ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է շինարարության բնագավառում հայտնի իրանական «Kayson» ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Քազիմ Սաջադիի ուղեկցությամբ:
Նախարար Սարգսյանը ողջունելով իրանցի գործարարների այցը Հայաստան՝ փոխհամագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ ներկայացնելով այն կոնկրետ ոլորտները և բնագծերը, որոնք կարող են երկուստեք հետաքրքրություն ներկայացնել:
Այդ համատեքստում նա առանձնացրել է սեյսմակայուն շինարարության ոլորտը՝ կարևորելով նախարարության կողմից իրականացվող դպրոցաշինական, ինչպես նաև՝ վթարային շենքերի ամրացմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի շուրջ համագործակցությունը: Միաժամանակ նա անդրադարձել է նաև ներդրումային ծրագրերին, այս առումով ներկայացնելով իրանցի գործարարներին հետաքրքրող՝ Ֆիրդուսի շուկայի հատվածի վերակառուցման հայեցակարգը:
«Kayson» ընկերության ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Անսարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով 4 տասնյակից ավելի տարիներ շինոլորտում գործունեություն ծավալող իր ղեկավարած ընկերության շուկաները, կարողություններն ու հնարավորությունները՝ հատկապես շեշտելով, որ երկրաշարժակայուն, սեյսմիկ շինարարության բնագավառում իրենց մասնագետները մեծ փորձառություն ունեն և ընդունելի են աշխարհում:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ քաղաքաշինության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններն առկա են, իսկ իրանական «Kayson» ընկերության ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել կարճ ժամանակի ընթացքում գործնական հարաբերությունների արդյունքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի շուրջ արդեն ավելի հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին: