Կուսակցությունները` ընտրատարածքներում առնվազն 5 թեկնածու առաջադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ամեն մի քաղաքական ուժ հանրապետության 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում պետք է առաջադրի առնվազն 5 թեկնածու, որոնցից 2-ը պետք է լինեն կանայք:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀ ԱԺ այն պատգամավորների հետ, որոնք չնայած առանձին կուսակցություն են ներկայացնում, բայց խորհրդարանում խմբակցություն չունեն: Ինչպես են նրանք լուծելու իրենց թեկնածուների խնդիրը:

«Լուսավոր Հայաստան» կուակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան

Պարո՛ն Մարուքյան, ԸՕ քննարկումները ավարտվում են, եւ այլեւս ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը յուրաքանչյուր ընտրատարածքում պետք է առնվազն 5 թեկնածու առաջադրեն, որոնցից 2-ը` կին: Ձեր կուսակցությունը կարո՞ղ է անհրաժեշտ թվով թեկնածուներ առաջադրել:

-Ես առաջարկել եմ, որ տարածքային ցուցակները հանեն, եւ լինի համամասնական ընտրություններ` մարզային քվոտաններով, որպեսզի մարզերից էլ մարդիկ լինեն: Այն փաստարկը, որ մարզերից կարող են չգալ, ու երեւանյան խորհրդարան կլինի, անհիմն է: Այդ առաջարկը մերժվել է, եւ միայն դրա ընդունվելու պարագայում ես կարող էի կողմ քվեարկել. ուրիշ ասելու բան չունեմ: Իմ կարծիքով այս օրենսգիրքը ռեգրես է, հետընթաց, որովհետեւ մեծամասնական 41 տեղերը դարձնում է ավելին:
Մենք ունենք այդ թվով ու դրանից ավելի մարդ: Խնդիրը մարդ ունենալու մեջ չի, խնդիրը տրամաբանության մեջ է: Մենք ասում ենք, որ դա մեծամասնականի տրամաբանությամբ է անցնելու: Եթե դա վատ բան է, ինչու եք դնում: Կին թեկնածուներ էլ ունենք, բոլոր տեղերի համար: Խնդիրը մրցակցությունն է, քանի որ հավասար մրցակցություն չի լինելու, եւ ադմիստրատիվ ռեսուրսը ծավալուն ձեւով կիրառվելու է ընտրակարգում:

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Աժ պատգամավոր Էլինար Վարդանյան

-Տիկի՛ն Վարդանյան, նոր ձեւավորված «Համախմբում» կուսակցությունը պետք է ունենա 65 տարածքային թեկնածու, որոնցից 26-ը՝ կին, ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը ու հատկապես մարզերում:

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է իր բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին: Վստահաբար ասում եմ, որ մինչեւ ընտրություններն այդպիսի քանակով ներկայացուցիչներ ապահովելու հարցում որեւէ խնդիր չենք ունենալու: Բայց կարծում եմ, որ ընտրական օրենսգրքի ամենախոցելի հատվածը դա չէ: Ընտրական օրենսգրքում կան անհամեմատ շատ ավելի սկզբունքային հարցեր, որոնք այդպես էլ որեւէ անդրադարձ չստացան եւ սկզբունքորեն մնացին ոչ ընդունելի:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան

-Պարո՛ն Քոքոբելյան, Դուք ի՞նչ կարծիք ունեք ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթի մասին, ըստ որի՝ ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է յուրաքնչյուր ընտրատարածքում առնվազն 5 թեկնածու ունենան, որոնցից 2-ը՝ կին: Արդյո՞ք բավարար քանակով թեկնածուներ կարող եք ապահովել:

-Ընտրական օրենսգրքի հետ կապված մենք մեր տեսակետը հայտնել ենք: Մենք դեմ ենք ներկայացված այս նախագծին տարբեր պատճառներով: Դրանք ոչ թե տեխնիկական, այլ խիստ բովանդակային հարցեր եմ համարում: Խոսքը չի վերաբերում միայն ընտրությունների վերահսկման մեխանիզմներին, որը այստեղ բացակայում է իմ խորին համոզմամբ: Թափանցիկ, անաչառ ու արդար ընտրություններ անցկացնելու համար ընտրական օրենսգիրքը բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է:

Մենք ստիպված ենք այս խաղի կանոններով առաջնորդվել, որքան էլ դեմ լինենք դրան: Բայց մենք այս պահի դրությամբ արդեն տեղերում մեր այդ խնդիրը լուծել ենք: Այսինքն՝ 13 ընտրատարածքներում մենք կանենք լրջագույն առաջադրումներ, եւ ճիշտ եմ համարում այս դեպքում կանանց մասնակցությունը: Ես գտնում եմ, որ կարելի է այդ շեմը բարձրացնել: Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Նույն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության 40 տոկոսը կանայք են, եւ դա ոչ թե արել ենք արհեստական, այլ դա շատ բնական է: Միշտ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում՝ թող ոչ ոք չփորձի նսեմացնել կամ նշել, որ կանաց մասնակցությունը արհեստական է: Չեմ գտնում, որ մեր հասարակության մեջ կանայք ավելի պասիվ են, քան տղամարդիկ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս