ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԳԻՍՏ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԸՆՏԱՆԻՔ
Այս ամառ երգչուհի Սյուզի Մելիքյանը ծնողների եւ քույրիկի հետ իր արձակուրդն անցկացրել է Կիպրոսում: Տասնօրյա պասիվ հանգստից հետո Սյուզին վերադարձել է ու, ինչպես ինքն է նկատել, պատրաստ է թարմ ուժերով աշխատել: Առաջիկայում երգչուհին կնկարահանի իր նոր` «Քեզ նման փեսա չկա» երգի տեսահոլովակը: Սյուզիի խոսքերով, նրան բազմիցս հրավիրել են հարսանիքների հենց այս երգը կատարելու համար, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, բոլորովին այդ նպատակով չի ձայնագրել այս երգը, ուղղակի շատ էր ցանկանում փեսաներին նվիրված երգ ունենալ, քանի որ այժմ ունի սիրելի անձնավորություն: Ինչ վերաբերում է անձնականին, երգչուհին չի ցանկանում խոսել դրա մասին՝ նշելով, որ հանրությունը կտեղեկանա այդ մասին իր հարսանիքի օրը, նա չի պատրաստվում թաքցնել իր կյանքի այդ կարեւոր իրադարձությունը: Սյուզին խոստովանեց, որ ամուսնությունից հետո ինքը չի ցանկանա ակումբներում երգել, քանի որ ընտանիքին ժամանակ տրամադրելն ավելի կարեւոր է:

ՀԻՇԵՆՔ ՄԵԾԵՐԻՆ
Սեպտեմբերի 3-ին հայտնի գրող, ազգությամբ հայ Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն էր: Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում, այնուհետեւ ծառայել է բանակում, 3 տարի ապրել Տալլինում, աշխատել թերթում ու նորից վերադարձել Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են տարբեր ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: Իսկ ահա 1978թվին Դովլաթովը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Նրա բոլոր ստեղծագործությունները, կարծես, ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերեւակայելով:
Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին՝ Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում: Դովլաթովի բազմաթիվ ստեղծագործություններ բեսթսելլերներ են, եւ նա համարվում է արդի ռուս գրականության մեծերից մեկը:




Լրահոս