Երևանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները ավելի թանկ գնով են վաճառվել, քան Հայաստանի մյուս քաղաքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ապրիլին մայրաքաղաք Երեւանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները ավելի թանկ գնով են վաճառվել, քան ՀՀ մյուս քաղաքներում: Նշենք, որ ապրանքատեսակների գները հսկայական տարբերություն ունեն:

Օրինակ՝ բրինձը ամենաթանկ գնով վաճառվել է մայրաքաղաք Երեւանում՝ 1 կգ-ն 950 դրամով: Իսկ Եղեգնաձորում այն վաճառվել է 650 դրամով: Կապանում 1 կգ բրինձը վաճառվել է 840 դրամով, իսկ Արտաշատում՝ 790-ով:

Այս տարվա ապրիլին բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ը երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվել է 450 դրամով, իսկ Գյումրիում՝ 310-ով, Էջմիածնում՝ 280-ով, Արտաշատում՝ 380-ով: Պարզվում է, որ մայրաքաղաք Երեւանում առաջին անհրաժեշտության ապրանքները բավականին թանկ գնով են վաճառվել ապրիլին, քան ՀՀ մյուս քաղաքներում:

Մեկ կգ ձավարը Երեւանում վաճառվել է 690 դրամով, Էջմիածնում՝ 410-ով, Գավառում՝ 390-ով, Կապանում՝ 580-ով, Արտաշատում՝ 450-ով: Իսկ, ահա, բարձր տեսակի 1 կգ հացը Երեւանում վաճառվել է 510 դրամով, Իջեւանում՝ 410-ով: Ստացվում է, որ հացը Երեւանում 100 դրամով թանկ է վաճառվել, քան Իջեւանում: Նույն իրավիճակն է լավաշի դեպքում. այն բացի Երեւանից՝ Վանաձորում նույնպես թանկ գնով է վաճառվել: Երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում 1 կգ լավաշը վաճառվել է 760-ով, իսկ Վանաձորում՝ 800-ով, Հրազդանում՝ 610-ով:

Մեկ կգ տավարի միսը Աշտարակում վաճառվել է 2500 դրամով, Գյումրիում՝ 2320-ով, Հրազդանում՝ 2310-ով, Գավառում՝ 2280-ով եւ այլն: Իսկ խոզի 1 կգ-ն Աշտարակում եւ Գավառում վաճառվել է 2810 դրամով: Վանաձորում այն եղել է 2460 դրամ: Նշենք, որ ոչխարի 1 կգ-ն Հրազդանում վաճառվել է 3170 դրամով, Էջմիածնում՝ 3000-ով, իսկ Երեւանում՝ 3020-ով: Ոչխարի մսի 1 կգ-ն ամենացածր գինն ունեցել է Վանաձորում՝ 2320 դրամ: Համաձայնեք, որ տարբերությունը բավականին մեծ է: Օրինակ՝ հավի բդի մեկ կիլոգրամը Երեւանում վաճառվել է 1140 դրամով, իսկ Էջմիածնում՝ 760-ով, այսինքն՝ 360 դրամով թանկ:

Աշտարակում մեկ կգ բաստուրման 9610 դրամով է վաճառվել, իսկ Իջեւանում՝ 7060-ով, այսինքն՝ 2550 դրամով թանկ: Ի դեպ, Եղեգնաձորում այն վաճառվել է 6060 դրամով: Ուշագրավ է նաեւ այն, որ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ը ՀՀ տարբեր քաղաքներում տարբեր գին է ունեցել. մայրաքաղաքում այն վաճառվել է 1790 դրամով, Իջեւանում՝ 2000, Կապանում՝ 2380, Արտաշատում՝ 1710 դրամ:

Կարագի գներում նույնպես հսկայական տարբերություն կա. Երեւանում մեկ կգ կարագը վաճառվել է 3960 դրամով, Վանաձորում՝ 2800-ով, Արտաշատում՝ 2790-ով, Աշտարակում՝ 2670-ով: Ստացվում է, որ մեկ կգ կարագի գինը Երեւանում ավելի քան 1000 դրամով թանկ է, քան մյուս քաղաքներում: Չնայած որ քաղաքների մի մասը Երեւանին են մոտ գտնվում: Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը աչք է փակում ՀՀ քաղաքներում առկա գնային տարբերությունների վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս