շորթում չի եղել: Այլ ինքը եւ պատգամավորը կոնկրետ համագործակցել են՝ ունենալով այդ մասին նախնական պայմանավորվածություն:

Հիշեցնենք, որ պատգամավոր Ուրիխանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե կան պատվիրատուներ, որոնք դրդել են իրենց. «Ուզում եմ հուսալ, որ քննության արդյունքում կբացահայտվեն նրանք, ովքեր դրդել են այդ կանանց: Կարծում եմ՝ կքանդվի լուրջ կծիկ: Կարծում եմ՝ վտանգի սլաքն արդեն ուղղված է իշխանության շրջանակներում ծվարած որոշ մակաբույծների ուղղությամբ, որոնք իրենց հսկողության տակ գտնվող բարոյականությունից զուրկ որոշ կայքերի շրջանակներում փորձում են հանրության մեջ քարոզչություն իրականացնել»: Անդրադառնալով պատգամավորի արած այս հրապարակումներին՝ Անի Հովհաննիսյանն իրավապահներին հայտնել է, որ որեւէ պաշտոնյայի, կամ այսպես ասած՝ պատվիրատուի մասին չգիտի, քանի որ այն, ինչ ասում են, սուտ է:

Ասել է, թե կայքի տնօրենը իրավապահներին վստահեցրել է, որ իրականում որեւէ մեկը չի դրդել իրեն կամ չի պատվիրել, որ Ուրիխանյանի դեմ որեւէ բան հրապարակի, իսկ գումարը, որը վերցրել է նրանից, ընդամենը եղել է համագործակցության շրջանակներում պայմանավորված փոխհատուցում:

Պատգամավորը չի ցանկանում

Իսկ ինչ է հայտնել իշխանության շրջանակներում առկա մակաբույծ պատվիրատուների մասին բավարար ու համոզիչ ապացույցներ ձեռք բերած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ իրավապահներին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Տիգրան Ուրիխանյանը քննիչներին կրկնել է ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդումը այն մասն, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր չհրապարակելու համար պահանջել է 300.000-ական դրամ, որը պետք է յուրաքանչյուր ամսվա 5-ին վճարվի կա՛մ կայքի տնօրենին, կա՛մ նրա օգնականին:

Մեզ հասած տեղեկություններով` Տիգրան Ուրիխանյանը նաեւ քննիչներին բանավոր ներկայացրել է մի քանի կայքերի անուններ, որոնք analitik.am-ի հետ համագործակցել են, կամ այսպես ասած՝ մեկը մյուսի նյութերը «պաս տվել»՝ ղեկավարվելով մի կենտրոնից: Իրավապահներից մեզ փոխանցված լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ պատգամավորը իրավապահներին չի կարողացել ներկայացնել որեւէ հիմնավորում կամ փաստ, որի հիման վրա իրավապահները կարողանան բացահայտել, թե ով է Անի Հովհաննիսյանին պատվեր տվել: Նա տվել է մի քանի փաստերի համադրություն եւ եզրակացրել, որ X կամ Y կայքերը գտնվում են Z գերատեսչության կամ անձի հովանավորության տակ եւ թիրախավորված գործունեություն են ծավալում: Բայց եթե նա այդ կայքերից յուրաքանչյուրի դեմ տա այնպիսի հաղորդում, ինչպիսին եղավ analitik.am-ի պարագայում, բոլորին էլ կկալանավորեն:

Առերեսում կլինի

Եվ այսպես՝ արդեն փաստ է, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ցուցմունքները տվեցին, եւ իրավական հաջորդ քայլը, որ պետք է տեղի ունենա, պատգամավորի եւ կայքի տնօրենի առերեսումն է: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ պատգամավորը բանավոր հայտնել է, որ չի ցանկանում առերեսվել Անի Հովհաննիսյանի հետ, սակայն առերեսումն անխուսափելի կլինի:

Ու մինչ ՀՔԾ-ում պատրաստվում են պատգամավորի եւ կայքի տնօրենի առերեսմանը, տեղեկացնենք, որ Անի Հովհաննիսյանը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի՝ իրեն երկամսյա կալանքի տակ են պահում, սակայն ՀՀ վերաքննիչը մերժեց Անի Հովհաննիսյանի բողոքը, ինչը նշանակում է, որ նա կշարունակի մնալ կալանքի տակ:

Քնար Մանուկյան




Լրահոս