ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ ՉԵ՞Ն ՀԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում երեկ եւս մեկով ավելացավ քաղբանտարկյալների թիվը: Ընդ որում, այս անգամ քաղբանտարկյալի կարգավիճակում է շախմատիստ` Դմիտրի Հարությունյանը:
Բանն այն է, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնության անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանք: Դ. Հարությունյանը մեղադրվում է Կոմիտաս 5 հասցեի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ինչպես երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը, այս գործը հարուցվել է ընդամենը 3 ոստիկանի ցուցմունքի վրա` իբր ոստիկաններից Արման Հակոբյանին հարվածելու համար: «Ոստիկանի դեմքին որեւէ բիծ, որեւէ կապտուկ չկար, որ վկայեր, որ նրան ինչ-որ մեկը ինչ-որ տեղ հարվածել է»,- տեղեկացրեց Լ. Սահակյանը, ով մասնակցել է այդ ոստիկանի եւ Դ. Հարությունյանի առերեսմանը: «Առերեսումը կատարվել է օրենքի կոպիտ խախտումներով, պաշտպանի հարցերը քննիչը հիմնականում հանել է առանց պատճառաբանություն»,- ասաց փաստաբանը: Ի դեպ, Դ. Հարությունյանը հենց սկզբից հրաժարվել է այդ գործով ցուցմունք տալ:
Լ. Սահակյանի խոսքերով, Դ. Հարությունյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը նույնքան ապօրինի էր, որքան որ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հայաստանցի մի խումբ շախմատիստներ դատարանից խնդրել են Դմիտրիի նկատմամբ կալանքը չընտրել որպես խափանման միջոց: Ընդ որում, ինչպես տեղեկացանք փաստաբանից, այդ հայտարարության տակ ստորագրել են հայտնի գրոսմայստերներ, ինչպես, օրինակ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, աշխարհի թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Հրայր Սիմոնյանը, Տիգրան Քոթանջյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրեասյանը, Արթուր Չիբուխչյանը, նաեւ Դավիթ Քալաշյանը, Աղասի Ինանցը եւ այլք: Մի շարք շախմատիստներ էլ պատրաստվում են միանալ այդ ստորագրահավաքին: Սակայն իշխանությունները, որոնք սովորաբար հպարտանում են հայ շախմատիստների հաջողություններով, գովեստի խոսքեր շռայլում նրանց հասցեին եւ այլն, արհամարհեցին նրանց խնդրագիր-երաշխավորագիրը: Սերժ Սարգսյանի թիմը բավարարվում է միայն շախմատի դպրոցներ կառուցելով եւ ընտրությունից ընտրություն շախմատիստներով հպարտանալով:
Երեկ Լուսինե Սահակյանից տեղեկացանք, որ իրենք Վերաքննիչ դատարանում բողոքարկելու են կալանավորման մասին որոշումը: Տեսնես` հայաստանցի անվանի շախմատիստների խնդրանքն այնտեղ կանցնի՞, թե՞ իշխանությունները կթքեն նաեւ Սերժ Սարգսյանի ղեկավարած շախմատային ֆեդերացիայի վրա:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս