«Այժմ մենք շատ ավելի շահեկան դիրքերում ենք, և պետք է պատմական շանսը ճիշտ օգտագործել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը նախօրեին Վիեննայից վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում, հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին:

Երեկ ժողովուրդ-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ` նրա ուշադրությունը հրավիրելով հարցազրուցում հնչած որոշ մտքերի վրա:

-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե կարիք լինի ժողովրդին դիմելու, կդիմի: Ձեր կարծիքով՝ ապրիլյան սրացումներից ի վեր նման անհրաժեշտություն չկա՞ր:

-Ես չեմ կարծում, որ նախագահի խոսքի պակասը եղել է, այսինքն` եղել է այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտ լիներ, որպեսզի նախագահը կոչով դիմի հանրությանը որեւէ խնդրի շուրջ համախմբելու եւ չի դիմել: Այս առումով, եթե անհրաժեշտությունը լինի, կարծում եմ, որ իսկապես նախագահ Սարգսյանը կդիմի:

-Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են` միաժամանակ հայտարարելով, որ մենք ունենք 800 հազար հեկտար անվտանգության գոտի, որից կորցրել ենք 8 հեկտարը: Որքան էլ ասվի, որ դա մեկ հազարերորդն է, այդուհանդերձ, ադրբեջանցիները կարող են ասել, որ ինչ որ արդյունքի հասել են:

-Երբ դու թեկուզ 10, 20 սմ հետ ես գալիս դա կարող է հոգեբանական առավելություն տալ ադրբեջանիցիներին, իրենց վիրավորվածի, պարտվածի հոգեբանությունը որոշակի առումով վերականգնել: Բայց դա կարող է օգտագործվել բացառապես Ադրբեջանում` իրենց ներքին քաղաքականության մեջ, Ալիեւի նավթադոլարների մաքրման գործընթացը արդարացնելու առումով:

Տարբեր ժամանակներում դիրքերը փոխվել են նպատակահարմարությունից ելնելով: Իսկ եթե բերենք եւ մատուցենք, տեսեք՝ պատերազմի արդյունքում ձեռք ենք բերել 8 հարյուր հեկտար, դա այլ կոնտեկստի մեջ, այլ քննարկում է, այլ խնդիր է: Այժմ մենք շատ ավելի շահեկան դիրքերում ենք, եւ պետք է այս իրավիճակը, մթնոլորտը, տրամադրությունը, պատմական շանսը ճիշտ օգտագործել:

-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյանը Երեւանում սրճարաններում նստած մարդկանց խորհուրդ տվեց գնալ եւ վերցնել մեր կորցրած դիրքերը: Որքանո՞վ է պատասխանատու նման հորդորը: Ինչպե՞ս կարող են կամավորներն առանց հրահանգի հարձակում սկսել:

-Այնտեղ պատերազմ, ռազմաճակատ է: Այնտեղ կան լուրջ խնդիրներ, բնականաբար գնալու համար պետք է որոշակի գործընթացներով անցնել` առնվազն զենքին տիրապետել, տեղանքին, կռվել եւ այլն: Նախագահի խոսքն ավելի հեռուն եւ խորն էր: Երբ մարդիկ որեւիցե մի անգամ Արցախում չեն եղել, այդ կռվի վտանգը չգիտեն, չեն ծառայել, կարող են բարձրագոչ հայտարարություններ անել:

Այդ է պատճառը, որ ասում է՝ գնացե՛ք, տեսե՛ք, նոր խոսե՛ք: Խոսքերով հող հետ չեն բերում: Հողը պահելը, հետ բերելը, ամրացնելը զոհեր է պահանջում բոլոր առումներով:

-Սերժ Սարգսյանի ելույթից ի՞նչ տպավորություն ունեք, հարցի լուծումը մո՞տ է, թե՞ ոչ:

-Կարծես թե այն, ինչ որ ուզում էինք այս փուլում, մենք ստացանք: Մենք առաջ քաշեցինք այն երեք պայմանները, որոնց դեպքում կարող ենք նստել եւ խոսել: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր պատկերացումներից, շահերից ելնելով` գնանք նրան, ինչին ձգտում ենք:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս