«Թանգարանների գիշերը» հնարավոր է օգնել հայ զինվորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է մայիսի 21¬ին: Այն իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի առաջարկով: Միջոցառման այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները»: Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան: Մայիսի 18¬ին՝ «Թանգարանների միջազգային օրը», ժամը 10:00¬18:00 մասնակից¬ թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար, մայիսի 21¬ին, ժամը 18:00-24:00¬ն, կրկին անվճար:

«Ժողովուրդ»-ը Հայաստանի որոշ թանգարաններից հետաքրքրվեց` ինչպես են իրենք պատրաստվում նշանավորել այդ օրը, ինչի վրա են այս անգամ դնելու շեշտը, ինչ առանձնահատուկ անակնկալներ են սպասվում այցելուներին: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը մեզ հայտնեց, որ իրենց թանգարանում եւ դրա համապատասխան մասնաճյուղերում կազմակերպվելիք միջոցառումների առանցքում կլինի Հայաստանի անկախության 25-ամյակի թեման:Նրա խոսքով` անելու են հնարավորը` այցելուների համար ոչ միայն գեղագիտական, այլեւ կրթական ժամանց ապահովելու ուղղությամբ:
Գրականության եւ արվեստի թանգարանում ակցիան կսկսվի հենց մուտքից: Այցելուներն այնտեղ ոտք դնելուն պես կտեսնեն հանդերձավորված դերասանների` հայկական հեքիաթների կերպարներով. «Մենք նրանց կոչելու ենք «կենդանի արձաններ», որոնք տարբեր հնարքների միջոցով մարդկանց կհրավիրեն մեզ մոտ: Պետք է այնպես անել, որ ոչ մի այցելու չկարողանա անտարբեր անցնել թանգարանի կողքով, հատկապես դպրոցահասակ երեխաները: Նպատակ ունենք նրանց համար հետաքրքիր ժամանց ապահովել»,-ասաց տնօրենը:

Թանգարանում այդ օրը կցուցադրվի ինտերակտիվ ներկայացում, շուտասելուկների մրցույթ, տեղի կունենա ռետրո համերգ: Միջոցառմանը, ինչպես նշեցինք, իրենց մասնակցությունը կունենան նաեւ թանգարանի մասնաճյուղերը, անգամ` անմխիթար վիճակում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը, մարզերի մասնաճյուղերը` Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանը եւ այլն:
Իսկ, ահա, Հովհաննես Թումանյանի թանգարանում (Երեւան) որոշել են միջոցառումը զուսպ նշել: Տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ տեղեկացրեց, որ այն ռեսուրսները, ծախսերը, որոնք նախատեսված էին տոնակատարությունների համար, կուղղվեն այլ նպատակի. «Այդ գումարով մենք կօգնենք ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված մի զինվորի: Բացի այդ` թանգարանի այցելուները եւս կկարողանան տուրք տալ նրան` իրենց ներդրումն ունենալով հատուկ այդ նպատակով տեղադրված գանձանակում: Նրանք կարող են նաեւ ներկա գտնվել գանձանակի բացմանը եւ գումարի հանձնմանը: Գանձանակի մոտ Թումանյանի խոսքերն ենք փակցրել: Նա դեռեւս 1920-ականներին հանդես է եկել նման նախաձեռնությամբ եւ ասել է, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է իր տուրքը տա բանակին, եւ այդ պարագայում կարեւորը գումարի չափը չէ. դա բարոյական հարց է: Մի ցուցադրություն որ քիչ լինի, կամ մի գիրք որ քիչ տպվի, դրանից մենք չենք տուժի, բայց եթե սա չանենք, կաղքատանանք. գուցե զինվորի համար սա շատ քիչ է, բայց նման նախաձեռնությունն առաջին հերթին մեզ է պետք»,-մեկնաբանեց Ն. Թուխիկյանը:

Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ¬ի, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ¬մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս