Ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը դեմ համամասնական ընտրակարգի ընտրված ձևաչափին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պարտավորված են լինելու Հայաստանի 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առաջադրել առնվազն հինգ թեկնածու, որոնցից երկուսը պետք է լինեն կանայք: Ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներից մանդատ կստանան միայն նրանք, որոնց քաղաքական ուժերը կհաղթահարեն ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը` կուսակցությունների դեպքում 5 տոկոս, դաշինքների` 7:

Ընտրատարածքները ձեւավորվելու են մարզ-ընտրատարածք սկզբունքով: Տասը մարզերից միայն Վայոց Ձորն առանձին ընտրատարածք չի կազմի եւ միացված կլինի Սյունիքին: Մնացած չորս ընտրատարածքները ձեւավորվելու են Երեւանում` երկու կամ երեք վարչական շրջանների ամբողջական միավորմամբ:

Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների մեծ մասը դեմ է ԱԺ համամասնական ընտրակարգի այս նոր ձեւաչափին: Մինչդեռ, կնկատենք, որ իշխանությունների կողմից իրենց ընտրակեղծարարներին վերահսկելու եւ խոստացված «քվեները» ստանալու հարցում ԱԺ ընտրությունների համակարգը որեւէ կապ չունի: Ընտրակեղծարարների վերահսկման տարբերակ մշակելը րոպեների հարց է: Իրականում համամասնկան եւ մեծամասնական համակարգերի միջոցով մինչ օրս իշխանությունները լուծել են մանդատների բաշխման խնդիրը եւ այժմ էլ ցանկանում են նույնն անել:

Նախկին համակարգի պայմաններում, իշխանական կուսակցությունների համամասնական մանդատները բաժին էին հասնում իշխանությունների այսպես կոչված քաղաքական դեմքերին, որոնք սովորաբար տեղ էին զբաղեցնում համամասնական ցուցակի միջին հորիզոնականներում: Ցուցակի առաջին քսան տեղերը` մեկ-երկու բացառությամբ, զբաղեցնում էին կառավարության անդամները եւ ընտրություններից հետո նրանք մանդատներից հրաժարվում էին: Օլիգարխ կամ կրիմինալ թեկնածուները տեղ էին զբաղեցնում իշխանությունների համամասնական ցուցակի վերջնամասերում:

Այսպես իշխանությունները լուծել են ներքին «մրցակցության» կամ «ներկուսակցական արդարության» հարցը: Օլիգարխ եւ կրիմինալ թեկնածուները հստակ գիտակցել են, որ պատգամավոր կդառնան, եթե իրենց ընտրատարածքներում «հաղթեն»: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու համար օլիգարխ կամ կրիմինալ թեկնածուները պետք է «հավաքեյին» 15-ից 20 հազար քվե: Սովորաբար իշխանական կուսակցության քվեն կազմել է տվյալ ընտրատարածքի օլիգարխ կամ կրիմինալ թփեկնածուի ստացած ձայների առնվազն կեսը: Նախորդ ընտրություններում վերը բերված մոտեցումը աշխատել է կարելի է ասել անխափան ձեւով եւ հենց դրա շնորհիվ են իշխանությունները տարիներ շարունակ կարողացել 30-ից 40 մանդատ ունենալ համամասնական ընտրակարգով` 30-ից 40 մանդատ էլ մեծամասնականով: Նոր ըտրակարգով եւս մանդատների ներիշխանական «արդար» բաշխման խնդիրը հստակ լուծվում է:

Ընտրատարածքի իշխանական 5 կամ 10 թեկնածուները փաստացի կապացուցեն, թե ով որքան ձայն է «բերել»: Առավել ժրաջանները մանդատ կստանան, անկախ նրանից թե ցուցակի որ հորիզոնականում են, իսկ մյուսները կսպասեն իրենց հերթին:

Պարզ համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունները կազմակերպելու դեպքում իշխանության թեկնածուների մի մասն, օրինակ համամասնական ցուցակի 50-րդ կամ 60-րդ համարից հետո գտնվողները, կարող էին իմիջայլոց «աշխատել», քանի որ կասկածներ կունենային, որ իրենց «պլանը» գերակատարելու դեպքում էլ դժվար թե մանդատ ստանան:

Միամտություն կլինի կարծել, որ պարզ համամասնական ընտրակարգի դեպքում իշխանափոխություն իրականացնելը կհեշտանա: Նախորդ ԱԺ ընտրություններում արմատական ընդդիմությունը համամասնական ընտրակարգով ստացել է 5-ից 7 տոկոս քվե: Պարզ համամասնական ընտրակարգի դեպքում ընդդիմության մանդատների թիվը միգուցե կավելանա, բայց դա շատ քիչ կլինի իշխանափոխություն իրականացնելու համար: Ընտրությունների ելքը որոշվում է տեղամասերում: Եթե ընդդիմությունը կարողնա քվեարկության ընթացքը վերահսկել, ապա արդյունքի կհասնի: Իսկ եթե այդ խնդիրն ընդդիմությունը լուծում է, ապա այլեւս էական չի լինում, թե ինչ ընտրական համակարգ է գործում: Հակառակը պնդողներն առնվազն մոլորության մեջ են գցում Հայաստանի հանրությանը, եթե չասենք, որ դիտավորյալ սուտ են խոսում:

Այնուամենայնիվ, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցություններն ինչու են դեմ համամասնական ընտրակարգի նոր տարբերակին: Բանն այն է, որ այդ մոդելով, ԱԺ ընտրություններից հետո այդ կուսակցությունների ներսում ազդեցության վերաբաշխում կարող է տեղի ունենալ:

Այդ կուսակցությունները միապետական կառավարում ունեն, այսինքն բոլոր որոշումները միանձնյա կայացնում է կուսկացության նախագահը, նա է որոշում, ով պետք է իրենց ցուցակի անցողիկ տեղում լինի, ով` ոչ: Նոր համակարգի դեպքում կարող է այնպես ստացվի, որ Աժ ընտրություններին մասնակից ընդդիմադիր կուսակցության համամաասնական ցուցակի վերջին հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն դառնա ընտրված: Ավելին, նա փաստացի կապացուցի, որ իր կուսակցության ղեկավարներից շատերից ավելի մեծ հեղինակություն ունի:

Այլ կերպ ասած, նոր համակարգով Աժ առաջին ընտրություններն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների ներսում կարող են լուրջ վերադասավորումների հանգեցնել, ինչն էլ կարող է ճակատագրական լինել դրանցից շատերի ղեկավար կազմի կամ ողջ քաղաքական ուժի համար: Այսինքն, համամասնական նոր համակարգին դեմ խոսողներին, իրականում մտահոգում է այն հանգամանքը, որ այդպիսով իրենց «իշխանությունը» կերերա ու առանձին կուսակիցներ մարտահրավեր նետելու հնարավորություն կստանան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս