4 տարվա ջանքերից հետո «Անբան Հուռին» մուլտֆիլմը վերջապես կլինի մեծ էկրանին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մուլտարտ+» ստուդիան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, հունիսի 1-ից երեւանյան կինոթատրոններում հանդիսատեսի դատին կհանձնի Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով նկարահանած համանուն մուլտֆիլմ-մյուզիքլը: «Ժողովուրդ»-ին բեմադրող ռեժիսոր եւ սցենարիստ Արթուր Միքայելյանը տեղեկացրեց, որ մուլտֆիլմի վրա աշխատել են շուրջ չորս տարի: Նախագիծն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ եւ Indiegogo միջազգային հարթակում անցկացված դրամահավաքի միջոցով:

13236205_1121318751258357_156104847_n

Ռեժիսորի խոսքով` մուլտֆիլմը նկարահանվել է դասական անիմացիայի կանոններով. յուրաքանչյուր կադրը նկարվել է ձեռքով: «Մենք ունենք մինչեւ 5 վայրկյան տեւողությամբ տեսարան, որտեղ օգտագործվել է 1200 նկար: Դրանց վրա 2 ամսվա ընթացքում աշխատել է 3 նկարիչ: Եթե ամբողջ աշխարհում նմանատիպ նախագծերը ստեղծվում են 100-200 հոգանոց ստուդիաներում, մենք այս մուլտֆիլմի վրա աշխատել ենք 30 հոգով, եւ մեզնից միայն 10-ն է աշխատել ամենօրյա ռեժիմով: Հուսով ենք` այն, ինչ կտեսնի հանդիսատեսը, կարդարացնի մուլտֆիլմի վրա ծախսած ժամանակն ու մյուս ռեսուրսները»,-նշեց Արթուրը:

13233309_1121318791258353_1896259810_n
Մեր այն հարցին` մուլտֆիլմը ներսի թե դրսի լսարանի համար է, ռեժիսորը պատասխանեց. «Կարծում եմ` երկուսի համար էլ հետաքրքիր եւ հասկանալի կլինի: Այնտեղ օգտագործվել է շուրջ 45 հազար նկար, եւ մենք նպատակ ենք դրել, որ դրանցից յուրաքանչյուրը լինի գեղեցիկ ու հետաքրքիր պատկեր, որը կհաղորդի պոզիտիվ էներգիա: Այն, ինչ ցանկացել ենք ստեղծել, 70 տոկոսով ստացել ենք»:
Իսկ այն հարցին, թե արդյոք մուլտֆիլմ-մյուզիքլի շրջանակում մեզ արդեն հայտնի երգիչ-երգչուհիների, դերասան-դերասանուհիների ձայներ կլսենք, Արթուրը պատասխանեց. «Նախագծում որպես այդպիսին հայտնի անձանց չենք ներգրավել. նման խնդիր մեր առջեւ չենք դրել: Առավելապես շեշտադրել ենք որակյալ վոկալ ունենալու հարցին»:

Անդրադառնալով Հայաստանում անիմացիոն նախագծերով զբաղվելու բարդություններին` ռեժիսորը նկատեց, որ մեզ մոտ, ցավոք, քիչ են անիմատորները, իսկ համապատասխան դպրոց Հայաստանում չկա: Այնինչ՝ Արթուրի համոզմամբ՝ մուլտֆիլմի ստեղծման դեպքում ոչ այնքան կարեւոր է ռեժիսորի, որքան անիմատորի դերը: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում կա նաեւ լուրջ նկարիչների պակաս:
Արթուրը տեղեկացրեց, որ «Անբան Հուռին» մայրաքաղաքից բացի՝ կցուցադրվի մարզերում, արդեն ներկայացվել են նաեւ հայտեր՝ այն փառատոններին ներկայացնելու համար:

Նշենք, որ «Անբան Հուռին» մուլտֆիլմի բեմադրող նկարիչներն են Գայանե Բաբայանը եւ Իգոր Պատրինը, կոմպոզիտորը Գեղայր Խլղաթյանն է։ Հերոսներին հնչունավորել են Էկա Հորստկան, Աստրիդ Էքսուզյանը, Անի Ադիլխանյանը, Նվարդ Հովակիմյանը, Արսեն Գեւորգյանը եւ այլք:
Երգերի խոսքերի եւ երկխոսությունների հեղինակներն են Արթուր Միքայելյանը, Արուսյակ Սիմոնյանը, Հասմիկ Առաքելյանը: Մուլտֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 70-80 հազար դոլար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս